ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-585 - 23.04 .2020- ՊԻ -011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 10-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 3-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի, 16-րդ հոդվածի 5-րդ մասի «հետեւյալ խմբագրությամբ» բառերին:

2. Նախագծի 3-րդ, 9-րդ, 11-րդ, 13-18-րդ հոդվածներում առաջարկում ենք համարակալված մասերի համարները տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 4-րդ կետ» բառերով, 9-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառերով, 13-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 6-րդ մասերի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառերով, 14-րդ հոդվածի 2-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 6-րդ մաս» բառերով, 16-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառերով, 17-րդ հոդվածի 3-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 13-րդ կետ» բառերով, 18-րդ հոդվածի 2-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ եւ 7-րդ մասեր» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 6-րդ եւ 7-րդ մասեր» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 7-րդ հոդվածով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 25-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի երկրորդ նախադասությունը ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Սույն մասով նախատեսված հատակագծերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով` անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով», մինչդեռ նշված 4-րդ մասը վերաբերում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից հատակագծերի ձեւերի, հատակագծերին ներկայացվող պահանջների եւ դրանց ներկայացման վերաբերյալ կարգի սահմանմանը, ուստի առաջարկում ենք հղում կատարել Օրենքի 25-րդ հոդվածին` նշելով «Սույն հոդվածով նախատեսված հատակագծերը» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 2-ր մասի կետերի «ա» եւ «բ» տառերով համարակալումն առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «1)» եւ «2)» համարակալմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասի կետերի համարակալմանը:

6. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնՕրենքի 43-րդ հոդվածում կատարվում է լրացում, այն է` 1.1-ին մաս, որը սահմանում է` «1.1 Եթե ամուսնության ընթացքում ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը դիտարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է միայն ամուսիններից մեկը, ապա ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը» :

Վերոնշյալ իրավակրագավորման անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ.

Նախ` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը», սակայն Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասից հանվում է «նման գրանցման գործողության ընթացքում» բառերը:

Այսպիսով, եթե «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասից հանվում է «նման գրանցման գործողության ընթացքում» բառերը, ապա Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվող լրացումը, կարծում ենք, ներառվում է Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում, քանի որ նշված իրավադրույթը ենթադրում է ամուսինների` ոչ միայն իրավունքների գրանցման գործողության ընթացքում, այլ ընդհանրապես ցանկացած ժամանակ ներկայացված համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ ամուսինների համատեղ սեփականության իրավունքի գրանցում:

7. Նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ մասով Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվող նոր պարբերության «իսկական օրինակը» բառերն առաջարկում ենք փոխարինել «բնօրինակը» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը:

8. Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետով նախատեսվում է Օրենքի 73-րդ հոդվածի 12-րդ կետում «9-11.6-րդ» բառերը փոխարինել «9-11.9-րդ» բառերով: Նախագծով արվող փոփոխության կապակցությամբ նշենք, որ փոփոխությունը կատարվում է թվերում, հետեւաբար, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, առաջարկում ենք «բառերը» եւ «բառերով» բառերը փոխարինել համապատասխանաբար «թվերը» եւ «թվերով» բառերով:

9. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող15-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ նախադասությամբ նախատեսվում է հետեւյալ կարգավորումը` «Ընդ որում, եթե կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի բովանդակությունից կամ էությունից պահանջվում է սույն մասի 11.1-11.9-րդ կետերով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի լուսապատճեններ, բացառությամբ կադաստրային գործի բոլոր փաստաթղթերի լուսապատճենների, ապա գանձվում է նաեւ այդ կետերով նախատեսված համապատասխան վճարները» :

Կարծում ենք, հստակեցման կարիք ունի «բովանդակությունից կամ էությունից պահանջվում է տեղեկատվություն» ձեւակերպումը: Ինչպես նաեւ հասկանալի չէ, թե ինչու կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի հիման վրա տրամադրվող լուսապատճենները տրամադրելիս պետք է գանձվի նաեւ տեղեկատվության համար սահմանված վճարները, եթե հատուկ նշում չի կատարվում այն մասին, որ կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճեններ տրամադրելու դիմումի բովանդակության վերլուծությունից` դա որպես համապատասխան տեղեկատվություն ստանալու դիմում մեկնաբանելուց հետո պետք է տրամադրվի համապատասխան տեղեկատվությունը, ինչպես նաեւ կցվի համապատասխան փաստաթղթերից լուսապատճենները, եթե դիմամտուն հայտնել է նաեւ դրանք ստանալու ցանկություն: Կարծում ենք, որ քննարկվող իրավիճակը պետք հստակ իրավական արտահայտում ունենա Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող15-րդ կետի «բ» ենթակետի երկրորդ նախադասությունում, այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ կպահանջվի եւ կտրամադրվի միայն կադաստրային գործի փաստաթղթերից լուսապատճենները, սակայն կգանձվի եւ ՛ լուսապատճեններ տրամադրելու գումարը, եւ ՛ տեղեկատվության համար սահմանված վճարը:

10. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին» բառերն առաջարկում ենք փոխարինել «մարզպետներին» բառերով՝ ղեկավարվելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքը:

11. Նախագծի 19-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

14.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

14 .05.2020թ.