ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-291-23.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով լիազորագիր տալու իրավունք, ի թիվս այլ սուբյեկտների, նախատեսվում է նաեւ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի համար, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված իրավակարգավորումներից դուրս է գտնվում վարչական շրջանի ղեկավարի տեղակալի նշված լիազորությունը, քանի որ Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ եւ 49-րդ հոդվածի 4-րդ մասերով սահմանված են այն սուբյեկտները, որոնք իրավունք ունեն եւ կարող են հանդես գալ համայնքի շահերի պաշտպանության հայցով կամ լինել վերջինիս ներկայացուցիչ, իսկ այդ սուբյեկտների շարքում սահմանված չէ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: Միաժամանակ հարկ է նկատել, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը նման իրավասությամբ օժտված չէ նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: Հետեւաբար վկայակոչված դրույթներին Նախագծի համապատասխանությունն ապահովելու համար՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել վարչական շրջանի ղեկավարի տեղակալին:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք ավելացնել Օրենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի  կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում: Նշված փոփոխության համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են նաեւ պետական մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի, վարչական շրջանի ղեկավարի կամ նրանց տեղակալների կողմից տրված լիազորագրերով:

Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությանն իրենց իրավասության սահմաններում դատարանում ներկայացնում են պետական համապատասխան մարմինները՝ այդ մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի միջոցով »:

Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ «Դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաեւ՝ (…) սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված անձանց լիազորած այն անձինք, որոնք ներկայացվող իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են. (…)»:

Վերոգրյալ իրավադրույթներից բխում է, որ պետական մարմնի ղեկավարի տեղակալն Օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում իրավունք ունի լիազորագիր տրամադրել Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձանց (աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձ):

Միաժամանակ հարկ է նշել, որ պետական մարմնի ղեկավարի տեղակալի իրավասությունները սահմանված են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածով, որտեղ պետական մարմնի ղեկավարի տեղակալի կողմից լիազորագիր տալու իրավասություն սահմանված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում՝ պետական մարմնի ղեկավարի տեղակալի համար սահմանելով լիազորագիր տալու իրավասություն:

2. Նույնը վերաբերում է նաեւ վարչական շրջանի ղեկավարի կողմից լիազորագիր տալու իրավասությանը: Մասնավորապես՝ գտնում ենք, որ համապատասխան լրացումն անհրաժեշտ է կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)