ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-516-13.03.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է «Կերի մասին» օրենքի «դեղային կեր» հասկացությանը վերաբերող 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել՝ նպատակ ունենալով բացառել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների, որպես կերային հավելում, ինչպես նաեւ դեղային կերերի օգտագործումը: Այս առումով, հարկ է նկատել, որ «դեղային կեր» հասկացությունը շատ ավելի լայն է, եւ իր մեջ ներառում է ոչ միայն հակաբիոտիկներ, այլեւ կենդանիների բուժման, ֆիզիոլոգիական խաթարված ֆունկցիաների վերականգնման համարնախատեսված դեղային հիմքով հավելումներ: Բացի այդ, «Կերի մասին» օրենքի շրջանակներում դեղային կեր կիրառվում է ոչ միայն անասնաբուծության ոլորտում, այլեւ սննդամթերքի պատրաստաման համար չնախատեսված այլ կենդանիների ոլորտում: Ուստի, կարծում ենք Նախագծի հիմանվորման մեջ բարձրացված խնդրի լուծման համար, այն է՝ անասնաբուծության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը բացառելը, դեղային կերն առհասարակ բացառելը, կարծում ենք, նպատակահարմար չէ:

2. Բացի այդ, Նախագծի հիմնավորման մեջ բարձրացված նպատակին հասնելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է օրենքով նախատեսել նաեւ հակաբիոտիկների օգտագործման արգելք:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածում կիրառված «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով օրենքին հղում այլեւս չի կատարվում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)

03.04.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ, կարծում ենք, որ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել «Անասնաբուժության մասին» օրենքում՝ արգելելով անասնաբուժության ոլորտում եւս հակաբիոտիկների կիրառումը:

Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)

03.04.2020թ.

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-516-13.03.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ հոդվածի 1-ն մասի 19-րդ կետը, որը վերաբերում է «դեղային կեր» հասկացությանը:

Նախագծով առաջարկվում է նաեւ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ն մասի 30-րդ կետով սահմանվող «կերային հավելումներ» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես` բացառել դեղամիջոցների օգտագործումը «կերային հավելումներ» հասկացության մեջ:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ Նախագծի հինավորման, իրավական կարգավորում կստանա անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության եւ ձկնաբուծության ոլորտներում հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործումը, ինչպես նաեւ կբացառվեն դեղային կերի կիրառումն եւ շրջանառությունը:

Բացի այդ, Նախագծի ընդունմամբ կնվազի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը, որը լուրջ հիմնախնդիր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության եւ համաշխարհային առողջապահության ոլորտի համար:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Առողջապահության ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ներկայումս ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարը հանդիսանում է առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկը: Ըստ միջազգային տվյալների, ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50 տոկոսից ավելին որպես դեղային կեր եւ կերային հավելում օգտագործվում է անասնաբուժության, անասնաբուծության, թռչնաբուծության եւ ձկնաբուծության ոլորտներում, որի արդյունքում դեղակայուն մանրէները սննդային շղթայի միջոցով կենդանիներից կարող են անցնել մարդուն՝ առաջացնելով մարդու օրգանիզմում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունություն: Այս տեսանկյունից Նախագծի ընդունումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության առումով:

Սակայն, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուծական, թռչնաբուծական եւ ձկնաբուծական տնտեսություններում լայնորեն կիրառվում են դեղային կերի եւ կերային հավելումներում դեղորայքի օգտագործումը: Այս առումով կերի կամ կերային հավելումների բաղադրության կտրուկ փոփոխությունը, մեր կարծիքով, իրենց մեջ պարունակում են չարդարացված ռիսկեր: Մասնավորապես, կարող են հանգեցնել կենդանիների շրջանում հիվանդությունների ավելացման, համաճարակների բռնկման, ինչպես նաեւ կենդանիների գլխաքանակի անկման:

Նշենք նաեւ, որ անասնաբուծական, թռչնաբուծական եւ ձկնաբուծական տնտեսությունները, չնայած օրենքով առաջարկվող սահմանափակումներին, կարող են ինքնուրույն, կենդանիների ֆիզիոլոգիական լիարժեքության, հիվանդությունների կանխարգելման, նրանց աճի եւ մթերատվության խթանման համար որոշակի կերի տեսակներին ավելացնել հակաբիոտիկներ եւ այլ դեղային հավելումներ: Այս առումով, թերեւս անհրաժեշտություն կառաջանա մշակել եւ ներդնել հսկողության եւ վերահսկողության, ինչպես նաեւ կերային հավելումներում արգելված նյութերի օգտագործման դեպքերի բացահայտման եւ կանխարգելման մեխանիզմներ :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

1. Քանի որ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ն մասի 19-րդ կետը, այն է` «դեղային կեր» հասկացությունը, ապա, մեր կարծիքով, անհրաժեշտություն կառաջանա նաեւ փոփոխություն կատարել «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ն մասի 10-րդ կետում, մասնավորապես` այդ կետի վերջին հատվածում, որը վերաբերում է դեղային կերերի, դրա արտադրության, կիրառման եւ օգտագործման պահանջներին:

2. Հայաստանի Հանրապետությունում դեղային կերի եւ կերային հավելումներում դեղամիջոցների օգտագործման, դրա արտադրության, իրացման, ներկրման եւ կիրառման սահմանափակումների պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն կառաջանա օրենքով սահմանված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել պատասխանատվության համապատասխան միջոցներ, որոնք բացակայում են եւ պետք է լրացվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

3. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ոլորտի զարգացման ռազմավարական նշանակությունը եւ համապատասխան սննդամթերքի ( տավարի, խոզի, հավի միս ) ինքնաբավության ցածր մակարդակը եւ ներկրման ծավալները, ինչպես նաեւ կենդանիներին տրվող կերակրատեսակի բաղադրության կտրուկ փոփոխությունը եւ առկա ռիսկերը, առաջարկում ենք ժամանակ եւ հնարավորություն ընձեռել տնտեսվարողներին, որպեսզի նրանք կարողանան աստիճանաբար փոփոխել կենդանիներին տրվող կերակրատեսակների բաղադրությանը՝ խուսափելով հիվանդության բռնկումներից եւ անկումներից: Այս առումով, առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածը, մասնավորապես` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» դրույթը:

Եզրակացություն

Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության մեջ հակաբիոտիկները որպես կերային հավելում օգտագործելը բացառելուն, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը նվազեցնելուն, այդ առումով առողջապահական կարեւորագույն հիմնախնդիրներից մեկը լուծելուն, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության բարելավմանը ուղղված իրավական կարգավորումները ապահովելուն:

Սակայն, հարկ ենք համարում նշել, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի եւ չի կարող ամբողջական լուծել դրանով հետապնդվող խնդիրը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

25.03.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կերերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-516 -13.03.2020- ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կերերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմանական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառել անասնաբուծության մեջ դեղային կերերի օգտագործումը եւ կանոնակարգել հակաբիոտիկների օգտագործումն որպես կերային հավելում:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը պարունակում է առողջապահական հիմնախնդիրներ:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունմամաբ իրավական կարգավորում կստանա անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործումը, եւ կբացառվի դեղային կերերի օգտագործումը, ինչը կնպաստի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարին, որը ներկայումս հանդիսանում է առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

24.03.2020թ.