ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-580-20.04.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը` «2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետեւյալ չափերով.

1) աշխատավարձի 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 25 000 դրամ ,

2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի)` 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 300 000 դրամ .

3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.

4) որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 25 000 դրամ :

3. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում (եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը) անձը սոցիալական վճարը կատարում է հետեւյալ չափերով.

1) աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի), որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, ոչ ավել քան 25 000 դրամ .

2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.»:

Կարծում ենք, նշված իրավակարգավորումները խնդրահարույց են հետեւյալ հիմնավորմամբ.

Նախ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ նաեւ` Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի եւ Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ` վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ` հարկային հարաբերություններ), սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի եւ վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում` հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ հարկային արտոնությունները»:

Օրենսգրքի 4-րդ հոդվածում սահմանվում են Օրենսգրքում կիրառվող հիմնական հասկացությունները, մասնավորապես 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «1. Հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով` ստորեւ նշված հասկացություններն ունեն հետեւյալ իմաստն ու նշանակությունը. … 2) վճար` Օրենսգրքով նախատեսված պետական կամ տեղական վճար.»:

Օրենսգրքի 7-րդ հոդվածում սահմանված են վճարի տեսակները, որի համաձայն` «1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`

1) պետական վճարներ, որոնց տեսակներն են`

ա. պետական տուրքը,

բ. բնօգտագործման վճարը,

գ. սոցիալական վճարը,

դ. ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը եւ օգտագործման պարտադիր վճարը,

ե. հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը,

զ. կենսաթոշակային վճարը.

2) տեղական վճարներ, որոնց տեսակներն են`

ա. տեղական տուրքը,

բ. տեղական վճարը»:

Վերոնշյալ իրավական կարգավորումներից բխում է, որ սոցիալական վճարների հետ կախված հարաբերությունները հանդիսանում են Օրենսգրքի կարգավորման առարկա: Հետեւաբար` սոցիալական վճարների հետ կապված հարաբերությունները պետք է դիտարկել նաեւ Օրենսգրքով սկզբունքների համատեքստում:

Քննարկվող հարցի շրջանակներում հարկ ենք համարում անդրադառնալ Օրենսգրքի խտրականության բացակայության սկզբունքին: Մասնավորապես, Հարկային օրենսգրքի 3-րդ հոդվաժի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «1.Հայաստանի Հանրապետությունում գործում է միասնական հարկային համակարգ` հիմնված հետեւյալ սկզբունքների վրա.

4) խտրականության բացակայություն` հարկերի ու վճարների կիրառությունը եւ հարկային վարչարարությունը չպետք է ունենան խտրական բնույթ` կախված սոցիալական, քաղաքական, կրոնական, էթնիկական, գաղափարական, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ գործոններից.»:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում առաջարկվող իրավադրույթներում անկախ աշխատավարձի չափից սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման մեկ հիմնական դրույքաչափ` աշխատավարձի 5 տոկոսի չափով, ոչ ավելի քան 25 000 դրամը: Սակայն, հարկ է նկատել, որ նման իրավակարգավորման դեպքում 500 000 դրամից բարձր աշխատավարձ ստացող անձինք, վճարելու են աշխատավարձի 5 տոկսից պակաս չափով սոցիալական վճար, ի տարբերություն մինչեւ 500 000 դրամ աշխատավարձ ստացող անձանց, ովքեր վճարում են աշխատավարձի 5 տոկոսի չափով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարծում ենք, Նախագծով առաջարկվող իրավակարգավորման դրույթները կարող են խդրահարույց լինել Օրենսգրքի խտրականության բացակայության սկզբունքի համատեքստում:

2. Նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանումը առաջարկում ենք շարադրել հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը` հաջորդականությամբ նշելով օրենքի վերնագիրը (Կուտակային կենսաթոշակի մասին), օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Նաեւ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել :

3 . Նախագծի 1-ին հոդվածում «այսուհետ (օրենք) » ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել « ( այսուհետ` Օրենք) » ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 6-րդ հոդվածի տեքստի վերջում առաջարկում ենք փակել չակերտները:

5. Նախագծի 2-րդ հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասի տեքստը ներառել չակերտների մեջ:

6.Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում կիրառվում են «ամսական համախառն եկամուտ» հասկացությունը, մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրման արդյունքում Օրենքի կարգավորումներից հանվում է «ամսական համախառն եկամուտ» հասկացության սահմանումը:

Այպիսով` Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.

«( … ) Ամսական համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի եւ դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու ամսվա ընթացքում անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: ( … :

Մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 6-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրման արդյունքում դրա 6-րդ մասով նախատեսվում է միայն հետեւյալ կարգավորումը.

«6. Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իրմիջոցների հաշվին հաշվարկում եւ փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչեւ երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը»:

7. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Օ րենք ի 81-րդ հոդվածի 8-րդ մասը, որի նպատակն է, Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտների շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարելը, եւ առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմը 500 000 ՀՀ դրամ սահմանելը:

Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «սոցիալական վճարը» հանդիսանում է պետական բյուջեի եկամուտների աղբյուր՝ հարկային եկամուտների մասով: Այսինքն, Նախագծով նախատեսված կարգավորումներից պարզ է դառնում, որ Պետական բյուջեի եկամուտների 2020 թվականի հուլիսի 1-ից հետո անկնկալվող սոցիալական վճարների գծով ավելացումը նախատեսվում է չեղյալ համարել, ինչը, կարծում ենք, անհրաժեշտ է քննարկել հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից:

8. Նախագծի 4-րդ հոդվածի տեքստում արված վրիպակն առաջարկում ենք ուղղել`հանելով «1-ից» թվից հետո նշված « »: » կետադրական նշանները:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

11.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

11 .05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Պ-580-20.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, եւ առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500.000 ՀՀ դրամը:

Ըստ Նախագծի հեղինակների` գործող օրենքով 500.000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500.000 ՀՀ դրամը, որը 2020 թվականի հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, որն այս պահին կազմում է 1.020.000 ՀՀ դրամ: Արդյունքում, 500.000 ՀՀ դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչեւ 52.000 ՀՀ դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը եւ նաեւ սպառումը: Մյուս կողմից, այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները եւ կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում եւ լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է: Միեւնույն ժամանակ, այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչեւ 500.000 ՀՀ դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500.000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500.000 ՀՀ դրամի համար սահմանված վճարի չափով:

Նախագծի հեղինակների հաշվարկներով, առաջարկվող փոփոխությունը չիրականացնելու դեպքում, մոտ 25.000 քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Արդյունքում, տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից եւ հարկերի նվազումից՝ առավել եւս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստավոր պայմաններ ստեղծել ոչ միայն պետբյուջեի հարկային եկամուտների գանձման, այլեւ բարձր վարձատրություն ստացող որոշակի խավի համար, համարելով, որ տվյալ պահին կատարվող սոցիալական վճարների չափը տվյալ խավին արդեն իսկ դնում է լավագույն վիճակում` մյուս վճարողների համեմատ:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Ի թիվս Նախագծի հեղինակների կողմից նշվածների, առաջարկվող իրավակարգավորումները, մեր կարծիքով, կնպաստեն նաեւ ստվերային եկամուտների ստացման խթանների թուլացմանը եւ ստվերային եկամուտների կրճատմանը:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել երկու նկատառումներ:

1. Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում որոշակի խնդիրներ կարող են ծագել կուտակային կենսաթոշակների կառավարումն իրականացնող կազմակերպությւնների մոտ` կապված նրանց ակնկալվող եկամուտների կրճատման հետ, որի արդյունքում նրանք ստիպված կինեն վերանայել իրենց կողմից իրականացվող ներդրումային ծրագրերը: Այս կապակցությամբ, հաշվի առնելով նաեւ այդ կազմակերպությունների գործունեության կարեւոր դերն ու նշանակությունը, կարծում ենք, նպատակահարմար կլինի տվյալ փոփոխությունները քննարկել նաեւ հիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` առաջարկվող փոփոխությունների կենսագործումն առավել հարթ իրականացնելու նպատակով:

2. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում, ըստ էության, նախատեսվում է անցում կատարել առավելապես համահարթ վճարների գանձմանը` սոցիալական վճար կատարողների յուրաքանչյուր խմբի համար սահմանելով վճարի մեկ միասնական չափ: Տվյալ մոտեցումը համահունչ է նաեւ եկամտային հարկի համահարթ դրույքաչափին անցման քաղաքականությանը, ինչն էլ, մեր կարծիքով, կարող է արդարացված լինել նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետ կապված:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող այն խնդիրները, որոնք կապված են սպառման եւ կեսաթոշակային կուտակումների միջեւ ՀՀ քաղաքացիների եկամուտների վերաբաշխման հետ` առավելություն տալով ներկա սպառմանը: Նոր կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակում տվյալ քայլն, անշուշտ, կարող է դրական ազդեցություն ունենալ ինչպես քաղաքացիների կենսամակարդակի, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների ավելացման տեսանկյունից, սակայն առաջացած ճգնաժամի հաղթահարումից հետո, կարծում ենք, իմաստ կունենա եւս մեկ անգամ վերաիմաստավորելու տվյալ մոտեցումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

05. 0 5 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ-580-20.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ
՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմանական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի ՝ մինչեւ 2020թ.-ի հուլիսի 1-ը սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը կազմում է 500 000 դրամ, իսկ ս/թ. հուլիսի 1-ից այն կկազմի ամսական նվազագույն աշխատավարձի 15-ապատիկը: Նախագծով առաջարկված փոփոխությունները ուղղված են 2020թ.-ի հուլիսի 1-ից սոցիալական վճարների շեմի բարձրացումը չեղյալ համարելու եւ սոցիալական վճարի առավելագույն շեմ սահմանել 500 000 դրամ:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը պարունակում է սոցիալական հիմնախնդիր:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Ներկայացված նախագծի ընդունման արդյունքում, ըստ հեղինանկերի, մոտ 25 000 պարտադիր կուտակայինկենսաթոշակի մասնակիցներ լրացուցիչ սոցիալական վճարներ չեն կատարի, ինչը հնարավարություն կստեղծի խուսափել տարեկան մոտ 8,4 մլրդ դրամ դրամաշրջանառությունից դուրս բերելուն:

Դրա հետ մեկտեղ, հարկ ենք համարում նշել, որ կուտակային կենսաթոշակի ներդրման հիմնական նպատակը կենսաթոշակային եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է ՝ ապահովելով կատարված կենսաթոշակների վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը, որը բացակայել է սերունդների համերաշխությանսկզբունքով գործող կենսաթոշակային համակարգում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

08. 05.2020թ.