ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-587-23.04.2020-ՊԻ-011/0) եւ ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5871 -23.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին եւ 2-րդ հոդվածների մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել կետերով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 4-րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ նրանց իրավասության շրջանակը .

7) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը համակարգող , ինչպես նաեւ կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք .»:

Օրենքի գործող կարգավորման համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ հանգամանքների շարքում նաեւ սահմանվում են`

«6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասության շրջանակը.

7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.» :

Օրենքի՝ արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմիններին վերաբերող 8-րդ հոդվածի համաձայն. «1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։

2. Պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը ։ Պարետատունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած պարետը » :

Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի վերոնշյալ հոդվածը.

«Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման առանձնահատկությունները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետը արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության պարետ (այսուհետ` պարետ):

2. Պարետն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը , ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը : Սույն մասով սահմանված լիազորությունների իրականացման համար պարետը կարող է ընդունել համապատասխանաբար վարչապետի կամ փոխվարչապետի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում պարետը կարող է ստեղծել եւ ղեկավարել պարետատուն` որպես համապատասխանաբար վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին : Պարետատան կազմը եւ գործունեության կարգը սահմանում է պարետը» :

Այսպիսով` Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում Օրենքով պետական կառավարման համար ստեղծվող հատուկ մարմինը` պարետատունը, այլեւս չի ստեղծվելու որպես արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնող պետական մարմին, այլ որպես վարչապետին կամ փոխվարչապետին կից խորհրդակցական մարմին: Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածի կարգավորման համաձայն՝ պարետն է իրականացնումարտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, ինչպես նաեւ համակարգում է արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացումը, իսկ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել, որ վարչապետը կամ այդ որոշմամբ սահմանված փոխվարչապետն արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե հանդես է գալիս որպես արտակարգ դրության պարետ :

Հաշվի առնելով նշված փոփոխությունները` կարծում ենք, հստակեցման կարիք ունի Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում կատարվող փոփոխությունների արդյունքում նախատեսվող հետեւյալ կարգավորումը. «6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմինները եւ նրանց իրավասության շրջանակը.» : Նշված առաջարկը հիմնավորվում է նաեւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ կետի կարգավորման շրջանակը հաշվի առնելով, մասնավորապես՝ նոր կարգավորման պարագայում ստացվում է, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ հանգամանքների շարքում նաեւ սահմանվում են արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը համակարգող , ինչպես նաեւ կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք :

Հիմք ընդունելով վերոգրյալը` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում անդարադառանալ միայն արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների եւ ուժերի ղեկավարումն իրականացնող եւ կիրառվող միջոցառումների իրականացումը համակարգող մարմինների, պաշտոնատար անձանց իրավասության շրջանակին:

3. Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 11-րդ հոդվածում լրացվում է նոր՝ 4-րդ մաս.

«Համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին եւ կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը»:

Մեր կարծիքով, համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակող պահանջը, որի խախտման համար օրենքով նախատեսվում է պատասխանատվություն, վարչական ակտ է: Մասնավորապես՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, եւ ուղղված է անձանց համար իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաեւ որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որեւէ խմբի»:

Անդրադառնալով նշված վարչական ակտի գրավոր կամ բանավոր լինելու հարցին՝ նշենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 54-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձեւով:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր:

Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:

Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին` սույն օրենքով ներկայացվող պահանջները:

3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձեւով (այսուհետ ՝ այլ ձեւի վարչական ակտեր) » ։

Կարծում ենք, համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակող պահանջն առավել նպատակահարմար է ձեւակերպել գրավոր, քանի որ գրավոր ձեւակերպումը հնարավորություն կտա նաեւ բացառելու վարչական ակտի բողոքարկման արդյունքում դրա կատարումը կասեցնելու հնարավորությունը՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածին համապատասխան:

Հ ամաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը սահմանափակող գրավոր պահանջը պետք է բավարարի նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 56-րդ հոդվածովվարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջներին, այն է՝

1. Վարչական ակտը պետք է ձեւակերպվի հստակ եւ հասկանալի:

2. Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

4. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթում սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

27.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

27.04.2020թ.