ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-382-20.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի «ա» կետում «ազգանունը,» բառից հետո ավելացնել «սեռը,» բառը: Նշված լրացմամբ նախատեսված տեղեկությունը դասվում է Օրենքի 23-րդ հոդվածում նախատեսված այն տեղեկությունների շարքին, որոնք պետք է նշվեն ծննդյան վկայականում՝ անկախ ծնողների փոխադարձ համաձայնությունից եւ ցանկությունից: Մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ « Ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են հետեւյալ տեղեկությունները.
ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ եւ ցանկությամբ` նաեւ ազգությունը, սեռը, ծննդյան վայրը եւ ժամանակը ( )»: Այսինքն՝ գործող կարգավորմամբ երեխայի սեռի՝ ծննդի ակտի գրառման մեջ լրացնելը կախված է ծնողների փոխադարձ համաձայնությունից եւ ցանկությունից: Այս համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ Օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական: Ուստի առաջարկում ենք, որպեսզի համապատասխան փոփոխություն կատարվի նաեւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 22-րդ հոդվածում, որը վերաբերում է ծննդի ակտի գրառման բովանդակությանը, եւ ծննդի ակտի գրառման մեջ, ի թիվս այլ պարտադիր լրացվող տեղեկությունների, ներառվի նաեւ երեխայի սեռի մասին տեղեկությունը՝ անկախ ծնողների փոխադարձ համաձայնությունից եւ ցանկությունից:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616 ) , ( 201 ),
Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Վասիլյան ( հեռ. 011-513-616 ) , ( 201 ),
Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)