ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-437-30.12.2019-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4371 -30.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդացնելուն կամ քարոզելուն վերաբերող 226.2-րդ հոդվածը պարունակում է հետեւյալ կարգավորումը. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները ՝

պատժվում է տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով ՝ երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ ՝ մեկից երեք տարի ժամկ ետով ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով ՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա »:

Կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթը կարող է առաջացնել անհամապատասխանություն համաչափության սահմանադրական սկզբունքի հետ:

Նշվածի համատեսքտում անհրաժեշտ ենք համարում պարզել, թե որքանով է դիսպոզիցիայի օբյեկտիվ կողմում ներառվող բոլոր հնարավոր գործողությունները հանրային վտանգավորության տեսանկյունից քրեորեն պատժելի արարք դիտարկելը համապատասխանում համաչափության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի եւ «ատելության խոսքի» վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) դիրքորոշումներին:

Հայաստանի Հանրապետության սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: (…):

3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով ` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով » :

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը»:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները »:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով օրենքով մարդու իրավունքների սահմանափակման հարցին, իր 2006 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴՈ-649 որոշմամբ, մասնավորապես, նշել է հետեւյալը՝ «( …)անհրաժեշտ է նկատի ունենալ սահմանադրորեն տարբեր իրավունքների սահմանափակման առանձնահատկություններն ու բնույթը : Որքան էլ որ այլոց իրավունքների երաշխավորումն է դառնում անհատի հասարակական վարքագծի կանոնակարգման սահմանը, միեւնույն է, Սահմանադրությունը, ինչպես նշվեց, չի նախատեսում որոշակի իրավունքների սահմանափակում: Իսկ այդ իրավունքների ապահովման կարգը չի կարող դրանց իրականացման արգելանք դառնալ, այլ պետք է երաշխավորի այն : Սահմանադրորեն նախատեսված սահմանափակման ենթակա իրավունքների առնչությամբ, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքի սահմանափակումը կարող է իրականացվել միայն օրենքով՝ երաշխավորելով համաչափությունը, չաղավաղելով իրավունքի էությունը (սահմանափակման հետեւանքով իրավունքը չզրկվի իր բովանդակությունից, չվտանգվի դրա գոյությունը)(…) » (տե՛ս Սահմանադրական դատարանի 06.10.2006թ. թիվ ՍԴՈ-649 որոշումը) :

Անդրադառնալով խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը՝ Սահմանադրական դատարանն իր 2006 թվականի հունվարի 11-ի ՍԴՈ-278 որոշման մեջ անդրադարձել է հետեւյալին՝ «(…) Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի դաշնագիրը եւ միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարեւոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը: Սակայն, դա չի խոչընդոտում (…) հասարակության եւ պետության օրինական շահերից ելնելով՝ օրենքով որոշ սահմանափակումներ նախատեսելը:

Տվյալ դեպքում, նման սահմանափակում նախատեսող օրենքներում պետք է հաշվի առնվեն հետեւյալ հանգամանքները.

(…)

բ) նախատեսվող սահմանափակումները պետք է լինեն համաչափ եւ բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից,

գ) սահմանափակումները չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը (…)» (տե՛ս Սահմանադրական դատարանի 11.01.2006թ. թիվ ՍԴՈ-278 որոշումը, 6-րդ կետ) :

Սահմանադրական դատարանն իր մեկ այլ որոշման մեջ ընդգծել է հետեւյալը՝ «(…) կարեւորելով խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորումը ժողովրդավարական հասարակության համար, այն չի կարող անհամաչափորեն սահմանափակվել` վտանգելով սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը,

գ) արտահայտվելու ազատության իրավունքը` այնքանով, որքանով կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով, կարող է պայմանավորվել օրենքով նախատեսված սահմանափակումներով կամ պատժամիջոցներով , որոնք, ի մասնավորի, անհրաժեշտ են այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար ,

դ) գործնական խնդիրն առավելապես ոչ թե օրենքով իրավաչափ սահմանափակումների կամ պատասխանատվության միջոցների նախատեսման մեջ է , այլ վերաբերում է դրանց համաչափության ապահովմանն ու դատական պրակտիկայում դրա երաշխավորմանը ՝ որպես պետության անմիջական պարտականություն (…)» (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2015թ. թիվ ՍԴՈ-997 որոշումը, 6-րդ կետ) :

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ կարող ենք նշել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին եւ լինի անհրաժեշտ՝ տվյալ շահն ապահովելու համար:

Վերոգրյալի համատեքստում հարկ է հավելել, որ Սահմանադրական դատարանը ընդգծել է, որ որպես ընդհանուր սկզբունք` ազատ արտահայտվելու իրավունքի ցանկացած սահմանափակման «անհրաժեշտություն» պետք է համոզիչ կերպով հիմնավորվի : Առաջին հերթին ազգային իշխանություններն են գնահատում սահմանափակումների համար «ծանրակշիռ սոցիալական պահանջի» առկայությունը, եւ նման գնահատական տալիս նրանք օժտված են որոշակի հայեցողությամբ: Մյուս կողմից` հաշվի է առնվում, որ ազգային հայեցողության շրջանակները սահմանափակված են ժողովրդավարական հասարակության շահերով: Շահը մեծ դեր է կատարում հավասարակշռման գործում, որով որոշվում է, թե արդյոք սահմանափակումները համաչափ են հետապնդվող իրավաչափ նպատակին (տե՛ս Սահմանադրական դատարանի 20.10.2015թ. թիվ ՍԴՈ-1234 որոշումը, 6-րդ կետ) :

Այսպիսով, հանրային իշխանության իրականացումը նախեւառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով: Հարկ է նկատել, որ այս սկզբունքը հանդիսանում է ընդհանրապես իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած կարեւորագույն սկզբունքներից մեկը:

Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ նշել է հետեւյալը՝ «( …) Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաեւ, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված` ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից եւ այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից եւ լրջությունից(…)» (տե՛ս Սահմանադրական դատարանի 16.11.2010թ. թիվ ՍԴՈ-924 որոշումը, 7-րդ կետ) :

Համաչափության սահմանադրական սկզբունքի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումներից բացի՝ հարկ ենք համարում անդրադառնալ արարքի հանրային վտանգավորության որոշման հարցին:

Այսպես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (ասուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են՝ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, շրջակա միջավայրը, հասարակական կարգը եւ անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը եւ մարդկության անվտանգությունը, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները:

2. Այդ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքն ու քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցագործություններ, եւ սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ՝ դրանք կատարելու համար»:

Օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով:

2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեեւ ձեւականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որեւէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել եւ չէր կարող պատճառել» :

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 226.2-րդ հոդվածով նախատեսված բոլոր հնարավոր գործողությունները հանցագործություն դիտարկելու արդարացիությունը՝ հանրային վտանգավորության աստիճանի եւ համաչափության սկզբունքի տեսանկյունից պարզելու նպատակով՝ անդրադառնանք նաեւ «ատելության խոսքի» այն դրսեւորումներին, որոնք քրեորեն պատժելի արարք համարելը կարող է դիտարկվել իրավաչափ՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումներին համապատասխան:

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ «ատելության խոսքը» դուրս է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական պաշտպանության շրջանակներից, քանի որ դրսեւորվում է 17-րդ հոդվածի (այն է` իրավունքների չարաշահման արգելումը) խախտմամբ եւ հակասում է Եվրոպական կոնվենցիայի հիմքում դրված հիմնարար սկզբունքներին:Գիտակցելով Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը եւ հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի 10-րդ եւ 8-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները արժանի են հավասար հարգանքի, անհրաժեշտ է այս երկուսը հավասարակշռել այնպես, որ դրանց էությունը պահպանվի: (տե ՛ ս Դելֆի ԱՍ-ն ընդդեմ Էստոնիայի (Delfi AS v. Estonia) գործով 2015 թվականի հունիսի 16-իվճիռը, գանգատ թիվ 64569/09, կետեր 110, 157-159):

Ընդհանուր առմամբ դեմ չլինելով բռնության հրահրման դեմ քրեաիրավական պայքարին ՝ այդուհանդերձ Եվրոպական դատարանը հարցի առնչությամբ մի շարք գործերով ցուցաբերել է անհատական մոտեցում ՝ շեշտադրելով հետեւյալ հանգամանքները.

1. հանրության վրա ազդեցության աստիճանը.

2. իրական վտանգի առկայությունը (mutatis mutandis, Case of Surek v. Turkey (No. 1) (Application no. 26682/95) 8 July 1999, Case of Surek v. Turkey (No. 3) (Application no. 24735/94) 8 July 1999, Protecting the right to freedom of expression under the European convention on human rights , էջեր 23-25) ,

3. բռնություն հրահրողի դիրքը հասարակության մեջ ,

4. բռնության կոչերի հասցեատերերը ,

5. բռնության կոչերի ձեւն ու բովանդակությունը (Harris, O’Boyle and Warbrick, Law of the European Convention on Human Rights, Oxford University Press 2018, էջ 607):

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի թիվ 15 հանձնարարականում բազմիցս արտահայտվել է այն դիրքորոշումը, որ քրեական պատասխանատվությունը պետք է կիրառվի «ատելության խոսքի» ծայրահեղ դրսեւորման համար :

Վերոշարադրյալի հիման վրա, կարծում ենք, որ 226.2-րդ հոդվածով որպես հանցագործություն կարող են որակվել մի շարք այնպիսի արարքներ, որոնք խնդրահարույց են հանրային վտանգավորության բարձր աստիճան ունենալու տեսանկյունից, ուստի կարող է խնդրահարույց լինել նաեւ դրանց համար քրեական պատասխանատվության սահմանումը: Քանի որ լրացվող հանցագործության դիսպոզիցիայում նկարագրված չեն արարքի հիմնական բնութագրիչ հատկանիշները, որոշակիացված չեն բռնության կոչերի ձեւն ու բովանդակությունը, օրինակ, այդ հոդվածով կարող են որակվել այնպիսի արարքներ, ինչպիսիք են ուսանողական լսարանի ներկայությամբ հայոց պատմության դրվագների քննարկման ընթացքում որոշ բռնի գործողությունների արդարացումը կամ դրանց դրական գնատական տալը: Օրինակ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) կողմից իրականացված գործողությունները կամ գործելաոճը : Բացի այդ, քննարկվող հոդվածի դիսպոզիցիայի օբյեկտիվ կողմում որեւէ նշում չկա ա նձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր ի , նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնել ու կամ քարոզել ու արդյունքում ծանր հետեւանքների առաջացման հավանականության աստիճանի վերաբերյալ, որի արդյունքում այդ հավանականության աստիճանից կախված արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատումը կարող է փոխվել: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ ըստ Եվրոպական դատարանի՝ բռնության հրահրումը իր մեջ պետք է պարունակի իրական վտանգի առկայություն: Այսպիսով, նվազ կարեւորության ունեցող՝ հասարակական վտանգավորություն չներկայացնող արարքի համար կարող է կիրառվել քրեաիրավական պատասխանատվությունը, ինչը իրավաչափ չի դիտարկվի համաչափության սկզբունքի տեսանկյունից:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ գտնում ենք, որ 226.2-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակ նշում կատարել թվարկված գործողությունների կատարման արդյունքում ծանր հետեւանքների առաջացման իրական վտանգի վերաբերյալ (տե՛ս, օրինակ, Օրենսգրքի 226.1-րդ հոդվածը):

Նախագծերի փաթեթի՝ այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1 -ին հոդվածում նշված «օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 226.2-րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենսգրքում լրացնել նոր՝ 226.2-րդ հոդված» բառերով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «1-ին մասը «2251 ,» թվից հետո լրացնել «226.2,» թվով» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում «2251 ,» թվից հետո լրացնել «226.2,» թիվը» բառերով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 226.2-րդ հոդվածը պարունակում է հետեւյալ կարգավորումը՝ «(…)բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ , 226.1-րդ, 301-րդ (…) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝ (…)» :

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող բռնություն գոծադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդացնելուն կամ քարոզելուն վերաբերող 226.2-րդ հոդվածը պարունակում է հետեւյալ դիսպոզիցիան՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ , գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը (…):

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ (…)» :

Նախագծի հիմնավորումից բխում է, որ բռնությունը պետք է մեկնաբանվի որպես քրեորեն հետապնդելի արարք, դիտավորությամբ, անձի կամքին հակառակ կամ առանց նրա կամքը հաշվի առնելու կատարված ցանկացած արարք է, որի արդյունքում անձը զրկվել է կյանքից, կամ սահմանափակվել է նրա ազատությունը, կամ նրա առողջությանը վնաս է պատճառվել, կամ նրան պատճառվել է ֆիզիկական ցավ, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք : Ինչպես նաեւ հիմնավորման մեջ նշվում է, որ «(…) կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության եւ կամքի վրա այնպիսի ազդեցություն, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն:

Արդարացնել ասելով պետք է հասկանալ անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի, ինչպես նաեւ բուն գաղափարի ընդունում եւ պաշտպանություն կամ նման բռնություն գործադրած անձանց արդարացում եւ պաշտպանություն: Այլ կերպ ասած` նշված դեպքերում անձը հայտարարում է, որ նման բռնությունը համարվում է ճիշտ, ենթակա է պաշտպանության եւ ընդօրինակման :

Քարոզ ասելով պետք է հասկանալ անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը : Հարկ է նշել, որ որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը մեկ անձի մոտ: Անձի արարքը քարոզ դիտարկելու համար անհրաժեշտ է, որ գաղափարների տարածումը կատարվի մեկից ավելի անձանց շրջանակներում:

Պետք է արձանագրել, որ քննարկվող արարքներից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, սակայն Նախագծով առաջարկվող հանցակազմի առկայության համար դրանք պարտադիր պետք է լինեն հրապարակային, այլ կերպ ասած` արարքներից յուրաքանչյուրում պարունակվող տեղեկատվությունը պետք է լսելի եւ ընկալելի լինի անձանց լայն շրջանակի համար (խումբ, ամբոխ):

Անհրաժեշտ է ընդգծել, որ Նախագծով առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը առկա կլինի միայն այն դեպքում, երբ հոդվածում նշված արարքները կատարվեն որոշակի հանգամանքներով պայմանավորված եւ բացակայեն 226.2-րդ հոդվածում թվարկված հանրային ավելի մեծ վտանգավորություն ունեցող հանցակազմերը :

Այսինքն, Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած «բռնության կոչի», այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված «բռնության կոչերի» համար: Հարկ է նշել, որ առաջարկվող հանցակազմը ձեւական է. ավարտված հանցագործություն համարվելու համար բավական է հոդվածում նկարագրված արարքներից որեւէ մեկի կատարումը (…)» :

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն՝ «1.Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն , ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,

2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

4) կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով »:

Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը են հանդիսանում ազգային, ռասայական եւ կրոնական հարաբերությունների սահմանադրական հիմքերը, ինչպես նաեւ այդ հարաբերությունների կապակցությամբ մարդու եւ քաղաքացու անվտանգությունը:

Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է հոդվածում նշված գործողություններից որեւէ մեկի կատարմամբ: Դրանք են`

1) ազգային, ռասայականկամ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողությունները ,

2) ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները,

3) ռասայական գերազանցությանը ուղղված գործողությունները:

Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ են հանդիսանում այնպիսի գաղափարներ կամ հայացքներ տարածելը, որոնք խարխլում են վստահությունն ու հարգանքը որեւէ ազգի, ռասայի կամ կրոնական դավանանքի նկատմամբ, ատելություն են սերմանում որեւէ ազգի, ռասայի կամ կրոնական դավանանքի ներկայացուցիչների ապրելակերպի, մշակույթի, ավանդույթների ու սովորույթների նկատմամբ: Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու առավել տարածված ձեւերն են` ա) որեւ ազգի, ռասայի կամ կրոնի բացասական կերպարի ստեղծումը, բ) առանձին անձանց իրական կամ մտացածին բացասական հատկությունների վերագրումը ողջ ազգին, ռասային կամ դավանանքի ներկայացուցիչներին, գ) սեփական ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների ծանր վիճակի համար պատասխանատվությունը այլ ազգի, ռասայի կամ դավանանքի ներկայացուցիչների վրա բարդելը, դ) այլ ազգի, ռասայի կամ կրոնի ներկայացուցիչներին սեփական ազգի դեմ թշնամական գործողությունների մտադրություն ունենալու մեջ մեղադրելը, ե) այլ ազգի, ռասայի կամ կրոնական խմբի նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու պահանջը եւ այլն:

Ընդ որում, տարածվող գաղափարներն ու հայացքները պետք է ընդհանրացնող բնույթ ունենան եւ ոչ թե վերաբերեն կոնկրետ անձի:

Ազգային արժանապատվությունը ստորացնելուն ուղղված գործողություններ կարող են լինել անձի վերաբերյալ նրա պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող սուտ տեղեկությունների տարածումը, անձի հասցեին անպարկեշտ արտահայտությունները անելը:

Հարկ է նկատել, որ քննարկվող հանցագործություններն ավարտված են համարվում հոդվածում նշված գործողությունները կատարելու պահից` անկախ հետեւանքներից: Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության շարժառիթներն ու նպատակները հանցակազմի հատկանիշ չեն եւ կարող են ամենաբազմազան բնույթի լինել:

Այսպիսով, Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած «բռնության կոչի», այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված (այդ թվում՝ անձի կամ անձանց խմբի ռասայով, կրոնով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ պայմանավորված) «բռնության կոչերի» համար: Եվ Նախագծով լրացվող 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմն առկա կլինի միայն այն դեպքում, երբ հոդվածում նշված արարքները կատարվեն որոշակի հանգամանքներով պայմանավորված եւ բացակայեն 226.2-րդ հոդվածում թվարկված հանրային ավելի մեծ վտանգավորություն ունեցող հանցակազմերը: Արդյունքում ստացվում է, որ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների առկայության դեպքում արարքը չի կարող որակվել 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով:

Սույն հարցի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ դիտարկումներ.

գ Նախագծով լրացվող հոդվածի բովանդակությունից եւ հիմնավորումից ենթադրվում է, որ հանցակազմում թվարկված հանգամանքների (սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված) առկայությունը պետք է հստակ արտահայտվի բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը կատարելիս: Արդյունքում ենթադրվում է, որ, օրինակ, բռնություն գործադրելու կոչի դեպքում պետք է նշվեն այդ բռնությունը կատարելու մասին հիմնավորումներ, որոնք պետք է առնչվեն հանցակազմով թվարկված հանգամանքներին, կամխմբի կամ անձի, որոնց նկատմամբ բռնություն գործադրելու կոչ է արվում, որոշակի խմբին պատկանելը պետք է հստակ արտահայտված լինի, ինչը եւս կարող է կոչերի հասցեատերերի կողմից ընկալվել որպես բռնություն գործադրելու հիմնական պատճառ եւ հիմնավորում,

գ բռնություն գործադրելու կոչի ժամանակ բռնությունը կատարելու մասին հիմնավորումները, որոնք առնչվում են անձի կամ անձանց խմբի ռասայով, կրոնով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ պայմանավորված հանգամանքներին, կդիտարկվեն որպես գաղափարներ կամ հայացքներ տարածել, որոնք խարխլում են վստահությունն ու հարգանքը որեւէ ազգի, ռասայի կամ կրոնական դավանանքի նկատմամբ, որպես այդպիսի կարող են դիտարվել նաեւ միայն մեկ անձի նկատմամաբ բռնություն գործադրելու կոչի ժամանակ արված հայտարարությունները,

գ արդյունքում ստացվում է, որ անձի կամ անձանց խմբի ռասայով, կրոնով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը կատարելիս միշտ առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հանցակազմում թվարկված հատկանիշները: Նախագծով լրացվող 226.2-րդ հոդվածի դիսպոզիցիայում հատուկ նշում կա այն մասին, որ այդ հոդվածով նկարագրված հանցագործությունը առկա է միայն այն դեպքում, երբ բացակայում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, այդ թվում՝ 226-րդ հոդվածով, նախատեսված հանցագործությունների հատկանիշները, այսպիսով ստացվում է, որ անձի կամ անձանց խմբի ռասայով, կրոնով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու մասով լրացվող կարգավորումը փաստացի լինելու է ոչ կիրառելի կամ դրա կիրառման դեպքերը լինելու են խնդրահարույց:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանել առավել հստակ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան սահմանազատելու 226-րդ եւ 226.2-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հնարավոր կիրառման դեպքերը, ինչպես նաեւ հստակեցնելու այն, թե երբ պետք է արարքը որակվի հանրային ավելի մեծ վտանգավորություն ունեցող 226-րդ հոդվածով՝ հաշվի առնելով վերջինիս կողմից 226.2-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը մի շարք դեպքերում կլանելու հնարավորությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)








ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)