ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-355-12.11.2019-ՊԻ-011/0), ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-3551 -12.11.2019-ՊԻ-011/0) եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-3552 -12.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի « Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթի՝ այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝

« (…) 2. Հերթական ընտրության դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին»:

Սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, եւ ոչ ուշ, քան հիսուն օր առաջ (…)»:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) ՝ «Մանդատների տրամադրումը պատգամավորներին» վերտառությամբ 100-րդ հոդվածի համաձայն ՝

«1. Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներին մանդատների տրամադրումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ` գրանցելով համապետական ընտրական ցուցակից եւ տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:

(…)

3. Տարածքային ընտրական ցուցակից մանդատից հրաժարված կամ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության տվյալ տարածքային ընտրական ցուցակից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին:

(…)

Համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որեւէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է եւ արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա:

(…)

Համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասի նույն ազգային փոքրամասնության ցուցակում նվազագույն համար ունեցող թեկնածուին, իսկ այդպիսին չլինելու դեպքում մանդատը մնում է թափուր:

(…)»:

Վերոշարադրյալի լույսի ներքո դիտարկելով ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունը ՝ հարկ է արձանագրել, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունը անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հիսուն օր առաջ, ընտրության արդյունքներն ամփոփվում են քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, եւ բաշխվում են պատգամավորական մանդատները: Այսինքն ՝ Ազգային ժողովի հերթական ընտրության դեպքում մանդատների ստացման պահից մինչեւ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահն ընկած ժամանակահատվածն ավելին է, քան մեկ ամիսը, ուստի գործող կարգավորմամբ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին արդեն իսկ լրացած է լինում օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, որի ընթացքում պատգամավորները պետք է լուծեն անհամատեղելիության հետ կապված հարցերը: Մինչդեռ առաջարկվող փոփոխության պարագայում չկարգավորված են մնում այն դեպքերը, երբ պատգամավորը մանդատն ստացել է ոչ թե Ազգային ժողովի հերթական ընտրության արդյունքում, այլ վերջինին տրվել է ընտրական ցուցակի մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը: Այսինքն ՝ ըստ առաջարկվող փոփոխության՝ պարզ չէ, թե երբ պետք է պատգամավորը լուծի իր անհամատեղելիության հետ կապված հարցերն այն դեպքում, երբ արդեն իսկ տեղի է ունեցել Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացումը:

Ինչ վերաբերում է առկա կարգավորման ՝ Սահմանադրության 95-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ Նախագծի հեղինակների հիմնավորմանը, ապա հարկ է արձանագրել, որ գործող օրենքը սահմանում է Սահմանադրության նորմի ՝ 95-րդ հոդվածի իրագործման կարգը: Սահմանադրության 98-րդ հոդվածը, որպես պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք, նախատեսում է նաեւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելը, այսինքն ՝ այն դեպքում, երբ պատգամավորը մանդատն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում չի լուծում անհամատեղելիության հետ կապված հարցերը, ապա վերջինի լիազորությունները ենթական են դադարեցման: Ուստի այս առումով որեւէ հակասություն չկա Սահմանադրության նորմի եւ օրենքի առկա կարգավորման միջեւ:

2. ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածում արվող փոփոխության արդյունքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո ներկայիս կարգավորմամբ մեկ ամսվա փոխարեն, պարտավոր են մինչեւ լիազորությունների ստանձնման պահը ապահովել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների կատարումը, այն է՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից» :

««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ձեւակերպումներից հասկանալի չէ, թե ինչպիսի ժամանակահատված է ընկած պաշտոնում նշանակվելու (ընտրվելու) եւ լիազորությունների ստանձնման պահի միջեւ եւ արդյոք այդ ժամանակահատվածը բավարար է նշված պահանջը կատարելու համար:

3. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերելի է Նախագծերի փաթեթի մյուս օրենքների նախագծերի 1-ին հոդվածների երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերին:

4. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «փոփոխություններ եւ լրացումներ» բառերը փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ օրենքի նախագիծը պարունակում է մեկ փոփոխություն:

5 . Առաջարկում ենք ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-3551 -12.11.2019-ՊԻ-011/0) օրենքի նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ օրենքի նախագիծը պարունակում է մեկից ավելի փոփոխություններ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

Մ. Մոսինյան (հեռ.` 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

Մ. Մոսինյան (հեռ.` 011-513-248), (118)