ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3241 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0), ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3242 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3243 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1.««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ Օրենքի իմաստով առեւտրի հիմնական հասկացությունների շարքում նախատեսված «շրջիկ առեւտրի կետեր» հասկացության սահմանումը նախատեսվում է շարադրել նոր խմբագրությամբ. «շրջիկ առեւտրի կետեր՝ ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված միայն ավտոմոբիլներ եւ/կամ դրանց կցորդներ.»: Նշված դրույթից բխում է, որ, որպես «շրջիկ առեւտրի կետեր», Նախագծով դիտարկվում են միայն համապատասխան կահավորում ունեցող ավտոմոբիլները եւ/կամ դրանց կցորդները: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է «ավտոմոբիլի» հասկացությունը, այն է՝ «ավտոմոբիլ ` ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար նախատեսված մեխանիկական տրանսպորտային միջոց: Այս հասկացությունն իր մեջ ներառում է տրոլեյբուսները, այսինքն` էլեկտրահաղորդիչով միացված ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցները: Հասկացությունն իր մեջ չի ներառում այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական տրակտորները, որոնց օգտագործումը ճանապարհով մարդկանց կամ բեռներ փոխադրելու կամ բեռներ փոխադրելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի քարշակման համար հանդիսանում է լրացուցիչ գործառույթ.»: Այսինքն, ստացվում է, որ «շրջիկ առեւտրի կետերի» շրջանակից դուրս կարող է թողնվել, օրինակ, հեծանիվը (expressio unius est exclusio alterius սկզբունքի համաձայն), որը Օրենքի գործող խմբագրությամբ կարող է համարվել «շրջիկ առեւտրի կետ»: Բացի դրանից Նախագծի մյուս հոդվածներում «շրջիկ առեւտրի կետ» եզրույթին զուգահեռ «կամ» շաղկապի կիրառմամբ օգտագործվում է «տրանսպորտային միջոց» եզրույթը, որը «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «ավտոմոբիլ» հասկացության համեմատ ունի լայն բովանդակություն, այն է՝ «տրանսպորտային միջոց` ճանապարհով մարդ, բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար նախատեսված սարք.»:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծով «շրջիկ առեւտրի կետ» հասկացության բովանդակությունը նեղացնելու նպատակները: Կարծում ենք, որ արդարացված չի լինի առանց իրավաչափ նպատակի օրենքում առկա հասկացությունների բովանդակության նեղացումը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր իրավական դիրքորոշումներում, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004) վճռում նշել է. «... Թեեւ օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է արդյունքում հանգեցնել չափազանց կոշտության, եւ օրենքը պետք է կարողանա համընթաց լինել փոփոխվող հանգամանքներին: Համապատասխանաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձեւակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, եւ որոնց մեկնաբանությունը եւ կիրառումը պրակտիկայի խնդիր է»:

Միաժամանակ նշենք, որ Օրենքի 2-րդ հոդվածը բաժանված չէ «մասեր» կոչվող համարակալված պարբերությունների (հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս), այնինչ Օրենքի մյուս հոդվածները բաժանված են համարակալված «մասերի»: Հետեւաբար, գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությամբ ըստ էության նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել ոչ թե Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ պարբերությունը, այլ 2-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր 5.2-րդ, 5.3-րդ եւ 5.4-րդ հոդվածներ, որոնց բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանցով նախատեսվում է կարգավորել Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայությունների մատուցումը: Այսինքն, նախատեսվող իրավակարգավորումները վերաբերելի չեն Հայաստանի Հանրապետության մյուս համայնքներում իրականացվող շրջիկ առեւտրի կետերին: Այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որեւիցե անդրադարձ չի կատարվում Երեւան համայնքի եւ Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների վարչական տարածքներում կազմակերպվող շրջիկ առեւտրի կետերի միջոցով առեւտրի իրականացման նկատմամբ տարբերակված իրավակարգավորումներ նախատեսելու իրավաչափ նպատակին: Ուստի, նշված մոտեցման չհիմնավորված լինելու պարագայում գտնում ենք, որ իրավաչափ չէ Երեւան համայնքի եւ Հայաստանի Հանրապետության մյուս համայնքների վարչական տարածքում կազմակերպվող շրջիկ առեւտրի կետերի միջոցով առեւտրի իրականացման կարգավորման տարբերակված մոտեցում նախատեսելը: Հետեւաբար՝ առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել վերոնշյալը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված Օրենքում լրացվող նոր 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում են եւ նշանով կահավորվում են …»: Հստակության ապահովման նպատակով՝ առաջարկում ենք «նշանով» բառից առաջ ավելացնել «համապատասխան» բառը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված Օրենքում լրացվող նոր 5.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը իրավունք ունի թույլատրելի վայրում կայանած շրջիկ առեւտրի կետը տեղափոխելու «հատուկ տարածք», եթե շրջիկ առեւտրի կետը չունի Նախագծի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվություն եւ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի պահանջով դրա սեփականատերը կամ փաստացի տրապետողը անհապաղ չի դադարեցնում վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը եւ չի ազատում տարածքը կամ բացակայում է տարածքից: Միաժամանակ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից իրականացվող գործառույթի մասին նշում է կատարված նաեւ նույն 5.3-րդ հոդվածի 3-րդ մասում: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի 171 -րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են համապատասխան աշխատակիցների (այսուհետ` տեսուչներ) միջոցով»: Այսինքն՝ «Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը» վկայակոչված դրույթներով նախատեսված լիազորություններն իրացնելիս Օրենքի 171 -րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նույն տեսուչն է: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը, առաջարկում ենք «Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ» բառերի փոխարեն նախատեսել «տեսուչ» բառը՝ Օրենքին Նախագծի համապատասխանությունն ապահովելու նպատակով:

5. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքում առաջարկվող նոր 5.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «... պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում ...» առեւտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է …»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում՝ նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով…»: Այսինքն, Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված նոր 5.4-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ առաջարկվող ընդհանուր օգտագործման տարածքները պետք է պատկանեն միաժամանակ եւ՛ պետությանը, եւ՛ համայնքին : Սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 130-րդ, 166-րդ, 168-րդ, 169-րդ եւ այլ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ պետությունը եւ համայնքը սեփականության իրավունքի ինքնուրույն սուբյեկտներ են: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 5.4-րդ հոդվածի 1-ին մասում «պետության եւ համայնքային սեփականություն» բառերը փոխարինել «պետության կամ համայնքային սեփականություն» բառերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր 25.3-րդ կետին:

6. Առաջարկում ենք ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի անվանումը հիշատակել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան:

7. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի» բառով, քանի որ համապատասխան լրացումը կատարվում է օրենսգրքում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0) , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3241 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3242 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3243 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբե րյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ս. Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում ամրագրել շրջիկ առեւտրի կետերի եւ շրջածախ առեւտրի իրականացման միջոցով իրականացվող առեւտրի կարգավորումներ, որոնք, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, ներկայումս բացակայում են: Մասնավորապես , առաջարկվում է սահմանել շրջիկ առեւտրի կետերի գործունեության եւ շրջածախ առեւտրի իրականացման համար թույլատրված վայրերը , դրանց իրականացման ժամերը , առեւտրի կետերին ներկայացվող պահանջներն ու պայմանները , դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցները եւ այլն:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1Նախագծի 1-ին հոդվածով տրվում է «շրջիկ առեւտրի կետեր» հասկացության նոր սահմանում, որի համաձայն (ի տարբերություն գործող սահմանման) այս հասկացության տակ հասկացվում են միայն համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոմոբիլները եւ/կամ դրանց կցորդները , այն դեպքում՝ երբ գործող օ ր ենքով որպես այդպիսին հասկացվում են նաեւ ավտոկրպակները, մոտոկրպակները, ավտոսայլակները, մոտոսայլակները, ավտոցիստեռնները եւ նմանատիպ մյուս փոխադրամիջոցները: Փոխարենը, ավելանում է շրջիկ առեւտրի կետերով ծառայությունների մատուցման հնարավորությունը՝ նույնպես բացառապես ավտոմոբիլների (դրանց կցորդների) միջոցով:Այսինքն, շրջիկ առեւտրի մասով (որը հիմնականում փոքր բիզնեսի գործունեության ոլորտն է) այս հասկացության ընդունումն անխուսափելիորեն կհանգեցնի ոչ ավտոմոբիլ հանդիսացող փոխադրամիջոցներով շրջիկ առեւտուր իրականացնող եւ ծառայություններ մատուցող սուբյեկտների գործունեության դադարեցմանը (տես նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 5.2.-րդ հոդվածի 5-րդ մասը ), ինչը ոչ միայն սոցիալական խնդիրներ կառաջացնի, այլեւ բացասաբար կարող է ազդել հանրապետության գործարար միջավայրի վրա:

3.2 Նախագծով առաջարկվող կարգավորումները վերաբերում են բացառապես Երեւան քաղաքում իրականացվող շրջիկ առեւտրին եւ ընդունման դեպքում զգալի (այդ թվում՝ խտրական) տարբերություններ կառաջանան Երեւանում եւ հանրապետության մյուս համայնքներում իրականացվող միեւնույն գործունեության (շրջիկ առեւտրի) իրավական կարգավորումների միջեւ, որի հիմնավորումները բացակայում են: Նշենք նաեւ, որ ի տարբերություն Երեւան քաղաքի, որտեղ համայնքի ավագանին սահմանում է առեւտրի իրականացման կանոնները, մյուս համայնքների ավագանիները եւ համայնքների ղեկավարները նման կանոններ սահմանելու լիազորություն չունեն, ուստի առաջնորդվելու են բացառապես «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումներով, ինչն էլ կհանգեցնի նշված տարբերությունների առաջացմանը :

3.3 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 5.2.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները եւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացմանժամերը սահմանվում են Երեւան համայնքի ավագանու որոշմամբ:», որի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

ա) «վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակների» սահմանումը գործնականում բավականին բարդ եւ ծավալուն փաստաթուղթ ստեղծելու գործընթաց է, ուստի նման դեպքերում սահմանվում են ապրանքների եւ ծառայությունների ոչ թե թույլատրվող, այլ հակառակը՝ արգելվող տեսակները (որոնք շատ ավելի փոքր ցանկ են ենթադրում), բնականաբար, այն ապրանքները եւ ծառայությունները, որոնց իրացումը կամ մատուցումը չի արգելվի, դրանք կհանդիսանան շրջանառության համար թույլատրված ապրանքներ եւ ծառայություններ,

բ) եթե ապրանքների եւ ծառայությունների թույլատրման մասով ինչ-որ տեղ հնարավոր է կարգավորումներ նախատեսել, ապա «շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերի», առավել եւս՝ դրանց «տրամադրման (հատկացման) կարգի» հետ կապված իրավակարգավորումները, կարծում ենք, անհրաժեշտ է հանել, քանի որ դրանք, իրենց բնույթով, հակամրցակցային դրույթներ են եւ ընդունվելու դեպքում կարող են հանգեցնել տնտեսվարողների միջեւ տարածքային սկզբունքով շուկաների բաժանման (նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր 5.4.-րդ հոդվածի 2-րդ մասում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում ): Բացի այդ, առեւտուրը կոչվում է «շրջիկ» հենց միայն նրա համար, որ նման առեւտրի համար որեւէ կոնկրետ վայր չի սահմանվում:

3.4 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 5.3.-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ.

«Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը իրավունք ունի սույն օրենքի 5.2. հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված վայրերում կայանած շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե.

1) շրջիկ առեւտրի կետը չունի սույն օրենքի 5.2.-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվություն եւ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի պահանջով դրա սեփականատերը կամ փաստացի տիրապետողը անհապաղ չի դադարեցնում վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը եւ չի ազատում տարածքը կամ բացակայում է տարածքից.

2) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի պահանջով անհապաղ չի ազատում տարածքը կամ բացակայում է տարածքից:»:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ եթե առաջին դեպքում (նախատեսված թույլտվությունը չունենալը) հասկանալի է թե ինչու է շրջիկ առեւտրի կետը տեղափոխվում հատուկ տարածք, ապա երկրորդ դեպքում բացակայում է շրջիկ առեւտրի կետը հատուկ տարածք տեղափոխելու իրավական հիմքը կամ պատճառը, ինչն էլ ակնհայտ կոռուպցիոն ռիսկ է իրենից ներկայացնում (ստացվում է, որ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը իրավունք է ստանում ցանկացած պահի եւ առանց որեւէ պատճառի շրջիկ առեւտրի կետը տեղափոխել հատուկ տարածք՝ շրջիկ առեւտրի կետի սեփականատիրոջ վրա ծախսային լրացուցիչ եւ անհիմն բեռ դնելով):

3.5 Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր՝ 5.3.-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:», ինչը, ինքնուրույն եւ կամավոր այդ տարածք տեղափոխվելու հնարավորության եւ ցանկության դեպքում տնտեսվարողի համար ավելորդ ծախսեր կառաջացնի: Ուստի, առաջարկում ենք տվյալ նորմը կիրառել միայն այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է ինքնուրույն հատուկ տարածք տեղափոխելուց՝ դրա հնարավորությունն ունենալու պարագայում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

31.10.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-324-23.10.2019-ՏՏԳԲ-011/0) , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3241 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3242 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3243 -23.10.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ս. Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1.Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան օրենքներում ամրագրել շրջիկ առեւտրի կետերի եւ շրջածախ առեւտրի իրականացման միջոցով իրականացվող առեւտրի կարգավորումներ, որոնք, ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի, ներկայումս բացակայում են: Մասնավորապես , առաջարկվում է սահմանել շրջիկ առեւտրի կետերի գործունեության եւ շրջածախ առեւտրի իրականացման համար թույլատրված վայրերը , դրանց իրականացման ժամերը , առեւտրի կետերին ներկայացվող պահանջներն ու պայմանները , դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցները եւ այլն:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան ( հեռ. 011-513-339)

01.11.2019թ.