ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-319-16.10.2019-ԱՍ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը »:

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի համաձայն՝«Սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության եւ (կամ) համայնքի կողմից»: Օրենքի 8-րդ հոդվածը նախատեսում է հիմնական սոցիալական ծառայությունները, որոնց շարքում որպես ծառայության տեսակ ներառված է օրենքով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ եւ այլ դրամական վճարներ նշանակելը եւ վճարելը : Օենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ «Կենսաթոշակները, նպաստները եւ այլ դրամական վճարները նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով»:

Նախագծի կարգավորմամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» վերանգիրը ունեցող օրենքի կարգավորման ոլորտում ներառել չորս հոդված՝ հետեւյալ բովանդակային կարգավորումներով՝ օրենքի կարգավորման առարկան ներառող «Հոդված 1.», պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման աղբյուրի եւկարգի վերաբերյալ կարագավորումներ պարունակող «Հոդված 2.» եւ « Հոդված 3.» եւ օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կարգավորում պարունակող «Հոդված 4.»:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից կարող ենք եզրահանգել, որ Օրենքը նախատեսում է սոցիալական ծառայության տեսակ հանդիսացող՝ դրամական վճարներ նշանակելու եւ վճարելու պայմանների ու կարգի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանելու հնարավորությունը: Հիմք ընդունելով Նախագծում ներառված հոդվածների բովանդակությունը եւ Նախագծի հիմնավորումները՝ կարող ենք եզրակացնել, որ Նախագծի նպատակն է պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին ազատել կոմունալ ծառայությունների դիմաց վճարներից՝ պետական բյուջեի միջոցներից ամբողջությամբ փոխահատուցելով նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները : Այսինքն՝ Նախագծի կարգավորումները վերաբերում են միայն դրամական վճար նշանակելու եւ վճարելու պայմաններին ու կարգին, չնայած որ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները»: Նախագծով օրենքը վերնագրված է հետեւյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին», որը ենթադրում է կարգավորման առավել լայն շրջանակ՝ հաշվի առնելով նաեւ այն, որ սոցիալական աջակցությունը ունի ծառայությունների մեկից ավելի տեսակներ:

Կարծում ենք, որ վերոնշյալ հոդվածները ներառող օրենքը պետք է ստանա իր փաստացի կարգավորած առարկային համապատասխան վերնագիր, ինչպես նաեւ կարգավորման առարկայի հստակ սահմանում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի հոդվածները առաջարկում ենք վերնագրել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը: Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք վերնագրել «Օրենքի կարգավորման առարկան», 4-րդ հոդվածը՝ «Օրենքի ուժի մեջ մտնելը», իսկ 2-րդ եւ 3-րդ հոդվածներին տալ դրանց բովանդակությանը համապատասխան վերնագրեր:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Կառավարության որոշման ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծում անցումային դրույթով սահմանել, թե ինչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

4.Նախագծի վերնագրից եւ ողջ տեքստից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետությունում» բառերը, հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն, որպես կանոն տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, եւ դրա մասին առանձին նշելու անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-319-16.10.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության ցուցաբերելու, ինչպես նաեւ առավել խոցելի խմբերում՝ ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

29.10.2019թ.






ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-319-16.10.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մ ասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է կարգավորել պետական աջակցությամբ ձեւավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը՝ նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Դալլաքյան(հեռ. 011-513-339)

28.10.2019թ.