ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-375-15.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրում նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը:
2. Նախագծում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված են մեկից ավելի լրացումներ:
3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված «հետեւյալ» բառերին:
4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված «բացառության» բառում արված վրիպակն առաջարկում ենք ուղղել՝ այն փոխարինելով «բացառությամբ» բառով:
5. Նախագծի 1-ին հոդվածի բաժանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 2-րդ հոդվածի բաժանմանը:
6. Նախագծի 2 -րդ հոդվածի 2-րդ մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
7. Նախագծի 2 -րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 3.1-րդ մասում նշված «եւ քրեական հետապնդման մարմինները» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների անցկացման կարգի վերաբերյալ որոշում կայացնում են քրեական հետապնդման մարմինները, եւ ընտրված կարգի վերաբերյալ այս մարմինների կողմից առարկություն չունենալու մասին նշումը դառնում է նպատակազուրկ:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)