ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-438-10.01.2020-ՊԻ-011/0), ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4381 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4382 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4383 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4384 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4385 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4386 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4387 -10.01.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4388 -10.01.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4389 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-43810 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-43811 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-43812 -10.01.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-43813 -10.01.2020-ՊԻ-011/0), ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-43814 -10.01.2020-ՊԻ-011/0)

վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի, ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի, ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի, ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի, ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ««Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել որպես մաս նշված համարակալումը՝ հաշվի առնելով, որ նշված հոդվածը բաղկացած է միայն մեկ մասից: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «132-րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «132-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով՝ հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածը թվարկում է քաղաքացիական իրավունքների օբյեկտները, իսկ Նախագծի նշված կետը վերաբերելի է 132-րդ հոդվածի 1-ին մասին:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «գույք» հասկացության մեջ ներառվում է նաեւ կրիպտոակտիվը, որի հասկացությունը Հայաստանի Հանրապետությունում դեռեւս որեւէ օրենսդրական ակտով սահմանված չէ: Հետեւաբար, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը, առաջարկում ենք Նախագծով նախատեսել «կրիպտոակտիվ» եզրույթի սահմանումը:

4. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ենթակետերը տեքստից բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ենթակետերի համարակալմանը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նախատեսված է «սույն օրենքում նախատեսված հանցագործություն» հասկացության մեջ ներառվող հանցագործությունների շրջանակը, այն է՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարք, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 125.1-րդ հոդվածով, 132-րդ հոդվածով, 1322 -րդ հոդվածով, 154.2-րդ հոդվածով, 154.9-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով , 182-րդ հոդվածի 3-րդ մասով , 189.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով , 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 3-րդ մասով, 189.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով կամ 3-րդ մասով, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով, 195-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, 190-րդ հոդվածով, 191-րդ հոդվածով, 200-րդ հոդվածով, 201-րդ հոդվածով, 202-րդ հոդվածով, 214-րդ հոդվածով, 215.1-րդ հոդվածով, 217 -րդ հոդվածով, 2171 - րդ հոդվածով, 222-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 3-րդ մասով, 224-րդ հոդվածի 3-րդ մասով, 233-րդ հոդվածով, 235.1-րդ հոդվածով, 261-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասերով, 266-րդ հոդվածով, 267.1-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 308-րդ հոդվածով, 309-րդ հոդվածով, 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածով, 311-րդ հոդվածով, 3111 -րդ հոդվածով, 3112 -րդ հոդվածով, 312-րդ հոդվածով, 3121 -րդ հոդվածով, 312.2-րդ հոդվածով, 313-րդ հոդվածով, 314-րդ հոդվածով, 314.2-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածով, 332-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածով կամ 375-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները» :

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 180-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելու համար՝ «1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը ՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) անզգուշությամբ առաջացրել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում ՝

(…)

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) ավազակությամբ կամ շորթմամբ,

2) կազմակերպված խմբի կողմից(…)»

Նախագծի 3-րդ հոդվածում ներառված է միայն 180-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պատասխանատվություն է նախատեսում առանձնակի արժեք ունեցող առարկաներ ավազակությամբ կամ շորթմամբ կամ կազմակերպված խմբի կողմից հափշտակելու համար: Հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 180-րդ հոդվածի մասերում որեւէ նշում չի պարունակվում հափշտակված գույքի չափի վերաբերյալ, ուստի անհասկանալի է, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու տեսանկյունից ինչու է առանձնացվում եւ կարեւորվում միայն 180-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունը: Նույնանման խնդիր, կարծում ենք, ծագում է նաեւ Օրենսգրքի 182-րդ հոդվածի միայն 3-րդ մասը, 261-րդ հոդվածի միայն 2-րդ եւ 3-րդ մասերը, 262-րդ հոդվածի միայն 2-րդ եւ 3-րդ մասերը Նախագծում ներառելու արդյունքում:

Նշվածից բացի՝ հարկ է հավելել, որ Օրենսգրքի 189.1-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու համար. «1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝

պատժվում են (…):

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները՝

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում են (…):

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները`

1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են (…)»:

Նախագծի 3-րդ հոդվածում ներառված են Օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 3-րդ մասով («եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով») նախատեսված հանցագործությունները: Այսպես, Օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը նախատեսում է պատասխանատվություն ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու համար, որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք: Միեւնույն ժամանակ ներառված չէ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը: Այսինքն` ապօրինի գույքի բռնագանձում հնարավոր է բոլոր այն դեպքերում, երբ ֆինանսական բուրգում ներգրավված է խոշոր չափերով գումար կամ գույք, բայց ոչ այն դեպքերում, երբ անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս , սակայն ֆինանսական բուրգում չի ներգրավվել խոշոր չափերով գույք: Կարծում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում առավելապես էական է պատճառված վնասի չափը, ուստի անհասկանալի է Նախագծում տեղ գտած կարգավորումը, որը ներառում է միայն Օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը:

Միեւնույն ժամանակ, հավելենք, որ Նախագծի 3-րդ հոդվածում ներառվել է նաեւ 189.1-րդ հոդվածի 3-րդ մասում ներառված հանցագործությունը, եթե կատարվել է պաշտոնական դիրքն օգտագործելով: Օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում 189.1-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները կազմակերպված խմբի կողմից կատարելու համար, այսինքն` կազմակերպված խմբի կողմից Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը կարող է կատարվել ֆինանսական բուրգում խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք չներգրավվելով, պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս չպատճառելով եւս: Տվյալ դեպքում, կարծում ենք, նույնպես անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված 189.1-րդ հոդվածի 1-ին մասը չներառելը, եթե կարգավորման արդյունքում ստացվում է, որ մասերի ընտրությունը պայմանավորված չէ բացառապես պատճառված վնասի չափով, եւ կազմակերպված խմբի կողմից կատարված լինելու դեպքում էական չէ, թե ֆինանսական բուրգում ինչ չափերով գումար կամ գույք է ներգրավված, կամ արդյոք պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Կարծում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի տեսանկյունից հանցագործությունների միջեւ տարբերակում դնելիս էական է հենց պատճառված վնասի չափը հաշվի առնելը:

Վերոգրյալից բացի՝ հարկ ենք համարում նշել, որ Նախագծում ներառված հանցագործությունների կոնկրետ շրջանակի ընտրությունը հիմնավորվում է հետեւյալով. «Ընտրված հոդվածների ցանկը ներառում է այն հանցագործությունները, որոնց հիմնական շարժառիթը հանցավոր աղբյուրներով գույքի ստացումն է կամ որոնց կատարման համար էական է ֆինանսավորումը կամ որոշակի գույքի օգտագործումը : Ընդ որում, այդ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ ուղղակի կամ անուղղակի կապը կարող է բխել հենց հանցակազմի էությունից կամ գոյություն ունենալ օբյեկտիվորեն, բայց կարեւորված չլինել հանցակազմի շրջանակներում : Ցանկը ներառում է հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, ինչպես նաեւ թրաֆիքինգի, ահաբեկչության, թմրամիջոցների իրացմանն առնչվող հանցակազմեր : Համապատասխանաբար, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը թույլ կտա կանխել ֆինանսական հանցագործությունները՝ է երացնելով դրանց կատարման շարժառիթը, իսկ որոշ դեպքերում վերացնելով այդպիսի հանցագործության կատարման հնարավորությունը»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ մեջբերված հիմնավորման համատեքստում հասկանալի չէ, թե ինչու ընտրված շրջանակում չեն ներառվել Օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնց հիմնական շարժառիթը եւս կարող է լինել հանցավոր աղբյուրներով գույքի ստացումը կամ որոնց կատարման համար կարող է էական լինել ֆինանսավորումը կամ որոշակի գույքի օգտագործումը, եւ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ ուղղակի կամ անուղղակի կապը կարող է բխել հենց հանցակազմի էությունից կամ գոյություն ունենալ օբյեկտիվորեն, բայց կարեւորված չլինել հանցակազմի շրջանակներում : Օրինակ՝ Օրենսգրքի 189-րդ հոդվածով նախատեսված կեղծ ձեռնարկատիրությունը, 203-րդ հոդվածով նախատեսված կեղծ վճարային փաստաթղթերը պատրաստելը կամ իրացնելը, 235-րդ հոդվածով նախատեսված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 275-րդ հոդվածով նախատեսված խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը եւ 292-րդ հոդվածով նախատեսված ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելը: Միաժամանակ հասկանալի չէ, թե ինչու է Նախագծով ներառվող հանցագործությունների շրջանակի մի մասի դեպքում ընդգծվում պաշտոնական դիրքը չարաշահելով կատարված լինելը, իսկ որոշ մասի դեպքում նշված ծանրացնող հանգամանքը պարունակող մասին հղում չի կատարվում:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից առաջարկում ենք հանել կրկնվող 180-րդ, 182-րդ, 189.1-ին հոդվածներն իրենց մասերով եւ կետով: Այնուհետեւ առաջարկում ենք պահպանել Օրենսգրքի հոդվածների համարակալման հաջորդականությունը:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանվում է օրենքում օգտագործվող «պաշտոնատար անձ» հասկացությունը, սակայն Նախագծի բովանդակությունից եւ հիմնավորումից հասկանալի չէ, թե որն է նպատակը՝ առանձնացնելու պաշտոնատար անձի հասկացությունը, եթե այդ հասկացության իրավական կապը Նախագծի այլ դրույթների հետ առկա չէ՝ բացառությամբ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում առկա հիշատակման: Բացի այդ, ըստ Նախագծի կարգավորումների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում պատասխանող հանդիսանում է ոչ թե պաշտոնատար անձը, այլ գույքի հայտնի սեփականատերը:

8. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին»: Նախագծում նախատեսված չէ այն գործողությունների շրջանակը, որոնք իրավասու մարմինը կարող էր իրականացնել նշված տասնօրյա ժամկետում՝ ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման համար: Ավելին, Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում առկա է նաեւ կարգավորում՝ ուսումնասիրության մասին որոշման մեջ ներառվող տեղեկությունների վերաբերյալ, որոնք փաստացի պետք է ստացվեն ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման համար սահմանված նշված տասնօրյա ժամկետում, այն ՝ «(…) Իրավասու մարմինը սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում կայացնում է ուսումնասիրություն սկսելու մասին որոշում՝ նշելով դրա հիմքում ընկած փաստական տվյալները եւ սույն օրենքի 5-րդ հոդվածում նախատեսված այն հիմքը, որի հիման վրա սկսվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը: Իրավասու մարմինը ուսումնասիրություն սկսելու մասին որոշմամբ նաեւ նշում է այն անձի տվյալները, ում ենթադրաբար պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք»: Առաջարկում ենքՆախագծում սահմանել նշված տասնօրյա ժամկետում իրավասու մարմնի կողմից իրականացվելիք գործողությունների կամ այդ մարմնի լիազորությունների շրջանակը, որոնք անհրաժեշտ եւ բավարար կլինեն ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման համար:

9. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասում, 13-րդ հոդվածի 3-րդ մասում, 18-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 19-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում նշում է կատարվում գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մասին՝ տարբեր շարադրանքներով: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել նույն հասկացությունները:

10. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասում նշում է կատարվում դիմումի մասին, սակայն Նախագծի նախորդող դրույթներից պարզ չէ, թե ինչ դիմում պետք է ներկայացվի:

11. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «մասերով» բառը փոխարինել «կետերով» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հղումը վերաբերում է 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերին:

12. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի վերլուծությունից ստացվում է, որ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվություններ ստանալու դիմումը դատարանը քննում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում եւ կայացնում է որոշում, մինչդեռ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է այլ ընթացակարգ, մասնավորապես՝ նշված օրենսգրքի լրացվող 291.4-րդ հոդվածով նախատեսվում է, որ օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունների դիմումը քննվում է (…) եւ վճիռ է կայացվում դիմումը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: Բացի այդ, «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 291.5-րդ հոդվածը վերաբերում է դատարանի վճռին, մինչդեռ 291.5-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է վճռի մեջ նշել դատարանի որոշումը չկատարելու հետեւանքների մասին պարզաբանում: Ամփոփելով նշվածը՝ առաջարկում ենք վկայակոչված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց:

13. Առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օրենքի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

14. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու վերը նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 25-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը:

15. Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսված է շահագրգիռ անձանց ծանուցելու կարգը, որի 1-ին մասի համաձայն՝ իրավասու մարմինը պարտավոր է պատշաճ կերպով ծանուցել ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց: Մինչդեռ, նույն հոդվածի մյուս դրույթների վերլուծությունից պարզ չէ, թե որն է համարվում պատշաճ ծանուցում: Բացի դրանից՝ պարզ չէ, թե արդյոք պատվիրված նամակով բոլոր շահագրգիռ անձինք են ծանուցվելու, քանի որ նույն հոդվածի 4-րդ մասը, որպես այլընտրանքային եղանակ, նախատեսում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով ծանուցումը: Առաջարկում ենք Նախագծի 17-րդ հոդվածում նաեւ հստակեցնել, որ բոլոր հայտնի շահագրգիռ անձանց համար պատշաճ ծանուցում է պատվիրված նամակով ծանուցումը:

16. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված «ՀՀ» հապավումը նշել ամբողջական տարբերակով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածում կիրառված հապավմանը:

17. ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը:

18. ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որ նշված նախագծում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

19. Առաջարկում ենք ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

20. Առաջարկում ենք ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)