ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-546-06.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագ ծի 1 -ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին` նշելով օրենսգրքի հերթական համարը:
2. Նախագծի 1-ին հոդվածի «լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ եւ 1.2-րդ մասեր» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասեր» ձեւակերպումով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 151-րդ հոդվածում լրացվում են նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասեր, որոնք վերաբերում են ծանր հիվանդությամբ տառապող անձին կալանքից ազատելուն: Կարծում ենք, առավել նպատակահարմար է նշված լրացումը իրականացնել Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից հետո, այն է` «2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:
3. Կալանավորման ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել եւ վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաեւ դատախազը:
Դատարանի կողմից ընտրված՝ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող է վերացնել դատախազը» :
Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 151-րդ հոդվածում լրացվող նոր 1.2-րդ մասի «1.1-րդ» թիվը փոխարինել «1.1-ին» թվով:
4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 151-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին եւ 1.2-րդ մասերում կիրառվող «հսկող դատախազ» բառերն` իր բոլոր հոովաձեւերով, առաջարկում ենք փոխարինել «դատախազ» բառով` իր բոլոր հոլովաձեւերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածում կիրառվում է «դատախազ» եզրույթը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 151-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի «վերագրվող արարքի ծանրությունը» բառերը փոխարինել «վերագրվող հանցագործության ծանրությունը» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը (Օրենսգրքի 432-րդ հոդվածում կիրառվում է «հանցագործություն» եզրույթը) եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանրության աստիճանով կարող է բնորոշվել միայն հանցագործությունը:
5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 151-րդ հոդվածում լրացվող նոր` 1.1-ին մասի համաձայն` «Հսկող դատախազը կարող է անձին ազատել կալանքից , եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ծանր հիվանդությամբ տառապող անձին կալանքից ազատելու հարցը լուծելիս հսկող դատախազը հաշվի է առնում վերագրվող արարքի ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը եւ այլ հանգամանքներ» :
Կարծում ենք, «անձին ազատել կալանքից» ձեւակերպումը պետք է փոխարինել «որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխել կամ վերացնել» ձեւակերպումով: Նշված առաջարկը հիմնավորվում է հետեւյալով.
5.1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը «անձին կալանքից ազատել» հասկացությունը կիրառում է այլ իմաստով, մասնավորապես` Օրենսգրքի 142-րդ հոդվածը վերաբերում է մեղադրյալին կալանքից ազատելուն, որի 1-ին մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.
«Մեղադրյալը քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնի որոշման հիման վրա կալանքից ենթակա է ազատման, եթե`
1) կարճվել է համապատասխան քրեական գործի վարույթը , կամ նրա նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը.
2) դատարանը դատապարտյալին նշանակել է պատիժ, որը կապված չէ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ կալանքի հետ.
3) քրեական վարույթն իրականացնող մարմինը պարզել է անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը .
4) լրացել եւ չի երկարացվել կալանավորման մասին որոշում կայացնելիս կալանքի տակ պահելու` դատարանի կողմից սահմանված ժամկետը.
5) լրացել է անձին կալանքի տակ պահելու սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը.
6) անձին կալանքից ազատելու համար սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարված են» :
5.2. Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածը, որում կատարվում է Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը, վերնագրված է «Խափանման միջոցը փոփոխելը եւ վերացնելը», ուստի կարծում ենք, որ 5-րդ կետում արված առաջարկը հիմանվորվում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով:
5.3. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը պարունակում է հետեւյալ կարգավորումը. «Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան, համապատասխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հսկողություն իրականացնող դատախազին` հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ » :
Մեջբերված կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածում նախատեսվում է հետեւյալ ձեւակերպումը` «կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան», մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 151-րդ հոդվածում լրացվող նոր 1.2-րդ մասում առկա են այլ ձեւակերպումներ. «Սույն հոդվածի 1.1-րդ մասով նախատեսված դեպքում, երբ կալանավորված անձը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ , հսկող դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա , իրավունք ունի որոշում կայացնել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ կալանավորված անձին ազատ արձակելու մասին »:
Կարծում ենք, որ անհրաժեշտ է Օրենսգրքում եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում առկա ձեւակերպումները համապատասխանեցնել միմյանց:
Բացի այդ, առաջարկում ենք խմբագրել «կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ կալանավորված անձին ազատ արձակելու մասին» ձեւակերպումը` հաշվի առնելով եզրակացության 5-րդ կետում եւ դրա ենթակետերում առկա դիտարկումները:
6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 151-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասերը ծանր հիվանդությամբ տառապող անձին կալանքից ազատելու (խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու) հնարավորություն նախատեսում են միայն դատախազի համար, մինչդեռ Օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.
«Կալանավորման ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել եւ վերացնել դատարանը , իսկ քրեական գործով մինչդատական վարույթում ` նաեւ դատախազը »:
Հաշվի առնելով վերոգրյալը` կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումների արդյունքում «անձին կալանքից ազատելու» լիազորությունը միայն «հսկող դատախազի» համար նախատեսելը հակասում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին:
7. Նախագծի 2-րդ հոդվածի «մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ» բառերն առաջարկում ենք փոխարնել «մասում լրացնել նոր նախադասություն» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)
27.04.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)
27.04.2020թ.