ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-441-10.01.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլօրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծ ի հիմնավորման մեջ նշված է, որ ակնկալվում է Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից հաշվառված 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի (ընտանիք) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում տրամադրել: Հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Հատուցման դեպք է համարվում 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում զինծառայողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը» եւ 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հատուցման գումարները վճարվում են Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո (...) »: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով », ինչից բխում է, որ Օրենքի գործողությունը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Ուստի, կարծում ենք, Նախագծի հիմնավորման մեջ բարձրացված նպատակին հասնելու համար, այն է՝ Օրենքի հիման վրա 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում թվով 9 զինծառայողի (ընտանիք) կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում տրամադրելու համար, անհրաժեշտ է Օրենքով հստակ նշել 2017 թվականի հունվարի 1-ից առաջ ծագած այն հարաբերությունների շրջանակը, որոնց նկատմամբ պետք է տարածվի Օրենքի գործողությունը:
2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
3. Առաջարկում ենք Նախագծում «ՀՈԴՎԱԾ» բառը բոլոր տեղերում փոխարինել «Հոդված» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
4. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, քանի որ նշված օրենքը Նախագծում այլեւս չի հիշատակվում:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)