ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -450-21.01.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:
2. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 57-րդ հոդվածի 2-րդ մասում նոր խմբագրությամբ շարադրվող համապատասխանաբար 5-րդ եւ 15-րդ կետերի տեքստում կիրառվող «հսկող դատախազը» բառերը՝ իր բոլոր հոլովաձեւերով, առաջարկում ենք փոխարինել «դատախազը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ հաշվի առնելով, որ Օրենսգրքի 55-րդ եւ 57-րդ հոդվածներում կիրառվում է «ուղարկում է դատախազին» բառերը:
3. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 57-րդ հոդվածի 2-րդ մասում նոր խմբագրությամբ շարադրվող համապատասխանաբար 5-րդ եւ 15-րդ կետերի տեքստերի վերջում առաջարկում ենք տեղադրել » նշանը:
4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի հետաքննության մարմնի լիազորություններին վերաբերող 57-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, այն է՝ «15) Որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որոշումը ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:»: Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 57-րդ հոդվածը հետաքննության մարմնին, ի թիվս այլ լիազորությունների, վերապահում է հետեւյալ լիազորությունները.
գ հանցագործությունները եւ դրանք կատարող անձանց բացահայտելու , հանցագործությունը կանխելու եւ խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուզական եւ քրեադատավարական միջոցառումներ,
գ մինչեւ քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ եւ նշանակում փորձաքննություն,
գ քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու եւ ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ՝ զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների եւ վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն:
Այսպիսով, հարուցված քրեական գործի պայմաններում հետաքննության մարմինը լիազորված է կատարելոււ միայն քննչական անհետաձգելի գործողություններ եւ միայն հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Արդյունքում անհասկանալի է դառնում Նախագծով ամրագրված այն կարգավորումը, որ հետաքննության մարմինը կարող է որոշում ընդունել ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ կատարելու մասին, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ, քանի որ քրեական գործի հարուցումից հետո հետաքննության մարմինը լիազորված է կատարելու միայն քննչական անհետաձգելի գործողություններ եւ միայն հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու եւ ամրապնդելու ուղղությամբ, այլ ոչ թե քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ հերքելու կամ հաստատելու համար:
5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 15-րդ կետում առաջարկում ենք «Որոշում» բառը փոխարինել «որոշում է» բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)