ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-507-09.03.2020-ՊԻ-011/0) եւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5071 -09.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագ ծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1 -ին եւ 2-րդ հոդվածներում նշված «հետեւյալ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառերով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ» բառին:

2. ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 190-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասի տեքստում «օրենսգրքի» բառից հետո նշված «149, 150, 1541 , 1542 , 1549 , 310.1, 314.2, 314.3» թվերն առաջարկում ենք փոխարինել «149-րդ, 150-րդ, 1541 -րդ, 154.2-րդ, 154.9-րդ, 310.1-ին, 314.2-րդ, 314.3-րդ» թվերով եւ բառերով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նշված հոդվածների համարակալումը: Նույն առաջարկը վերաբերում է նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում նշված «149, 150, 1541 , 1542 , 1549 , 310.1, 314.2, 314.3» թվերին:

Մաիաժամանակ հարկ է նկատել, որ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածում բացակայում են համարակալված մասերը, ուստի առաջարկում ենք հստակեցնել ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխությունը:

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասի համաձայն. «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների , պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների , ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542 , 1549 , 310.1, 314.2, 314.3 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով սույն մասի 1-ին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը»:

Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542 , 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» :

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը»:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը »:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասի՝ «Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների » ձեւակերպումից հասկանալի է դառնում, որ խոսքը միայն նրանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների մասին չէ: Սակայն բավարար հստակությամբ չի արտահայտվում այն կարգավորումը, թե արդյոք խոսքը նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կատարված այն հանցագործությունների մասին է, որտեղ նրանք հանդես են գալիս որպես կատարող , ինչպես նաեւ հասկանալի չէ, թե հանցակցությամբ կատարված մյուս հանցագործությունների դեպքում, երբ կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը բարձրաստիճան պաշտոնատար անձ է, ինչու չի նախատեսվում հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից նախաքննության կատարում:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասի «պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների » ձեւակերոպւմից հասկանալի է դառնում, որ խոսքը միայն նրանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների մասին է, սակայն, կարծում ենք, տարընթերցումների տեղիք է տալիս «անձանց` (…) հանցագործությունների» ձեւակերպումը: Մասնավորապես հասկանալի չէ, թե խոսքը որ խումբ հանցագործությունների մասին է` միայն այն հանցագործությունների, որոնք կատարվել են նշված պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից, թե նաեւ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների ( հանցակցությամբ կատարված հանցագործություններ), որտեղ նրանք հանդես են եկել որպես կատարող, կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք հստակեցնել քննարկվող ձեւակերպումները:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, կամ որոնցով սույն մասի 1-ին պարբերությունում թվարկված անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ , եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը » :

Նշված ձեւակերպումից կարող ենք եզրակացնել, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին, այսինքն՝ ցանկացած այլ հանցագործությանը վերաբերող քրեական գործեր: Արդյունքում ստացվում է, որ ցանկացած այլ հանցագործության պարագայում անհրաժեշտության դեպքում քրեական գործերը կարող են հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնվել, քանի որ պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին չառնչվող հանցագործություն կարող է լինել ցանկացած այլ հանցագործությունը:

Մինչդեռ, հարկ է նկատել, որ նույն մասում առկա է կարգավորում ցանկացած այլ քրեական գործին վերաբերող, որտեղ նշվում է. «Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել (…) ցանկացած այլ քրեական գործ , եթե նախաքննական այլ մարմնում դրա քննության ընթացքում թույլ են տրվել խախտումներ կամ առկա են այլ հիմքեր, որոնք կասկածի տակ են դնում նույն մարմնում այդ գործի հետագա քննության բազմակողմանիության, լրիվության ու օբյեկտիվության պահպանման հնարավորությունը» :

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք հստակեցնել «քրեական գործեր, որոնք չեն առնչվում պետական ծառայություն իրականացնող անձանց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործություններին» ձեւակերպումը՝ հստակ նշում կատարելով այն մասին, որ դրանք պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված իրենց պաշտոնեական դիրքի հետ չկապված հանցագործություններն են, եթե նշված ձեւակերպումը նախատեսելը ի սկզբանե հետապնդել է այդ նպատակը:

Վերոնշյալ դիտարկումները վերաբերում են նաեւ ««Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում առկա նույն ձեւակերպումներին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)