ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ- 613 -1 3 . 05 .20 20 Հ -011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի
, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագ իծ ը(այսուհետ` Նախագ իծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյուից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում սահմանված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն դրույթով առաջնորդվելով ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում՝ օրենքի վերնագրում, նշել օրենքի հերթական համարը, իսկ «ՀՀ» հապավումը հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածով«Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին նախադասության մեջ լրացում է կատարվել՝ «քանակը» բառից հետո լրացնելով «՝բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների» բառերը, իսկ նույն մասի 2-րդ նախադասության մեջ փոփոխություն է կատարվել «(ներառյալ՝ պահուստային տրանսպորտային միջոցների)» բառերը փոխարինելով «(բացառությամբ՝ պահուստային տրանսպորտային միջոցների)» բառերով: Ուստի, առաջարկում ենք Նախագծի վերնագիրը եւ 1-ին հոդվածը համապատասխանեցնել վերը նշված ձեւակերպումներին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներին:

3. Նախագծի 2-րդ հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի՝ «Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները» վերտառությամբ 29-րդ հոդվածում լրացվում է նոր պարբերություն. «Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը ազատվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման համար վճարվող պետական տուրքի վճարումից` պահուստային տրանսպորտային միջոցների մասով»:

Նշված լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասում կատարվող փոփոխության եւ լրացման ուժով արդեն իսկ պահուստային տրանսպորտային միջոցներ չեն ներառվելու միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման համար վճարվող պետական տուրքի հաշվարկում: Այսինքն՝ պահուստային տրանսպորտային միջոցների համար Նախագծի 1-ին հոդվածի ուժով արդեն իսկ պետական տուրք չի գանձվելու, հետեւաբար պետական տուրքի գծով արտոնություն տրամադրվել չի կարող:

4. Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի ընդունումը որոշակի ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա, ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսատնտեսագիտական հիմնավորվածություն՝ Նախագծի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության:Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

03.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

03.06.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-613-13.05.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ներկայացման անհրաժեշտւթյունը, ըստ դրա հեղինակների, կայանում է նրանում, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7 հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:

Այս իրավակարգավորման արդյունքում էականորեն բարձրանում է ուղեւորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանզի պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկային հիմքում:

Նախագծով առաջարկվում է սահմանել պետական տուրքի գծով արտոնություն` բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ, ինչը ոչ միայն կխրախուսի տվյալ ոլորտում գործունեություն իրականացնողներին, այլեւ կլինի արդարացի մոտեցում, քանզի ուղեւորափոխադրողներն արդեն իսկ վճարում են այլ հարկեր ու տուրքեր, այդ թվում` վճարում են գույքահարկ պահուստային տրանսպորտային միջոցների համար, եւ պայմանավորված այդ միջոցների չօգտագործմամբ կամ հիմնական տրանսպորտային միջոցների շահագործման անհնարինության դեպքում օգտագործմամբ, ողջամիտ է դրանց մասով պետական տուրքի արտոնության սահմանումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել արդարացի դարձնել պետական տուրքի հաշվարկման մեթոդական հիմքը եւ ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ եւ իրականացմամբ զբաղվողների համար որոշ չափով նվազեցնել հարկային բեռը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծի ընդունումը կարող է որոշ չափով նվազեցնել ՀՀ բյուջետային եկամուտները:

3. Նախագծի ընդունմամբ օրենսդրական սողանցքներ կառաջանան կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման բնագավառում` կապված փաստացի շահագործվող ավտոբուսները (միկրոավտոբուսները) որպես պահուստային ձեւակերպելու հնարավորության ստեղծման հետ:

4. Ինչ վերաբերում է Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված այն մտքին, որ առաջարկվող բացառության սահմանումը նաեւ կլինի. «...արդարացի մոտեցում, քանզի ուղեւորափոխադրողներն արդեն իսկ վճարում են այլ հարկեր ու տուրքեր, այդ թվում` վճարում են գույքահարկ պահուստային տրանսպորտային միջոցների համար, եւ պայմանավորված այդ միջոցների չօգտագործմամբ կամ հիմնական տրանսպորտային միջոցների շահագործման անհնարինության դեպքում օգտագործմամբ, ողջամիտ է դրանց մասով պետական տուրքի արտոնության սահմանումը:», հարկ է նշել, որ գույքահարկը որեւէ կապ չունի տնտեսական գործունեության արդյունքների հետ, եւ այսպես թե այնպես պետք է վճարվի համապատասխան համայնքի բյուջե, իսկ մյուս հարկերի եւ տուրքերի վճարման մասով էլ տվյալ ոլորտի կազմարպություններն էականորեն չեն տարբերվում մյուս ոլորտների տնտեսվարողներից, ուստի` այդ հարկերի եւ տուրքերի վճարումը արտոնության հայցման տեսանկյունից որեւէ նշանակություն ունենալ չի կարող:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ. «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը`բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների կամ միկրոավտոբուսների (բացառությամբ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակից:»: Այսինքն, գործող իրավակարգավորումից առաջարկվող նոր տեքստը տարբերվում է միայն այն մասով, որ պետական տուրքի հաշվարկման առումով բացառություն է նախատեսվում կատարել պահուստային տրանսպորտային միջոցների համար, այն դեպքում, երբ գործող իրավակարգավորման համաձայն այդ տրանսպորտային միջոցները ներառվում են պետական տուրքի հաշվարկի մեջ:

Խնդիրը կայանում է նրանում, որ տվյալ առաջարկությունն ընդունվելու դեպքում օրենքով կամրագրվի այն «սողացքը», որը հնարվորություն կտա միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին մասամբ անցնել ստվերային գործունեության դաշտ` փաստացի շահագործվող տրանսպորտային միջոցները ձեւակերպելով որպես պահուստային տրանսպորտային միջոցներ` նվազեցնելով վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Իհարկե, կարելի է փաստարկել, որ գոյություն ունի պետական վերահսկողական համակարգ եւ համապատասխան տեսչական մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ վերահսկողություն, սակայն տվյալ դեպքում օբյեկտիվորեն անհնար կլինի իրականացնել արդյունավետ պետական վերահսկողության, քանի որ նկարագրված դեպքերի բացահայտումը կպահանջի մշտական մոնիտորինգի իրականացում, ինչն էլ վարչարարական ծախսերի տեսանկյունից շատ ավելի թանկ կլինի, քան պետական տուրքի չստացված մասը, եւ ինչն էլ անմաստ կդարձնի նման վերահսկողության իրականացումը: Բացի այդ, նկարագրված վերահսկողության դեպքում անխուսափելիորեն կմեծանան կոռուպցիոն ռիսկերը, եւ վերջնարդյունքում Նախագծի ընդունումը կհանգեցնի շատ ավելի բացասական հետեւանքների, քան տնտեսավարողների համար հարկային բեռի «արդարացի թեթեւացման» տեսքով ակնկալվող դրական արդյունքը:


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, կարող է մասամբ լուծել հետապնդվող խնդիրը, այն է` որոշ չափով կթեթեւացնի ուղեւորափոխադրումների բնագավառի տնտեսավարող սուբյեկտների համար պետական տուրքի նվազեցման տեսքով հարկային բեռը, սակայն մյուս կողմից` այն կստեղծի շատ ավելի մեծ եւ բարդ խնդիրներ տվյալ ոլորտում ստվերային գործունության ընդլայնման եւ կոռուպցիոն ռիսկերի առաջացման տեսքով: Արդյունքում, Նախագծի ընդունումը կունենա ընդհանուր առմամբ ավելի շատ բացասական, քան թե դրական հետեւանքներ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

25.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-613-13.05.2020-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայումս ուղեւորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ամսվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման համար շահագործվող տրանսպորտային միջոցների քանակը, ինչը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակից, ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցները: Նախագծով առաջարկվում է պահուստային տրանսպորտային միջոցների քանակը չներառել տուրքի հաշվարկման հիմքում:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծով առաջարկվող իրավակարգավորման արդյունքում զգալի չափով կարող է նվազել ուղեւորափոխադրումների կազմակերպման նպատակով արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի չափը, ինչը կնվազեցնի ուղեւորափոխադրողների ֆինանսական պարտավորությունները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

27.05.2020թ