ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-381-19.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Համազասպ Դանիելյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ, համաձայն որի, եթե տասնօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում չի կայացնում, նախաձեռնող խումբը համարվում է գրանցված: Մինչդեռ հարկ է նկատել, որ նշված ձեւակերպումից հասկանալի չէ, թե որ օրվանից է համարվում նախաձեռնող խումբը գրանցված, իսկ նախաձեռնող խմբի գրանցման օրը պարտադիր է Օրենքով սահմանված մի շարք գործողությունների ժամկետի հաշվարկման համար: Այսպես՝ Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է «Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը նախաձեռնող խմբի գրանցման պահից 90 օրյա ժամկետում (…) քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար: Բացի այդ, Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Ազգային ժողովի աշխատակարգ» թիվ ԱԺՈ-267-Ն որոշման 27-րդ կետով նախատեսված է. «Քաղաքացիական նախաձեռնության գրությանը կից, ի լրումն Աշխատակարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերի՝ ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ նշվում են քաղաքացիական նախաձեռնության գրանցման տվյալները եւ լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը :»: Ինչից հետեւում է, որ քաղաքացիական նախաձեռնության եւ լիազոր ներկայացուցչի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրանցման տվյալները քաղաքացիական նախաձեռնության գրությանը կից ներկայացվող պարտադիր փաստաթուղթ է: Ուստի կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված դրույթի գործողությունն ապահովելու համար անհրաժեշտ են տվյալ դրույթով սահմանված հատուկ դեպքին (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տասնօրյա ժամկետում գրանցման վերաբերյալ որոշում չկայացնելը) համապատասխան կարգավորումներ:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացումը հակասում է Օրենքի նույն՝ 14-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներին: Մասնավորապես՝ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Հավաքված ստորագրությունը համարվում է վավեր, եթե ձեւաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական են եւ լրացված են պատշաճ ձեւով: Եթե ձեւաթերթիկում պահանջվող տվյալներն ամբողջական չեն կամ լրացված են ոչ պատշաճ ձեւով, ստորագրությունը հանվում է ներկայացված ստորագրությունների խմբաքանակից»: Լրացվող դրույթով իմպերատիվ նախատեսվում է, որ վերը նշված թերությունների առկայության դեպքում, ձեւաթերթիկն ամբողջական չի դիտվի եւ չի համարվի վավեր: Մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումից հասկանալի չէ, թե ինչ թերությունների առկայության դեպքումհնարավոր կլինի դրանք վերացնել:

3. Առաջարկում ենք Նախագծի վերեւի աջ անկյունում նշել «Նախագիծ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հղում տալ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքին՝ նշելով Օրենքի լրիվ անվանումը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ եւ 8-րդ մասերի պահանջներից:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616 ) , ( 201 )




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616 ) , ( 201 )