ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-414-06.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ներման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով «Ներման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում լրացվող 9-րդ մասում«պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու օրենքով նախատեսված այլ հիմքերով» բառերը փոխարինել «համաներմամբ կամ պատժից ազատելու օրենքով նախատեսված հիմքերով» բառերով: Սույն առաջարկը բխում է այն հանգամանքից, որ նշված ձեւակերպումից ստացվում է, որ համներումը պատժից ազատելու հիմք է, մինչդեռ, հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 12-րդ գլուխը, որով սպառիչ սահմանված են պատժից ազատելու հիմքերը, համաներումը ներառված չէ, մինչդեռ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը ներառված է պատժից ազատելու հիմքերի մեջ, եւ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված այդ հիմքերի շրջանակից առանձնացնել միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 5-րդ հոդվածում լրացվող 2.1-րդ մասով նախատեսվում է առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում նախարարության կողմից մինչեւ Հանձնաժողովի նիստի կայանալը տուժողին կամ նրա իրավահաջորդին ծանուցելու պարտականություն եւ վերջիններիս կողմից գրավոր կարծիք ներկայացնելու հնարավորություն՝ այն հիմնավորմամբ, որ ներման գործընթացում եւս անհրաժեշտ է առանձնապես ծանր հանցագործություններից տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար նախատեսել կառուցակարգ՝ նրանց դիրքորոշումը լսելի դարձնելու համար: Մինչդեռ Նախագծով նախատեսված կարգավորումը չի դարձնում տուժողի կամ նրա իրավահաջորդի դիրքորոշումն ամբողջությամբ լսելի, քանզի Օրենքին համապատասխան Արդարադատության նախարարությունը տվյալ պարագայում ունի ընդամենը ներման խնդրագիրն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործ կազմելու եւ այն Վարչապետին ներկայացնելու իրավասություն (հոդված5, 2-րդ մաս), իսկ անձնական գործը ներառող տեղեկությունների շրջանակում տուժողի կամ նրա իրավահաջորդի կարծիքի առկայության վերաբերյալ նշումը բացակայում է: Նշված պարագայում ստացվում է, որ տուժողը կամ նրա իրավահաջորդն իր կարծիքն ուղարկում է Արդարադատության նախարարություն, իսկ կարծիքն անձնական գործի մեջ ներառելու եւ այն Վարչապետին ներկայացնելու պարտականություն չի նախատեսվում: Արդյունքում ստացվում է, որ տուժողի կամ նրա իրավահաջորդի կարծիքն այդպես էլ կարող է լսելի չդառնալ:

3. Նախագծի 7-րդ հոդվածում սահմանված է, որ Նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո դրա գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Այսինքն՝ Նախագծին արգելվում է հետադարձ ուժ տալը:

Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի , այսինքն՝ տարածվում է մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

Նախագծի մի շարք դրույթների (ինչպես օրինակ ներում շնորհելու դեպքերի մեջ նախատեսվում է ցմահ ազատազրկման դատապարտված անձին ներում շնորհելու հնարավորություն նախատեսել, եթե վերջինս փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին քսան տարվա փոխարեն) հետադարձ կիրառումը բարելավում է անձի վիճակը՝ դրանով իսկ հանդիսանալով բարելավող իրավական ակտ, որն էլ օրենքի ուժովպետք է ունենա հետադարձ ուժ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված եզրափակիչ դրույթով բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ չտալու մասին նշումը հակասում է Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջներին:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետին եւ 4-րդ հոդվածի 2-րդ կետին:

5. Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության մեջ «քննությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «քննարկումը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ միաժամանակ հաշվի առնելով, որ Օրենքով ներման խնդրագրի համար սահմանվածէ «քննարկման» կարգ, եւ ոչ քննության:

Ղեկավարվելով նույն «Նորմատիվ իրավական ակտրի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առաջարկում ենք Նախագծում կիրառված «Նախարարություն» բառն իր հոլովաձեւերով նշել փոքրատառով՝ հիմք ընդունելովՕրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը:

6. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Եզրափակիչ դրույթներ» բառերը հանել՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծիվերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)