ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-500-04.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանի եւ Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք հղում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգ րքին (այսուհետ նաեւ` Օրենսգիրք)` նշելով օրենսգրքի լրիվ անվանումը : Սույն առաջարկ ը բխում է « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17- րդ հոդվածի 8- րդ մասի պահանջներից : Բացի այդ , հիմք ընդունելով այն հանգամանքը , որ Նախագծի 2-րդ հոդվածում Օրենսգրքին արված հղումն անորոշ է եւ հստակ չէ` առաջարկում ենք Նախագծի 1- ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի լրիվ անվանումը նշելուց հետո փակագծերում նշել « ( այսուհետ ` Օրենսգիրք )» բառերը :
2. Նախագծի 1-ին հոդվածում առկա է հետեւյալ կարգավորումը.«Օրենսգրքի 282-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.
3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ եւ 280-րդ հոդվածներով նախատեսված` քննչական գործողությունների կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) եւ այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան եւ հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով» :
Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 282-րդ հոդվածում արդեն իսկ առկա է հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս. «3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 280-րդ հոդվածով նախատեսված դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան եւ հսկող դատախազին կարող է ուղարկել էլեկտրոնային եղանակով» :
Հիմք ընդունելով վերագրյալը եւ հաշվի առնելով այն, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 282-րդ հոդվածում ներառվող տեքստը բովանդակությամբ համապատասխանում է հոդվածում արդեն իսկ առկա 3-րդ մասին` առաջարկում են Նախագծի 1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ կերպ.«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի(այսուհետ` Օրենսգիրք) 282-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. ( ) »»:
3. Նախագծի վերնագրում « ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ » բառ եր ով՝ հիմք ընդունելով նախորդ կետում արված դիտարկումը եւ հաշվի առնելով այն , որ Նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն եւ մեկ լրացում :
4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասը պարունակում է հետեւյալ կարգավորումը.
«Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ եւ 280-րդ հոդվածներով նախատեսված` քննչական գործողությունների կատարելու, դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) եւ այն հիմնավորելու համար ներկայացվող փաստաթղթերը (պատճենները) դատարան եւ հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով» :
Օրենսգրքի ՝ քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններին վերաբերող 282-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները`
«1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը ` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար:
2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձեւը, ինչպես նաեւ այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական եւ հիմնավորված որոշում ընդունելու համար: Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել` լրացնել դրանք:( )» :
Օրենսգրքի ՝ քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգին վերաբերող 283-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի համաձայն.
«1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա: Դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ներկայացրած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, դռնփակ դատական նիստում: Քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կամ դատախազը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի կամ դատախազի նախաձեռնությամբ:
( )
3. Դատավորն իրավունք ունի`
միջնորդություն ներկայացնող անձից պահանջել` միջնորդության հիմնավորվածությունն ստուգելու համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ իրեղեն ապացույցներ.
ներկայացնել բացատրություններ» :
Օրենսգրքի ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննմանը վերաբերող 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները եւ հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը »:
Վերլուծելով մեջբերված իրավական նորմերը` կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլխում ներառված հոդվածների՝ քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններին վերաբերող կարգավորումները որպես համապատասխան դատական վարույթ սկսելու հիմք նախատեսում են պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը:
Քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններից առանձնացված կարգավորումներ առկա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների վերաբերյալ դրույթներում, որոնցում հստակ նշում է կատարվում, որ որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը:
Այսպիսով, դատախազին ուղարկվող միջնորդության որոշման պատճենին կից տվյալ դեպքում պետք է ուղարկվեն նաեւ միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերի պատճենները, իսկ դատախազին, դատարանին էլեկտրոնային եղանակով ուղարկվող միջնորդությունները պիտի պարունակեն միջնորդության հիմնավորվածությունը հաստատող բոլոր նյութերը, եթե դրանք կցված են միջնորդություն պարունակող որոշմանը` հաշվի առնելով Օրենսգրքով նախատեսված պահանջները:
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասը ձեւակերպել հետեւյալ կերպ. «Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն (կցված լինելու դեպքում նաեւ միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերի պատճենները) ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողությունների կատարելու եւ 280-րդ հոդվածով նախատեսված դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները հարուցելու որոշումը եւ դրանք հիմնավորելու համար որոշմանը կցված նյութերը դատարան եւ հսկող դատախազին կարող են ուղարկվել էլեկտրոնային եղանակով» :
5. Քննարկվող փոփոխության շրջանակներում հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ փաստաթղթերը եւ միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը էլեկտրոնային եղանակով ուղարկելու կարգին :
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, ինչպես նաեւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը չեն պարունակում որեւէ ընդհանուր կարգավորում՝ փաստաթղթերը եւ նյութերը էլեկտրոնային եղանակով ուղարկելու կարգի վերաբերյալ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը նախատեսում է փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ եւ կցվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ առանձնահատուկ կարգավորումներ: Մատնանշված հանգամանքները հաշվի առնելով, կարծում ենք, նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի օրինակով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում եւս փաստաթղթերը եւ նյութերը էլեկտրոնային եղանակով ուղարկելու կարգի վերաբերյալ ընդհանուր կարգավորում նախատեսելը:
6. Նախագծի 2 -րդ հոդվածի ՝ «Օրենսգրքի 283-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
7. Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է քննիչին ուղարկվել էլեկտրոնային եղանակով:» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի 283-րդ հոդվածում լրացնել նոր ՝ 7-րդ մաս.
«7. Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը կարող է վարույթն իրականացնող մարմնին հանձնվել նաեւ էլեկտրոնային եղանակով այն ուղարկելով:»» ձեւակերպումով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգ րքի 283-րդ հոդվածի 6-րդ մասը պարունակում է կարգավորում, որի համաձայն ՝ որոշումը կայացնելու օրը դատարանն այն հանձնում է վարույթ իրականացնող մարմնին , որը որոշման պատճենն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում ուղարկում է հսկող դատախազին:
7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 283-րդ հոդվածում լրացվող նոր ՝ 7-րդ մասը միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորություն է նախատեսում միայն այն դեպքերի համար, երբ այն պետք է հանձնվի քննիչին : Այսինքն ՝ կարգավորման շրջանակից դուրս է մնացել հետաքննության մարմինը: Կարծում ենք, նպատակահարմար է միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին դատարանի որոշումը վարույթ իրականացնող մարմնին էլեկտրոնային եղանակով ուղղարկելու միջոցով հանձնելու հնարավորության նախատեսումը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումները.
«Սույն փոփոխությունները նպատակ է հետապնդում նաեւ նվազեցնելու անհարկի փաստաթղթաշրջանառությունը թղթային տարբերակով:
( )
Աշխատանքի թղթաշրջանառության եղանակից էլեկտրոնայինի անցման պարագայում կունենանք ժամանակի զգալի խնայողություն եւ դա, բնականաբար, կհանգեցնի եւ՛ ծանրաբեռնվածության նվազմանը, եւ՛ գործը օպերատիվ կատարելուն:
Ի վերջո, պետությունը մեծ ծավալի ծախսեր է կատարում իրավապահ մարմիններին համակարգչային տեխնիկայով ապահովելու համար եւ դրանք իրենց նպատակին չծառայեցնելը որեւէ կերպ արդարացված չի կարող լինել:( )» :
8. Հաշվի առնելով վերջին դիտարկումը` կարծում ենք, որ Նախագծով կատարվող փոփոխությունների տրամաբանությունից բխող եւ նպատակահարմար է նաեւ դատարանի կող մից վարույթն իրականացնող մարմնին հանձնված որոշումը հսկող դատախազին (ուղարկում է անհապաղ, բայց ոչուշ, քան 12 ժամվա ընթացքում) էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորության նախատեսումը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)