ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-623-19.05.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառից հետո առաջարկում ենք նշել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության» բառերն օրենսգրքի վերնագրի մաս են կազմում:

2. Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` նշելով օրենսգրքի վերնագիրը, այն է` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք» :

3. Նախագծի 1-ին հոդվածի «182.3-րդ» թիվն առաջարկում ենք փոխարինել «1823 -րդ» թվով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 7 -րդ հոդվածի 4 -րդ մասը եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ նաեւ ` Օրենսգիրք ) հոդվածի համարակալման ձեւը :

4. Նախագծի 1-ին հոդվածի համարակալված մասերի համարներ ն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

5. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «լրացնել 1.1 մաս հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր` 1.1-ին մաս» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 3-րդ մաս ը:

6. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1823 -րդ հոդվածում լրացվում է նոր` 1.1-ին մաս.

«1.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով »:

Միաժամանակ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 1823 -րդ հոդվածի 10-րդ մասից հանվում է «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» ձեւակերպումը:

Օրենսգրքի արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտելուն վերաբերող 1823 -րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«10. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով »։

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ կատարվող լրացման եւ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորվում է հետեւյալով. « ( … ) նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, որի շրջանակներում անձանց հիմնական իրավունքները ենթարկվում են որոշ ժամանակավոր սահմանափակումների: Այդ սահմանափակումների պահպանումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ե ն սահմանափակումների խախտման իրավական հետեւանքներ, այսինքն` օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ, որոնք համաչափ կլինեն խախտման բնույթին : Ուստի` անհրաժեշտ է վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերի միջոցով ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը:

Ներկա դրությամբ համաճարակի կանխարգելման եւ դրա հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սահմանել ազատ տեղաշարժման պայմաններ եւ պահանջներ , որոնք չպահպանելը պետք է առաջացնի վարչական պատասխանատվություն, քանի որ հիվանդ եւ վարակի տարածման վտանգ կրող, մասնավորապես, վարակի գաղտնի կամ ինկուբացիոն շրջանում գտնվող անձանց կողմից հաճախ չի ապահովում սահմանված պահանջների կատարումը, որի արդյունքում հնարավոր չի լինում ապահովել վարակի հետագա տարածումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:»

Ինչպես բխում է առկա կարգավորումից ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար եւս տուգանքը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով է, ինչը չի բխում համաչափության սկզբունքից :

( … )

( … ) նախագծով առաջարկվում է փոփոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը` հոդվածը լրացնելով նոր մասով, որի համաձայն` Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը կառաջացնում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առաջարկվող պատասխանատվության միջոցը համաչափ է խախտմանը եւ կարող է պանդեմիայի տարածման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել: ( … ) »:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

6.1. Նախագծով առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումների ( ազատ տեղաշարժման պայմանների եւ պահանջների ) շարքից առանձնացնել միայն որպես սահմանափակում նախատեսված մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը, եւ դրանց կանոնների խախտման համար նախատեսել տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով: Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման իրավունքի ցանկացած այլ սահմանափակման ( ազատ տեղաշարժման պայմանի եւ պահանջի ) խախտման պարագայում հնարավոր պատասխանատվության միջոցը սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի նշանակումն է: Այսինքն` նախատեսվում է տուգանքի կոնկրետ չափ` անկախ սահմանափակման կոնկրետ տեսակից եւ դրա խախտման արդյունքում հասրակական հարաբերությունների համար ստեղծվող վտանգի աստիճանից:

Կարծում ենք, որ նպատակահարմար չէ տուգանքի կոնկրետ չափի նախատեսումը` հաշվի առնելով իրավիճակների եւ սահմանափակումների ( որոնց կիրառման անհրաժեշտությունը կարող է առաջանալ ) լայն եւ ոչ կանխատեսելի շրջանակը: Բացի այդ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ որպես հիմնական խնդիր դիտարկվում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների ոչ համաչափ լինելը խախտման բնույթին: Մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենսգրքի 1823 -րդ հոդվածում լրացվող նոր 1.1-ին մասի ձեւակերպումը` տուգանքի կոնկրետ չափի սահմանումը, կարծում ենք, եւս հնարավորություն չի նախատեսում ապահովելու օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների համաչափությունը հնարավոր խախտումների բնույթին:

6.2. Նախագծին կից ներկայացված հիմնավորումից կարող ենք ենթադրել, որ գնահատման են ենթարկվել համաճարակի կանխարգելման եւ դրա հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտ ազատ տեղաշարժման պայմանները եւ պահանջները, որոնք չպահպանելը պետք է առաջացնի վարչական պատասխանատվություն, եւ այդ պատասխանատվության համաչափությունը` «Առաջարկվող պատասխանատվության միջոցը համաչափ է խախտմանը եւ կարող է պանդեմիայի տարածման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել»:

Մինչդեռ, հարկ է նկատել, որ կարգավորման դաշտում հայտնվող իրավահարաբերությունները չեն ներառում միայն պանդեմիայի հիմքով հայտարարված արտակարգ դրության իրավահարաբերւթյունները, այլ նաեւ մյուս արտակարգ իրավիճակների հիմքով հայտարարվածները: Մասնավորապես` «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն արտակարգ իրավիճակներն են «որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման» :

Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, որ տարբեր արտակարգ իրավիճակների հիմքով հայտարարված արտակարգ դրությունների դեպքում կիրառվող` ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումները կարող են ունենալ տարբեր կշիռ, քանի որ դրանց խախտման արդյունքում պաշտպանվողհասարակական հարաբերություններիհամար պարունակվող վտանգը կարող է ունենալ տարբեր աստիճան: Ուստի, կարծում ենք, որ հնարավոր սահմանափակումների լայն եւ ոչ սահմանափակ շրջանակի համար տուգանքի կոնկրետ չափ նախատեսելը նպատակահարմար չէ, չի բխում համաչափության սկզբունքից եւ որոշ դեպքերում կարող է հանգեցնել պատասխանատվության միջոցի` սահմանափակումների պահպանումն ապահովելու նպատակին չծառայելուն:

7. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք, որպես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ, նշել «հրապարակվելուց հետո՝ անմիջապես» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը։

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

19.05.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

19 .05.2020թ.