ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-560-14.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ
Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Աննա Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով լրացում է կատարվում Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, որի արդյունքում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«1. Հայցադիմումին կցվում են`

1) օրենքով սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը ` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին» :

Այսպիսով, նշված լրացման արդյունքում որպես պետական տուրքի վճարումը հավաստ ելու եղանակ սահմանվում է ոչ միայն վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կցելը, այլ նաեւ փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը կցելը:

Նույնաբովանդակ լրացումներ նախատեսվում են նաեւ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 134-րդ հոդվածի 4-րդ մասում, 158-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 186-րդ հոդվածի 2-րդ մասում, որոնցում կիրառվում են«պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը » եւ «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը » ձեւակերպումները:

Նշվածի վերաբերյալ հարկ է նկատել, որ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` էլեկտրոնային փաստաթուղթ է տեղեկությունը ` գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում եւ պահպանվում է տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ: Էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա:

«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` էլեկտրոնային կրիչի վրա գրանցված եւ նույնական էլեկտրոնային փաստաթղթերի բոլոր օրինակները համարվում են բնօրինակներ եւ ունեն հավասար իրավական նշանակություն, իսկ նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` էլեկտրոնային փաստաթղթի պատճենները ստեղծվում են էլեկտրոնային փաստաթղթի ներկայացման արտաքին ձեւով` թղթի վրա ` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացնելով դրանց համապատասխանությունը բնօրինակին:

Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը եւս փաստաթուղթ է, քանի որ պարունակում է տեղեկություն` գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, որի բնօրինակը կարող է գոյություն ունենալ միայն էլեկտրոնային կրիչի վրա: Ուստի, Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 134-րդ հոդվածի 4-րդ մասում, 158-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 186-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը » եւ «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը » ձեւակերպումները ձեւակերպումները ներառում են ինչպես պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը, այնպես էլ էլեկտրոնային եղանակով ստացված վերը նշված ծածկագիրը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 134-րդ հոդվածի 4-րդ մասում, 158-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 186-րդ հոդվածի 2-րդ մասում ծածկագրի վերաբերյալ լրացում կատարելու հետ մեկտեղ «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը» եւ «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը» ձեւակերպումները փոխարինել «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը» բառերով, քանի որ ծածկագիրը վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակի հետ մեկտեղ ներառվում է «պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ» հասկացության մեջ:

2. Նախագծի` օրենքի ուժի մեջ մտնելուն վերաբերող հոդվածի համար ն առաջարկում ենք ուղղել` «2» թվի փոխարեն «6» գրելով` հաշվի առնելով հոդվածների համարակալման տրամաբանական հաջորդականությունը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին եւ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

04.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

04.05.2020թ.