ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-473-07.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ եւ 13-րդ հոդվածների մասերին: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի մասերի համարակալման մեջ արված վրիպակն ուղղել՝ երկրորդ «2)» հերթական համարակալումը փոխելով «3.» համարակալմամբ:

2. Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 137-րդ հոդվածի 4-րդ մասը, այն է՝ «Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ ՝ այլ խափանման միջոց ներ ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը:

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը : Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ , որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել »:

Վերլուծելով մեջբերված իրավակարգավորումը, կարծում ենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրված Օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասում առկա «Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ (…)» ձեւակերպումը կարող է վիճահարույց լինել խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Օրենսգրքով նախատեսված պատճառաբանված որոշում կայացնելու տեսանկյունից՝ «Խափանման միջոցը կիրառվում է դատարանի , դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի որոշմամբ : Խափանման միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված , բովանդակի մեղադրյալին կամ կասկածյալին վերագրվող հանցագործության մասին նշումներ եւ համապատասխան խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության մասին հիմնավորում » (Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մաս):

Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է կատարել Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված արարքներից որեւէ մեկը: Այսինքն՝ դատարանն անձին կալանավորելու մասին պատճառաբանված որոշմամբ պետք է հիմնավորի, որ մեղադրյալը կարող է քրեական գործով վարույթի ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորել կամդատավճռի կատարմանը խոչընդոտել: Արդյունքում կալանավորման միջնորդությունը մերժելու մասին որոշումը կայացվում է ոչ միայն այն դեպքերում, երբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ, այլ նաեւ այն դեպքում, երբ բացակայում է խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալ մտահոգությունը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող իրավակարգավորման բովանդակությունը հստակեցնել՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասում առկա է հետեւյալ ձեւակերպումը՝ «(…)միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ , որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել », որի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումը.

Հանգամանքները, որոնք հայտնի չէին, բայց կարող էին հայտնի լինել, նոր երեւան եկած հանգամանքներ են, իսկ այն հանգամանքները, որոնք հայտնի չէին եւ չէին կարող հայտնի լինել՝ նոր հանգամանքներ: Բացի այդ՝ Օրենսգրքում կիրառվում են նոր եւ նոր երեւան եկած հանգամանքներ եզրույթները, որոնք ունեն որոշակի ինքնուրույն նշանակություն: Հաշվի առնելով նշվածները՝ կարծում ենք, որ Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող իրավակարգավորման տեքստում պետք է նշում կատարվի ոչ միայն այն հանգամանքների մասին, որոնք առկա են եղել, սակայն հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել, այլ նաեւ այն հանգամանքների մասին, որոնք նոր են առաջացել: Հարկ է նկատել, որ նոր հանգամանքն այսպես, թե այնպես հայտնի չէր եւ չէր էլ կարող հայտնի լինել:

Սույն կետում արված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով Օրենսգրքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 139-րդ հոդվածի 2-րդ մասում առկա նույնաբովանդակ իրավակարգավորմանը:

4. Նախագծի 5-րդ հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենսգրքի 138-րդ հոդվածի 5-րդ մասը. «Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել`

1) 1 տարին.

2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց»:

Նշված փոփոխության կատարումից հետո Օրենսգրքի 138-րդ հոդվածում շարունակում է գործել 6-րդ մասը՝ «Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում» : Կարծում ենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով արվող փոփոխության արդյունքում Օրենսգրքի վերոնշյալ կարգավորման առկայությունը դառնում է աննպատակ, քանի Նախագծի ընդունման արդյունքում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետի սահմանափակում չի գործի ինչպես դատարանում գործի քննության ընթացքում, այնպես էլ քրեական գործով մինչդատական վարույթում:

5. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 143-րդ հոդվածի 3-րդ մասում առկա է հետեւյալ կարգավորումը՝ «Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում» : Կարծում ենք, որ մեջբերված կարգավորման մեջ նպատակահարմար է նշում կատարել այն մասին, որ գրավը մուծելու պարտականությունը ծագում է ոչ թե որոշման կայացման պահից, այլ վարույթն իրականացնող մարմնի որոշումը տվյալ անձանց համար հասանելի դառնալու պահից:

6. Նախագծի 9-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 143-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ «Մինչեւ գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը » : Կարծում ենք, որ կարգավորման տեքստում առկա «կիրառում է» եզրույթն ունի հստակեցման կարիք. հասկանալի չէ, թե այդ խափանման միջոցի կիրառման համար համապատասխան որոշումը կայացվում է առանձին, թե ՞ այն կիրառելու վերաբերյալ նշում է կատարվում գրավը որպես խափանման միջոց ընտրելու որոշման մեջ:

7. Եզրակացության 5-րդ եւ 6-րդ կետերում ներկայացված դիտարկումները վերաբերելի են նաեւ Նախագծի 10-րդ հոդվածով Օրենսգրքի 147-րդ հոդվածում լրացվող 2.1-ին եւ 2.2-րդ մասերում առկա նույնաբովանդակ իրավակարգավորումներին, մասնավորապես՝ «Երաշխավորողի կողմից դրամական գումարը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյաժամկետում դատարանի կամ դատախազության դեպոզիտ» եւ «Մինչեւ երաշխավորողի կողմից դրամական գումարը մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը՝ վարույթ ն իրականացնող մարմինը ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց» ձեւակերպումներին:

8. Նախագծի 11-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 151-րդ հոդվածի 3-րդ մասում առկա են հետեւյալ կարգավորումները՝ «Կալանավորման ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել եւ վերացվել դատարանի կողմից, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաեւ դատախազի կողմից:

Դատարանի կողմից ընտրված սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող են վերացվել դատախազի կողմից» : Կարծում ենք, որ այս կարգավորումները խնդրահարույց են Նախագծով արվող մյուս փոփոխությունների եւ լրացումների հետ համադրության դեպքում: Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածներով Օրենսգրքի 137-րդ եւ 139-րդ հոդվածներում արվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվում են կարգավորումներ, որոնց առկայության դեպքում Օրենսգրքի 151-րդ հոդվածում արվող փոփոխությունները, կարծում ենք, գործնականում կիրառություն չեն ունենալու: Նախագծի 4-րդ եւ 6-րդ հոդվածներով արվող փոփոխությունների արդյունքում դատարանի կողմից անձի նկատմամաբ քրեական գործով մինչդատական վարույթում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու եւ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունների քննարկման ժամանակ այլ խափանման միջոց կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս դատարանը կարող է միայն թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառումը, բայց ոչ իր որոշմամբ ընտրել Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներից մեկը:

Արդյունքում անհասկանալի է, թե «կալանավորման ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է քրեական գործով մինչդատական վարույթում փոփոխվել եւ վերացվել նաեւ դատախազի կողմից» կարգավորումը գործնականում կիրառվելու, երբ դատարանը քրեական գործով մինչդատական վարույթում չունի լիազորություն կալանավորման ձեւով իր կողմից ընտրած խափանման միջոցը փոփոխել: Ինչպես նաեւ անհասկանալի է, թե «դատարանի կողմից ընտրված սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող են վերացվել դատախազի կողմից» կարգավորումը որ դեպքերում կարող է կիրառվել, երբ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում դատարանը չունի իրավասություն՝ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները ընտրելու:

9. Նախագծի 13-րդ հոդվածով Օրենսգրքի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննմանը վերաբերող 258-րդ հոդվածում նախատեսված փոփոխության եւ լրացման արդյունքում սահմանվում են հետեւյալ կարգավորումները՝ «7. Կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացնելու դեպքում մեղադրյալը մնում է կալանքի տակ, քանի դեռ կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված չեն:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում գրավը կամ երաշխավորության գումարը մուծվում է դատարանի դեպոզիտ »:

Կարծում ենք, որ այս կարգավորումների դեպքում եւս առկա է նախորդ կետում մատնանշված խնդիրը՝ նույն այն հիմնավորմամբ, որ քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում դատարանի համար չի նախատեսվում իրավասություն՝ ընտրելու Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներն: Մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչպես պետք է դատարանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննման ժամանակ կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին որոշում կայացնի:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)