ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-331-29.10.2019-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3311 -29.10.2019-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3312 -29.10.2019-ԱՍ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3313 -29.10.2019-ԱՍ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3314 -29.10.2019-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսվում է առողջապահական բնագավառի տվյալների բազաներում ներառել պացիենտների անձնական տվյալները, այդ թվում շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդութուններով հիվանդանալու դեպքում՝ պացիենտի հետ շփված անձանց վերաբերյալ անձնական տվյալները : Օրենքի 9-րդ հոդվածը վերաբերում է բժշկական գաղտնիքին եւ դրա մշակմանը ներկայացվող պահանջներին, որը նախատեսում է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցում պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն որոշակի դեպքերում, այդ թվում՝ հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ գրավոր հարցումների հիման վրա եւ նույն օրենքով նախատեսված դեպքերում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնողներին: Օրենքի 10-րդ հոդվածով արդեն նախատեսում են դեպքերը, երբ գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնողները բժշկական փաստաթղթեր հետազոտելու միջոցով կարող են ծանոթանալ բժշկական գաղտնիք համարվող տվյալներին՝ «Գիտնականները եւ գիտական աշխատողներն իրավունք ունեն առողջապահության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու նպատակով բժշկական փաստաթղթեր հետազոտել (մշակել) միայն դրանց միջոցով անձին նույնականացնելու հնարավորությունը բացառող միջոցներ (ծածկաշերտեր կիրառելով կամ բժշկական (այդ թվում եւ էլեկտրոնային) փաստաթղթերում ներառված անձնական տվյալներ չպարունակող հատվածները տրամադրելով կամ որեւէ այլ ձեւով դրանք ապանձնավորելով) կիրառելու դեպքում: (…) Եթե բժշկական (այդ թվում եւ էլեկտրոնային) փաստաթղթերում անձի նույնականացումը բացառող միջոցների կիրառումը թույլ չի տալիս հասնել տվյալ գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացման նպատակներին կամ բժշկական փաստաթղթերում անձի նույնականացումը բացառող միջոցների կիրառումը անհնար է տեխնիկական պատճառներով, ապա անձնական, ներառյալ հատուկ կատեգորիայի տվյալներ պարունակող բժշկական փաստաթղթերի հետազոտման (մշակման) միջոցով գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն կարող է իրականացվել առանց անձի համաձայնության միայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով (…)»:

Հայաստանի Հանրապետութան Սահմանադրության (այսուհետ՝ Սահամանադրություն) 34-րդ հոդվածի համաձայն.

« 1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:

2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ :

(…)

5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով»:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի Համաչափության սկզբունքը վերնագրով 5-րդ հոդվածի համաձայն՝

«1. Տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:

2. Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:

3. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

4. Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով (...)»:

Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «1. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե դա նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ :

2. Առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության մշակողը կարող է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ փոխանցել երրորդ անձանց կամ տվյալներից օգտվելու հնարավորություն տրամադրել, եթե՝

1) տվյալներ մշակողը հանդիսանում է օրենքով կամ վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակող, այդ տեղեկության փոխանցումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով եւ ունի բավարար պաշտպանության մակարդակ .

(…)»

Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ նշել է, որ «(…) Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի :

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ–630, ՍԴՈ–1142) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին եւ գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում (…)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս նկատել է, որ ներպետական օրենքը լինի հասանելի եւ կանխատեսելի իր բնույթով ու բավականաչափ հստակ լինելու իմաստով, որպեսզի անձանց համաչափ ցուցումներ տա՝ կապված հանգամանքների եւ պայմանների հետ, որոնցում իշխանություններն իրավունք ունեն դիմել միջոցների, որոնք կազդեն նրանց՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքների վրա: Ավելին, օրենքը պետք է ապահովի իրավական պաշտպանության աստիճան ընդդեմ իշխանությունների կողմից կամայական միջամտության: Հետեւաբար, օրենքը պետք է մատնանշի (…) ազատության սահմանները, որը տրվում է իրավասու մարմիններին, եւ դա բավարար հստակությամբ կատարելու ձեւը, որպեսզի անձին տրամադրվի պատշաճ պաշտպանություն ընդդեմ կամայական միջամտության (տես` ի թիվս այլ աղբյուրների, Malone v. the United Kingdom, 1984թ. օգոստոսի 2-ի վճիռը, Սերա A, թիվ 82, էջեր 31-33, կետեր 66-68):

Կարծում ենք, որ Օրենքով հիմնավորված եւ համաչափ չէ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդութուններով հիվանդանալու դեպքում՝ պացիենտի հետ շփված անձանց վերաբերյալ անձնական տվյալները հավաքելու հնարավորության նախատեսումը: Քանի որ բավարար որոշակի նախատեսված չէ ո՛չ անձանց շրջանակը , ո՛չ հավաքվող անձնական տվյալների շրջանակը:

Կարծում ենք, որ համանման խնդիր կարող է առաջացնել նաեւ անձնական տվյալները առանց անձի համաձայնության գիտնականներին եւ գիտական աշխատողներին փոխանցելու հնարավորության նախատեսումը, քանի որ «թույլ չի տալիս հասնել տվյալ գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացման նպատակներին » ձեւակերպումը բավարար չափով հստակ եւ որոշակի չէ, եւ անձանց զրկում է կամայական միջամտության դեմ պատշաճ պաշտպանություն ունենալու հնարավորությունից: Բացի այդ «բժշկական փաստաթղթերում անձի նույնականացումը բացառող միջոցների կիրառումը անհնար է տեխնիկական պատճառներով», պայմանի նախատեսումը, կարծում ենք իրավաչափ եւ համաչափ հիմք չէ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի սահմանափակման համար, նույնիսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացնելու դեպքում, ինչը եւս, կարծում ենք, երաշխիք չէ բավարար պաշտպանության մակարդակը ապահովելու համար:

Խնդրահարույց կարող է լինել նաեւ հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին՝ գրավոր հարցումների հիման վրա բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվության փոխանցման կարգավորումը, քանի որ հստակ նշում չկա գործերի՝ վերջիններիս վերաբերելի շրջանակի մասին:

2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետը սահմանում է բժշկական արտադրատեսակների շրջանառության հասկացությունը՝ «փորձանմուշների նախագծում կամ մշակում կամ ստեղծում կամ բժշկական արտադրատեսակների կենսաբանական ազդեցությունը գնահատելու նպատակով տեխնիկական փորձարկումների, հետազոտությունների կատարում կամ կլինիկական փորձարկումների կատարում կամ անվտանգության, որակի եւ արդյունավետության փորձաքննության իրականացում կամ բժշկական արտադրատեսակների պետական գրանցում կամ արտադրություն (պատրաստում) կամ ստանդարտացում կամ կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ Հայաստանի Հանրապետություն բժշկական արտադրատեսակների ներմուծում կամ Հայաստանի Հանրապետությունից բժշկական արտադրատեսակների արտահանում կամ բժշկական արտադրատեսակների պահպանում կամ տրանսպորտային փոխադրում կամ բաշխում կամ բաց թողում կամ իրացում կամ տեղեկատվության կամ գովազդի կամ մոնտաժային կամ կարգավորման աշխատանքների իրականացում կամ կիրառում (շահագործում) կամ որակավորում կամ տեխնիկական սպասարկում կամ վերանորոգում կամ նորացում (վերազինում) կամ պիտանելիության ժամկետի երկարացում (կիրառման հնարավորությամբ) կամ օգտահանում (ուտիլիզացիա)», 40-րդ կետը սահմանում է բժշկական արտադրատեսակների պետական գրանցման հասկացությունը՝ «բժշկական նպատակներով կիրառման համար բժշկական արտադրատեսակի գրանցման ընթացակարգն է, որի արդյունքում տրամադրվում է պետական գրանցման հավաստագիր՝ միասնական ձեւի փաստաթուղթ, որը հաստատում է բժշկական արտադրատեսակի պետական գրանցման փաստը» , իսկ 43-րդ կետը սահմանում է բժշկական կեղծ արտադրատեսակի հասկացությունը՝ «բժշկական արտադրատեսակ, որն ուղեկցվում է իր բնութագրերի եւ/կամ արտադրողի (պատրաստողի) մասին կեղծ տեղեկատվությամբ»:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխութուն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել 280.2-րդ նոր հոդվածով.

«Հոդված 280.2. Ապօրինաբար բժշկական արտադրատեսակ կամ բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը

1. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիայի) բժշկական արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը),

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Բժշկական կեղծ արտադրատեսակ արտադրելը (պատրաստելը) կամ իրացնելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

(…)»:

Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի մարտի 30-ի ՍԴՈ-871 որոշման մեջ նշել է՝ «Հայտնի է, որ քրեական իրավունքում «հանցակազմ» հասկացությունը բնորոշվում է որպես հանրորեն վտանգավոր արարքի` քրեական օրենսգրքով սահմանված հատկանիշների համակցություն: Այսինքն, որպեսզի անձը քրեական պատասխանատվության ենթարկվի, նրա արարքը պետք է որակվի հանրորեն վտանգավոր` որում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ արարքի բոլոր հատկանիշները: (…) Հետեւաբար, հանցագործության յուրաքանչյուր տեսակին համապատասխանում է իր կոնկրետ հանցակազմը, որի հիմնական տարրերն են օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը եւ սուբյեկտիվ կողմը: Այս տարրերից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի, հետեւաբար եւ` հանցագործության բացակայության մասին»:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխութուն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել 280.2-րդ նոր հոդվածով, որը հանցագործություն է համարում առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) բժշկական արտադրատեսակ արտադրելը, մինչդեռ նման գործունեության լիցենզավորման կարգ նախատեսված չէ ո՛չ գործող օրենսդրությամբ, ո՛չ էլ առաջարկվող փոփոխություններով: Կարծում ենք, որ նման հանցակազմի նախատեսումը խնդրահարույց է պատասխանատվություն սահմանող նորմի բավարար չափով որոշակի լինելու տեսանկյունից, քանի որ հասցեատերերը ի վիճակի չեն լինի դրսեւորելու համապատասխան վարքագիծ:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածին, ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրերին եւ 1-ին հոդվածներին :

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «ՀՈԴՎԱԾ» բառը նշել փոքրատառերով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 145-րդ հոդվածին:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին:

4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումները առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 33-րդ կետում եւ Օրենքի մի շարք այլ հոդվածներում սահմանված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը, իր հոլովաձեւերով փոխարինել «Կառավարության» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասի» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

5. Օրենքի մի շարք հոդվածներում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են տարբեր հասկացություններ, մասնավորապես՝

• Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով բժշկական օգնության եւ սպասարկման դասակարգվում են ըստ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների, պայմանների եւ ձեւերի, մինչդեռ նույն հոդվածի 2-րդ մասը վերաբերում է բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման տեսակներին, իսկ 7-րդ մասը՝ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման ձեւերին.

• Օրենքի 12-րդ հոդվածի վերնագրով բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու համար համաձայնություն տալու սուբյեկտ նախատեսվում մարդը (պացիենտը), նույն հոդվածի 1-ին մասով յուրաքանչյուր ոք (պացիենտը), Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով մարդու համաձայնությունն է պահանջվում.

• Օրենքի որոշ հոդվածներով նախատեսվում է բժշկական կազմակերպություն կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություն որոշներով՝ բժշկական հաստատություն կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություն հասկացությունները.

• Օրենքի 3-րդ եւ մի շարք այլ հոդվածներով նախատեսված է «արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում» հասկացությունը 21-րդ հոդվածի 4-րդ մասում ««արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում» հասկացությունը.

• Օրենքի 26-րդ հոդվածով նախատեսվում է «համբավ» հասկացությունը, իսկ 29- րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «մասնագիտական համբավ» հասկացությունը, որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միանշանակ չեն ընկալվում:

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները:

6. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին հաջորդող «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 7-րդ մասով եւ Օրենքի մի շարք այլ հոդվածներով սահմանված հղումներում իրավական ակտի անվանումը նշելիս:

7. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետով բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցում է նախատեսվում ոստիկանությանը, այն պացիենտի վերաբերյալ, ում առողջության վատթարացումը կամ մահը հետեւանք են բռնի , ներառյալ հակաօրինական գործողությունների, մինչդեռ բռնի գործողությունները արդեն իսկ արտահայտվում է հակաօրինական գործողությունների մեջ, ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետով սահմանված «բռնի, ներառյալ» բառերը հանել: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին:

8. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագիրը չի համապատասխանում հոդվածի բովանդակությանը. մասնավորապես Օրենքի 19-րդ հոդվածի վերնագիրը վերաբերում է միայն ազատությունից զրկված, ինչպես նաեւ ազատազրկման վայրում պատիժը կրող անձանց, իսկ նույն հոդվածի բովանդակությունը վերաբերում է ազատությունից զրկված, ձերբակալված եւ կալանավորված անձանց , ինչպես նաեւ ազատազրկման վայրում պատիժը կրող անձանց: Բացի այդ 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին փոփոխված 11-րդ արձանագրությամբ» կոնվենցիայի 58 հոդվածով ձերբակալումն ու կալանավորումը սահմանված են որպես ազատությունից զրկելու տեսակ, ուստի այդ հասկացությունները «ազատությունից զրկված» անձից ստորակետով տարանջատելու անհրաժեշտությունը բացակայում է: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Օրենքի 19-րդ հոդվածում «, ձերբակալված եւ կալանավորված» բառերը հանել:

9. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է, որ բուժաշխատողը պարտավոր է պացիենտին եւ (կամ) նրա օրինական ներկայացուցչին տեղյակ պահել առողջական վիճակի (…) վերաբերյալ: Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով պացիենտի առողջական վիճակի հետ կապված բուժաշխատողը կարող է կապ հաստատել պացիենտի մատնանշած կոնտակտային անձին: Արդյունքում ստացվում է կոնտակտային անձին պացիենտի առողջական վիճակի մասին տեղյակ պահելու պարտականություն բուժաշխատողը չունի: Ներքին հակասություններից խուսափելու համար առաջարկում ենք Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «պացիենտին» բառից հետո լրացնել «կոնտակտային անձին» հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից:

10. Օրենքի 38-րդ հոդվածով ախտաբանաանատոմիական գործունեությունը սահմանվում է որպես բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, մինչդեռ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները սահմանող Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով բժշկական օգնության եւ սպասարկման նման տեսակ նախատեսված չէ: Հիմք ընդունելով բժշկական օգնության եւ սպասարկման առանձնակի տեսակները սահմանող Օրենքի 7-րդ գլուխը առաջարկում ենք Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման» բառից հետո նշել «առանձնակի» բառը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

11. Օրենքի 42-րդ հոդվածը վերաբերում է բժշկական արտադրատեսակների շրջանառությանը, պետական գրանցմանը, ներմուծմանը եւ կիրառմանը, մինչդեռ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով «բժշկական արտադրատեսակի շրջանառություն» հասկացությունը սահմանելիս շրջանառության մեջ արդեն իսկ ներառված են եւ՛ պետական գրանցումը, եւ՛ ներմուծումը, եւ՛ կիրառումը: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Օրենքի 42-րդ հոդվածում «շրջանառությունը» բառից հետո նշված եզրույթներն ու կետադրական նշանները հանել:

12. Առաջարկում ենք Օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետում «տարածքներ» բառը նշել եզակի թվով՝ հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին օրենքի» 2-րդ հոդվածի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներ ը :

13. Առաջարկում ենք Օրենքի 45-րդ հոդվածը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, մասնավորապես՝ Օրենքի 45-րդ հոդվածի վերնագիրը վերաբերում է բժշկական օգնության եւ սպասարկման որակի կառավարմանը, իսկ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը բժշկական օգնության եւ սպասարկման որակի ապահովմանը եւ շարունակական բարելավմանը:

14. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «18-ի» թվից հետո նշել օրենքի հերթական համարը:

15. Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 47.17 հոդվածում «տասապատիկից» բառը փոխարինել «տասնապատիկից» բառով:

16. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը պարտավոր է Ոստիկանություն ներկայացնել հաղորդում միայն այն պացիենտների վերաբերյալ, որոնց առողջական վիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը կամ կյանքին պատճառված վնասը բռնի կամ հակաօրինական գործողությունների հետեւանք է (…), մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 47.20 հոդվածի վերնագրից եւ բովանդակությունից բխում է, որ բժշկական հաստատություն տեղափոխված ցանկացած պացիենտի վերաբերյալ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողը պետք է հաղորդում ներկայացնի Ոստիականություն: Հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք նախագծերով սահմանել միատեսակ կարգավորում:

17. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 47.22 հոդվածը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին. մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):», մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 47.22 հոդվածի պատասխանատվության վերին եւ ստորին սահմանը շատ լայն է, եւ պատասխանատվության նման լայն միջակայք նախատեսված չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի որեւէ հոդվածով:

18. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջ նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -3 31 - 29 .10.2019- ԱՍ -011/0) , « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -3 311 - 29 .10.2019- ԱՍ -011/0) , « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -3 312 - 29 .10.2019- ԱՍ -011/0), « Լիցենզավորման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Կ -3 313 - 29 .10.2019- ԱՍ -011/0), « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Կ -3 314 - 29 .10.2019- ԱՍ -011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», « Լիցենզավորման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » , « Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթն ուղղված է հանրապետությունում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում հարաբերությունների կարգավորման մեխանիզմների եւ մոտեցումների կատարելագործմանը:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

04 .1 1 .201 9 թ .



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-331-29.10.2019-ԱՍ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3311 -29.10.2019-ԱՍ-011/0), «Հայաստանի Հնարապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3312 -29.10.2019-ԱՍ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3313 -29.10.2019-ԱՍ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3314 -29.10.2019-ԱՍ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հնարապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում առկա մի շարք բացերը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Հարությունյան ( հեռ. 011-513-273)

04.11.2019թ.