ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-467-04.02.2020-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4671 -04.02.2020-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4672 -04.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները


Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Վերոնշյալից բացի՝ հարկ է նկատել, որ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 98-րդ հոդվածի 2-րդ մասում ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) նախատեսված փոփոխության տեքստում առկա է «բաժնետոմսերի եւ դրանց սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տրամադրումը, այդ թվում՝ բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) , քանակի, (…) վերաբերյալ տեղեկատվության, (…) տրամադրումը» ձեւակերպումը: Կարծում ենք, «սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն» ձեւակերպումն ունի հստակեցման կարիք, եւ կիրառելի կարող է լինել «բաժնետոմսերի սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ ցանկացած ծառայողական տեղեկատվության տրամադրումը» ձեւակերպումը:

2. Նախագծի վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենքի վերնագրի «Հայաստանի Հանրապետության» բառերին:

3. Նախագծի 1-ին հոդվածի մասերն առաջարկում ենք տեքստից անջատել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծով անցումային դրույթներում նշել, թե ինչ ժամկետներում են ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

5. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 13-րդ մաս» բառերով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 197-րդ հոդվածում լրացվող նոր 13-րդ մասում «սույն օրենքում սահմանված ժամկետներում եւ կարգով» ձեւակերպումը փոխարինել «սույն հոդվածում սահմանված ժամկետներում եւ կարգով» ձեւակերպումով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրման ժամկետների եւ կարգի վերաբերյալ կարգավորումներ պարունակում է միայն Օրենքի 197-րդ հոդվածը:

6. Նախագծի 3-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը : Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 2-րդ հոդվածներում նշված «հրապարակման օրվան» բառերին:

7. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածում նշված օրենսգրքերի վերնագրերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

8. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 172-րդ հոդվածում լրացվող նոր` 3.4-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը` «Սույն հոդվածի 3.2-րդ մասում սահմանված կանոնները չեն գործում Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրանքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ տվյալների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ դրանց սեփականատերերի (անվանատերերի) վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ: Սույն մասում նախատեսված տեղեկատվությունը քրեական հետապնդում իրականացնող մարմիններն ստանում են «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կարգով»:

Օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները , ինչպես նաեւ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա» :

Վերոգրյալ կարգավորումների վերլուծության արդյունքում ստացվում է, որ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով նախատեսված ծառայողական տեղեկատվության մի մասին քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար հասանելիության տեսանկյունից նախատեսվում է դատարանի որոշման պարտադիր առկայություն, մյուս մասի համար` ոչ: Տարբերակված մոտեցում դրսեւորելու հիմնավորումները Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են: Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչու հատկապես արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները պետք է հասանելի լինեն միայն դատարանի որոշման առկայության դեպքում:

Դիտարկվող հարցն առավել խնդրահարույց է դառնում, երբ այն համադրում ենք Նախագծերի փաթեթով կատարվող մյուս փոփոխությունների հետ: Մասնավորապես՝ մի շարք իրավասու մարմինների համար, որոնք կարող են քրեական հետապնդման մարմիններ չլինել, Օրենքի 97-րդ հոդվածով սահմանված «ծառայողական տեղեկատվությունը», որի շրջանակում առկաեն նաեւ բաժնետոմսերով իրականացված գործարքների վերաբերյալ տեղեկությունները, հասանելի կլինի առանց դատարանի որոշման: Հարկ է նկատել, որ անձանց շրջանակը, ում վերաբերյալ կարող են ստացվել համապատասխան տեղեկությունները, երկրորդ դեպքում շատ ավելի լայն է (անձինք, որոնք կարող են կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունենալ), լայն է նաեւ իրավասու մարմինների շրջանակը, որոնք կարող են ստանալ ծառայողական տեղեկատվությունը: Բացի այդ, երկրորդ դեպքում առկա չէ հարուցված քրեական գործ, իսկ քրեական գործի շրջանակներում կարգավիճակ ունեցող սուբյեկտների իրավունքների պաշտպանված լինելու երաշխիքները բազմաթիվ են: Արդյունքում, կարծում ենք, որ նախատեսվող իրավակարգավորումների համադրության արդյունքում կարող է առաջանալ խնդիր՝ կարգավորումների համաչափության տեսանկյունից:

9. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում նշված է միայն Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները տրամադրելու մասին, մինչդեռ նույն հոդվածում լրացվող նոր՝ 3.4-րդ մասում նշվում է նաեւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց մասին: Առաջարկում ենք ապահովել դրույթների համապատասխանությունը:

10. Նախագծերի փաթեթում ներառված բոլոր նախագծերում կիրառվում է ծառայողական տեղեկատվության հասկացությունը՝ տարբեր ձեւակերպումներով: Առաջարկում ենք կիրառել տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտվող հասկացություններ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում


Այսպիսով, Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել նախագծերի համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)