ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տնտեսական մրցակցության պաշտպանությանմասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-317-11.10.2019-ՏՀ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջակվող լրացումը, այն է՝ «պետական օժանադակություն տրամադրող մարմին՝ պետական մարմին, ինչպես նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն սույն օրենքի իմաստով », կարծում ենք, որ բավարար որոշակի կերպով չի սահմանում այն սուբյեկտների շրջանակը, որոնք իրավասու են տրամադրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի իմաստով պետական օժանդակություն:Մասնավորապես, Նախագծով ընդլայնվում է պետական օժանդակություն տրամադրելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, որոնց մեջ կարող են ներառվել նաեւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն: Ձեւակերպման վերլուծությունից հասկանալիէ դառնում,որ այդ մարմինների պարտադիր հատկանիշ է հանրային ֆինանսների հաշվին պետական օժանդակություն տրամադրելու լիազորություն ունենալը: Մինչդեռ հանրային ֆինանսերի հասկացության վերաբերյալ բացակայում է որեւէ օրենսդրական կարգավորում:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջակվող փոփոխությունը, այն է՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 161 -րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ «3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված եզրակացությունը չի տրամադրվում այն պետական օժանդակությունների վերաբերյալ , որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացմանը եւ ադապտացմանը , սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետների կամ այլ բացառիկ դեպքերի հետեւանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, սահմանամերձ համայնքների զարգացմանը, մշակութային ժառանգությունների պահպանությանը, գիտության եւ կրթության զարգացմանը , օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը», կարծում ենք, խնդրահարույց է, քանի որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի գործող կարգավորումը վերաբերելի չէ միայն եզրակացության տրամադրմանը, այլ ունի ավելի լայն բովանդակություն. 161 -րդ հոդվածով նախատեսված բոլոր կարգավորումները չեն տարածվում 3-րդ մասով նշված պետական օժանդակությունների վրա: Միեւնույն ժամանակ ընդլայնվում են այն ոլորտները, որոնց ուղղված պետական օժանդակությունների դեպքում չի պահանջվելու Հանձնաժողովի եզրակացությունը, որոնց շարքում է նաեւ գիտության եւ կրթության զարգացման ոլորտը: Կարծում ենք, որ այս ոլորտի ձեւակերպումը հստակ չէ եւ բավականին լայն է, ինչը կարող է հանգեցնել չարաշահումների եւ խախտումների:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «լրացնել» բառերից հետո հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը, իսկ Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «լրացնել» բառից հետո հանել «հետեւյալ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «շարադրել» բառից հետո «հետեւյալ» բառը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

5. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում նախատեսված «16.1-րդ հոդվածի» բառերը փոխարինել «161 -րդ հոդվածի» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում բացակայում է «16.1-րդ» հոդվածը եւ առաջարկվող փոփոխության բովանդակությունը համապատասխանում է նշված օրենքի «161 -րդ» հոդվածի բովանդակությանը:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող դրույթով նախատեսվում է Կառավարության որոշման ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծում անցումային դրույթով սահմանել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201)

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201)

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-317-11.10.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է  « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա ) Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է լրացում կատարել « Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի ՝ տրվում է «պետական օժանդակություն տրամադրող մարմին » հասկացության սահմանումը: Որպես այդպիսիք համարվում են պետական, ինչպես նա եւ բոլոր այն մարմինները կամ կազմակերպությունները կամ պաշտոնատար անձինք, որոնք լիազորված են հանրային ֆինանսների հաշվին տրամադրելու պետական օժանդակություն : Իսկ պետական օժանդակությունը Նախագծով համարվում է պետական օժանդակություն տրամադրող մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին կամ տնտեսվարող սուբյեկտների որոշակի խմբին տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ՝ սուբսիդիա, դրամաշնորհ, օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ, այլ ֆինանսական միջոցներ կամ այլ պայմաններ) : Երկու ձեւակերպումների միջեւ, մեր կարծիքով, առկա է որոշակի հակասություն, քանի որ պետական օժանդակություն տրամադրող մարմին հանդիսանալու պայման է հանդիսանում հ անրային ֆինանսների հաշվին տրամադր վող պետական օժանդակությունը, այն դեպքում ՝ երբ վերջինս սահմանվում է որպես ցանկացած, այդ թվում ՝ նաեւ ֆինանսական միջոցների հաշվին ցուցաբերվող օժանդակություն: Այսինքն, Նախագծով սահմանվող պետական օժանդակությունն ավելի լայն է, քան դրա իրականացման համար լիազորված մարմիններին վերապահվող եւ պետական օժանդակություն հանդիսացող գործունեությունը:

բ) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին » ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ.  « օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաեւ դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ վնասել սպառողների շահերը»: Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է բացառություն, համաձայն որի. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իրականացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Կարգավորող մարմիններ) հետ համագործակցության սկզբունքի հիման վրա: Ելնելով այս մոտեցումից, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրված պետական օժանդակությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ներկայացնում Հանձնաժողով»: Չքննարկելով Կենտրոնական բանկի մասով օրենքով սահմանված նշված բացառության հիմնավորվածությունը (թեկուզ միայն այն պատճառով, որ ֆինանսական ոլորտը կարգավորող մարմինը չի կարող միաժամանակ հանդես գալ որպես մրցակցության պաշտպանություն իրականացնող մարմին, ինչը շատ դեպքերում կարող է հանգեցնել շահերի բախման), ընդամենը կցանկանայինք նշել, որ այս պարագայում կենտրոնական բանկին իր կողմից տրամադրված պետական օժանդակությունների մասին հանձնաժողովին տեղեկատվության չներկայացման իրավունքի վերապահումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, առավել եւս, որ համաձայն Նախագծի հիմնավորման, օրինագծի ընդունման նպատակներից մեկն էլ տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկության ապահովումն է: Բացի այդ, հասկանալի չէ նաեւ այն, թե ինչու՞ նման բացառություն չի նախատեսվում նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԱՐԹՈՒՐԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող` Գ. Կիրակոսյան (Հեռ.՝ 011 513-606)

2 2 .10.201 9 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-317-11.10.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է  « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2.Նախագծի ընդունմամբ, ըստ հեղինակի, կատարելագործվելու է պետական օժանդակության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, ապահովվելու է տրամադրվող պետական օժանդակությունների թափանցիկությունը եւ միջազգային պարտավորությունների կատարումը: Կստեղծվի միասնական տեղեկատվական շտեմարան, որը կներառի տեղեկություններ պետության կողմից տրամադրված եւ տրամադրվող բոլոր պետական օժանդակույունների տվյալների վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

24.10.2019թ.