ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-552-08.04.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը):

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, այն է` տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության իրավասությանն են վերաբերում կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ բաժինների որոշ հոդվածներ եւ 4-րդ բաժինն ամբողջությամբ: Այնուամենայնիվ, միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների ամբողջական ցանկը Նախագծին կից ներկայացված չէ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ամբողջական տեղեկատվությունը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

21.04.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

1. ««Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 26-րդ հոդվածի կարգավորումը պարտավորեցնում է յուրաքանչյուր կողմի ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ իրավաբանական անձանց քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Հետեւաբար Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

2. Կոնվենցիայի VI գլխում նախատեսված կարգավորումները կարող են անհրաժեշտություն առաջացնել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

21.04.2020թ.