ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-626-23.05.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» օրենքում (այսուհետ` Օրենք), ավելացնելով Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լուծարային միջոցների հաշվին բանկային պարտավորությունների մարման երրորդ հերթում գտնվող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները եւ բանկային հաշիվներին առկա մնացորդների սահմանված մարման ենթակա չափերը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդների եւ բանկային հաշիվներին առկա մնացորդների համար մինչեւ 10 միլիոն դրամի չափը դարձնելով 16 միլիոն, իսկ արտարժութային ավանդների (հաշիվների) դեպքում՝ 5 միլիոն դրամին համարժեք չափը դարձնելով 7 միլիոն դրամին համարժեք չափ:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխավորված ավանդի չափերի փոփոխությամբ: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխավորված ավանդի չափերի փոփոխությանը վերաբերող համապատասխան օրենքի նախագիծը (տե՛ս Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Պ-582-20.04.2020-ՖՎ-011/1 փաստաթղթային կոդով նախագիծը ) 03.06.2020 թվականին ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ այժմ գտնվում է երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացակարգում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենքի լրիվ անվանման հիշատակմանը ներկայացվող պահանջները:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք « «զ» կետի երկրորդ պարբերության » ձեւակերպումը փոխարինել «երրորդ պարբերության » ձեւակերպմամբ՝ հաշվի առնելով, որ փոփոխվող թվերը նշված են 2-րդ մասի 3-րդ պարբերության մեջ եւ կապ չունեն նշված մասի «զ» կետի հետ:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «10 միլիոն», «16 միլիոն», «5 միլիոն», «7 միլիոն» ձեւակերպումներից «միլիոն» բառը հանել՝ կիրառելով «թիվը» բառը, քանի որ «միլիոն» բառը հոդվածի տեքստում անփոփոխ է թողնվում:

5. Նախագծի 2-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալը կարգավորումը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա »: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով»:

            Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծով նախատեսված փոփոխությունները վերաբերելի են ոչ միայն բանկային ավանդներին, այլ նաեւ բանկային հաշիվներին առկա մնացորդներին:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 902-րդ եւ 912-րդ հոդվածներով համապատասխանաբար կիրառվում են «բանկային ավանդի պայմանագիր» եւ «բանկային հաշվի պայմանագիր» հասկացությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի հետեւյալ ձեւակերպումը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող բանկային ավանդի եւ բանկային հաշվի պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա»:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝
011-513-361), (108)

15.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող՝ Գ. Մամյան (հեռ.՝
011-513-361), (108)

15.06.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-626-23.05.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունումը, ըստ հեղինակի, պայմանավորված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխավորված ավանդի չափերի եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով սահմանված բանկային պարտավորությունների մարման հերթականության` բանկային ավանդների, բանկային հաշիվների առկա մնացորդների միասնական շեմի սահմանման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է երկու տարբեր օրենքերում միասնական շեմ սահմանել նույն երեւույթի` երաշխավորված բանկային ավանդների հետ կապված:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները փաստացի համադրվում են ոչ թե «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված երաշխավորված ավանդի չափերի հետ (ըստ որի դրանք համապատասխանաբար 5 մլն. դրամ եւ 10 մլն. դրամ են), այլ նույն հեղինակի կողմից Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0 փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով իր իսկ կողմից առաջարկվող փոփոխությունների հետ (այս նախագիծն ընդգրկված է ԱԺ մեծ օրակարգում, սակայն որեւէ երաշխիք չի կարող լինել դրա պարտադիր ընդունման առումով): Արդյունքում, Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվում դեռեւս չընդունված նորմի վրա, ինչն էլ, կարծում ենք, ընդունելի լինել չի կարող:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

1. Նախագիծն անհրաժեշտ է ներկայացնել եւ ընդունել արդեն իսկ հիշատակված` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0) ՀՀ օրենքի նախագծի հետ միասին` որպես նախագծերի մեկ միասնական փաթեթ: Այս կապակցությամբ առաջարկում ենք հետ կանչել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0) ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաեւ սույն Նախագիծը եւ ներկայացնել դրանք որպես օրենքների նախագծերի նոր փաթեթ:

2. Որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ կարող է դիտվել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 72-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի աշխատակարգի» 8-րդ գլխով սահմանված կարգով սույն Նախագիծը` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում) որպես առաջարկություն ներկայացնելու տարբերակը: Սակայն, տվյալ տարբերակի դեպքում հարկ կլինի պաշտոնական շրջանառությունից հետ կանչել եւ հանել սույն Նախագիծը:


Եզրակացություն

Նախագիծը, մեր կարծիքով, չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ կարող է ներկայացվել նույն հեղինակի կողմից ավելի վաղ ներկայացված` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0 ) ՀՀ օրենքի նախագծի հետ միասին` որպես օրենքերի նախագծերի նոր փաթեթ, կամ էլ` որպես «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություն, դրա առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

02.06.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-626-23.05.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկա իրավիճակը եւ առաջարկվող կարգավորումները:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ հեղինակն առաջարկում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 31-ով սահմանված մարման ենթակա բանկային պարտավորությունների չափերը փոխել: Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց մարման ենթակա դրամային բանկային ավանդները եւ բանկային հաշիվներում առկա մնացորդների չափը սահմանել 16 մլն դրամ` ներկայումս գործող 10 մլն դրամի փոխարեն, իսկ արտարժութային ավանդների դեպքում` 7 մլն դրամին համարժեք գումար` 5 մլն դրամի փոխարեն:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կնպաստի ավանդների ներգրավման խթանմանը` ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց լրացուցիչ երաշխիքների տրամադրման միջոցով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

01. 0 6.2020 թ .