ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-589-23.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյան
ի , Արարատ Միրզոյան ի , Հովհաննես Հովհաննիսյան ի , Մխիթար Հայրապետյան ի , Արուսյակ Ջուլհակյան ի , Սարգիս Խանդանյան ի , Արսեն Ջուլֆալակյան ի , Թագուհի Ղազարյան ի եւ Լիլիթ Մակունց ի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում (այսուհետ նաեւ ` Օրենսգիրք ) լրացվում է նոր` 393.1-ին հոդված.

«Հոդված 393.1 Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,

1. Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը`

պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է.

1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով `

պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ »:

Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

1.1.Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 393.1-ին հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումից կարող ենք եզրակացնել, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը նույն հոդվածի 1-ին մասով կարող է որակվել միայն այն դեպքերում, երբ այն չի կատարվել զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, ինչպես նաեւ, երբ բացակայում են հանցագործությունը որակյալ դարձնող մյուս հատկանիշները, դրանք են` կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն. «Ուղղակի հրահրումը քննարկվող արարքներում պետք է նշանակի, որ հրահրումը, կոչը պետք է լինի հստակ ( ... ) : Միաժամանակ, հրահրումը պետք է լինի հրապարակային, ինչը նշանակում է տեղեկատվության տարածումը կամ որեւէ կերպ այն հանրությանը մատչելի դարձնելը պետք է կրի հրապարակային բնույթ` անկախ տարածման եղանակներից: Այն պետք է լինի ընկալելի հասանելի, լսելի անձանց լայն շրջանակի համար: Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը ինքնին արդեն իսկ մեծ վտանգավորություն է ներկայացնում, սակայն այն հանրության համար առավել վտանգավոր է դառնում, երբ դրսեւորվում է զանգվածային լրատվության միջոցներով, համակարգչային համակարգի միջոցով ( ... ) : Արդյունքում նշվածները ներկայացվել են որպես քննարկվող հանցակազմի ծանրացնող հանգամանքներ : Այս իսկ ատճառով նախագծով առաջարկվում է նախատեսել առավել խիստ պատիժ նշված արարքների համար ( ... ) » :

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ քննարկվում է նաեւ զանգվածային լրատվության միջոցները որպես բռնության կոչերի, դրա խրախուսման եւ հրարհման միջոց օգտագործելու հարցը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվում Ռուանդայի միջազգային քրեական դատարանի արահայտած դիրքորոշումներին, որոնց համաձայն` « ( ... ) ԶԼՄ-ները ընդունակ են ստեղծել եւ ոչնչացնել մարդկային հիմնարար արժեքներ: Նրանք, ովքեր վերահսկում են ԶԼՄ-ները, պատասխանատվություն են կրում դրանց հետեւանքների համար» : Ինչպես նաեւ անդրադարձ է կատարվում բարձր հաղորդակցման համակարգի միջոցով ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրմանը` որպես օրինակ նշելով երգեր հեռարձակող բարձր հաղորդակցման համակարգերով հագեցած ավտոմեքենայով շրջելիս կապի համակարգը որպես կոչեր անելու միջոց օգտագործելը:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը զանգվածային լրատվությունը սահմանում է հետեւյալ կերպ. «զանգվածային լրատվություն` անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածում, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու եւ տարածելու տեղեկություններ ու գաղափարներ :

Լրատվությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցի տարածմամբ»:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է զանգվածային լրատվության միջոցի հասկացությունը ՝

«2) զանգվածային լրատվության միջոց` լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`

- մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միեւնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,

- հեռուստառադիոհաղորդմամբ,

- հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից,

- համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող եւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքի միջոցով:

Լրատվության միջոց են նաեւ լրատվական գործակալության եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձեւից, թողարկման օրինակների քանակից կամ որեւէ այլ չափանիշից.» :

Այսպիսով` Նախագծով Օրենսգրքում լրացվող նոր` 393.1-ին հոդվածի 2-րդ մասի ձեւակերպումից`« կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով» , կարող ենք ենթադրել, որ անձանց շատ ավելի լայն շրջանակի հասանելի լինելը դիտարկվում է որպես ծանրացնող հանգամանք, քանի որ զանգվածային լրատվությունն անսահմանափակ թվով անձանց համար հասանելի տեղեկատվության տարածումն է, որի հիմնական նպատակն է ապահովել մարդու սահմանադրական իրավունքը` ազատորեն, անկախ պետական սահմաններից` փնտրելու, ստանալու եւ տարածելու տեղեկություններ ու գաղափարներ : Բացի այդ, զանգվածային լրատվությունը դիտվում է որպես մարդկային հիմնարար արժեքներ ստեղծելու եւ ոչնչացնելու հնարավորություններ ունեցող գործիք:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նկատել, որ այդպիսի գործիք կարող է դիտարկվել նաեւ հաղորդակցման համակարգի միջոցը, որը եւս հնարավորություն է տալիս տեղեկատվությունը տարածել անսահմանափակ թվով անձանց շրջանակում:

Մինչդեռ, Նախագծով Օրենսգրքում լրացվող նոր` 393.1-ին հոդվածի 2-րդ մասի « համակարգչային համակարգի միջոցով կատարելը» ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում, մասնավորապես` դրանում հստակ արտահայտված չէ հաղորդակցման համակարգի միջոցով տեղեկատվությունն անսահմանափակ թվով անձանց շրջանակում տարածելու հատկանիշը: Համակարգչային համակարգի միջոցով ցեղասպանության հրապարակային եւ ուղղակի հրահրում կարող կատարվել անձանց լայն շրջանակում , սակայն ոչ ա նսահմանափակ թվով անձանց շրջանակում կամ ա նսահմանափակ թվով անձանց հասանելի դարձնելու հնարավորությամբ: Արդյունքում` անձանց լայն շրջանակում արված հրահրումը, որը կարող է համարվել հրապարակային, կարող է ուղղված լինել անձանց ավելի լայն շրջանակի, համեմատած համակարգչային համակարգի միջոցով արված հրապարակային հրահրման դեպքում ներառվող անձանց լայն շրջանակի հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ առաջնորդվելով համաչափության սահմանադրական սկզբունքի պահանջով` կարծում ենք, որ Նախագծով Օրենսգրքում լրացվող նոր` 393.1-ին հոդվածի 2-րդ մասում պետք է հստակ նշում կատարվի այն մասին, որ համակարգչային համակարգի միջոցով հրապարակային հրահրումը պետք է հասանելի լինի անձանց ոչ սահմանափակ թվի, քանի որ միայն համակարգչային համակարգի միջոցով կատարված լինելու հատկանիշը, կարծում ենք, չի արտահայտում մասի տրամաբանությունից բխող ծանրացնող հանգամանքի էությունը՝ ի տարբերություն զանգվածային լրատվության միջոցներով կատարված լինելու հատկանիշի:

1.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 393.1-ին հոդվածի 3-րդ մասում որպես հանցագորոծությունը որակյալ դարձնող հատկանիշ նախատեսվել է արարքը պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը: Կարծում ենք, որ նպատակահարմար է լրացվող 393.1-ին հոդվածի 3-րդ մասում նախատեսել նաեւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` որպես լրացուցիչ պատիժ:

2 . Նախագծի 1-ին հոդված ում «օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 393.1-ին հոդվածով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «օրենսգրքում լրացնել նոր` 393.1-ին հոդված» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 393.1-ին հոդվածի համարն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Միաժամանակ, առաջարկում ենք Օրենսգրքում լրացվող նոր` 393.1-ին հոդվածում արված վրիպակներն ուղղել` վերնագրում «հրահրումը» բառից հետո դրված «,» կետադրական նշանը հանելով, ինչպես նաեւ 2-րդ մասում «կատարվել է» բառից հետո «.» կետադրական նշանը «`» կետադրական նշանով փոխարինելով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

14.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

14.05.2020թ.