ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0), ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4571 -30.01.2020-ՊԻ-011/0) եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4572 -30.01.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» :

Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

(…)

3. Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ,(…)»:

Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որի համաձայն՝ «Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝

(…)

2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.(…)» :

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը՝ Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը»:

Սահմանադրության 170-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, ի թիվս այլ դեպքերի, Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքում ընդունում է որոշում:

Վկայակոչված սահմանադրական դրույթների համադրության եւ վերլուծության արդյունքում կարող ենք նշել, որ Սահմանադրական դատարանը կրում է Սահմանադրության գերակայությունը ապահովելու պարտականությունը, որն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Հետեւաբար Սահմանադրության 168-րդ հոդվածով թվարկված լիազորությունները նաեւ Սահմանադրական դատարանի պարտականություններն են, որոնք իրականացնելով՝ Սահմանադրական դատարանն իրագործում է իր վրա դրված հիմնական պարտականությունը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովումը: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ Սահմանադրական դատարանը պարտականություն է կրում գործը քննելու համապատասխան դիմումի առկայության դեպքում միայն: Սահմանադրության 169-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ 1-ին մասով նախատեսված դեպքերում Սահմանադրական դատարան կարող են դիմել համապատասխան կետերով նշված սուբյեկտները, եթե ծագում է դիմելու անհրաժեշտությունը, սակայն 168-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը: Այսինքն՝ 168-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի առկայությունն ինքնին ենթադրում է դիմելու անհրաժեշտություն՝ պայմանավորված չլինելով Սահմանադրությամբ նախատեսված որեւէ լրացուցիչ պայմանով (օրինակ՝ նման լրացուցիչ պայման սահմանված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով դատարանների համար): Ուստի, Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով Ազգային ժողովի վրա դրված է պարտականություն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի դեպքում դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես որ նման պահանջ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է Կառավարության համար՝ մինչեւ միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը որոշելու հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Վերոգրյալից բացի, հարկ ենք համարում նշել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարտադիր որոշելուն վերաբերող ընթացակարգի նախատեսումը նպատակ է հետապնդում ապահովել Սահմանադրության գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում: Սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ «Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 203-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»: Նշվածը ենթադրում է, որ ցանկացած սահմանադրական փոփոխություն պետք է համապատասխանի անփոփոխելի սահմանադրական դրույթներին, իսկ այդ համապատասխանությունը կարող է որոշվել միայն Սահմանադրական դատարանի կողմից՝ դրանով իսկ ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Ի տարբերություն օրենքների եւ այլ իրավական ակտերի, որոնց համար Սահմանադրությամբ նախատեսված է հետագա սահմանադրական վերահսկողության հնարավորություն, արդեն իսկ ընդունված Սահմանադրության փոփոխությունների համար նման հնարավորություն առկա չէ: Նշվածից բխում է, որ Սահմանադրության փոփոխությունների՝ Սահմանադրության առնվազն 1-ին, 2-րդ, 3-րդ, 203-րդ հոդվածներին համապատասխանությունը կարող է ստուգվել միայն նախնական սահմանադրական վերահսկողության միջոցով: Այսինքն՝ եթե ընտրում ենք Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ընթացակարգը, ապա ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է փոփոխել Սահմանադրության ցանկացած դրույթ՝ բացի 1-ին, 2-րդ, 3-րդ, 203-րդ հոդվածներից, իսկ այդ հոդվածների պահպանված լինելու հարցը կարող է որոշվել միայն նախնական սահմանադրական վերահսկողության շրջանակներում: Նույն նպատակի իրականացման համար «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք ի 86-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է »:

Անդրադառնալով Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված այն մտահոգությանը, որ գործող կարգավորման պայմաններում «ՍԴ-ի համար ընդունելի կարող են լինել միայն Սահմանադրության փոփոխության այն նախագծերը, որոնք իրենցից ներկայացնում են գործող Սահմանադրության լրացումներ, առկա սահմանումների հստակեցում եւ այսպես շարունակ: (…)», նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի նկատմամբ նախնական սահմանադրական վերահսկողության կիրառումը չի կարող մեկնաբանվել այնքան բացարձակ, որ հնարավորություն տա Սահմանադրական դատարանին, ստուգելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը, ցանկացած ցանկալի դեպքում ճանաչի այն հակասահմանադրական: Սահմանադրական դատարանը, կարծում ենք, որ առաջնահերթ պետք է պարզի նախագծի ՝ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 203-րդ հոդվածներին համապատասխանությունը, իսկ այնուհետեւ ՝ նախագծով փոփոխվող դրույթների համապատասխանությունը Սահմանադրության չփոփոխվող դրույթների համակարգում: Ուստի, կարծում ենք, որ պետական իշխանության մարմինների կողմից Սահմանադրության 4-րդ եւ 6-րդ հոդվածներին համապատասխանող գործունեություն ծավալելու պայմաններում Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ, 203-րդ հոդվածներին համապատասխանող սահմանադրական փոփոխությունների իրականացումը չի կարող դրական եզրակացություն չստանալ Սահմանադրական դատարանի կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը, կարծում ենք, որ Նախագծերի փաթեթով առանց Սահմանադրական դատարան դիմելու Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ընթացակարգի նախատեսումը հակասում է Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերի վերնագրերում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2) կետով. «Սահմանադրության» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «մասում լրացնել նոր 4.2-րդ կետ. «4.2) Սահմանադրության» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «Օրենքի 86-րդ հոդվածը՝ 1. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 86-րդ հոդվածում՝ 1. լրացնել նոր 2.1-ին մաս» ձեւակերպմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «մասի «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «2.1 մասի 2-րդ կետում կամ» բառերով,» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «մասում «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել նոր «2.1-ին մասի 2-րդ կետում կամ» բառեր,» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերնագրի «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով՝ հիմք ընդունելով այն, որ ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվում է միայն մեկ լրացում եւ մեկ փոփոխություն: Նույն առաջարկը վերաբերելի է ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերին:

5. ««Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի 1-ին հոդվածի տեքստից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով այն, որ «Օրենք» բառը նախագծի տեքստում չի կիրառվում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)