ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-629-01.06.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում հանել նաեւ «(բացառությամբ տեղական արտադրության կոնյակի)» բառերից հետո եւ առաջ նշված երկու ստորակետերը:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող
ներ ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), ( 118 )

17.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին


Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասում:

Նախագծ ին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող
ներ ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118) ,

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), ( 118 )

17.06.2020թ.






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Կ-629-01.06.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի մշակումը եւ ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

Այս կապակցությամբ Նախագծով առաջարկվում է վերացնել «Գովազդի մասին» ՀՀ օրենքով տեղական արտադրության կոնյակի համար սահմանված արտոնությունը, ըստ որի թույլատրվում է հեռարձակել այս արտադրատեսակի գովազդ օրվա այն ժամերին` երբ մյուս ալկոհոլային խմիչքների համար նման գովազդն արգելված է:

Մասնավորապես, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն` արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը` 06:00-ից մինչեւ 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը:

Տվյալ դրույթն անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում այս ոլորտում գործունեություն ծավալող միեւնույն ապրանքային շուկայում գործող կամ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացողների համար, ինչպես նաեւ անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական եւ արտասահմանյան արտադրողների միջեւ` անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար` Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով:

Միաժամանակ, համաձայն 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին մասի` ԵԱՏՄ անդամ պետություններն իրենց մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության նորմերը պետք է կիրառեն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ հավասար պայմաններով նույն կերպ եւ հավասար չափով` անկախ այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմակերպաիրավական ձեւից եւ գրանցման վայրից:

Ծառայությունների առեւտրի, հիմնադրման, գործունեության եւ ներդրումների իրականացման մասին Արձանագրության 21-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 16-րդ հավելված) համաձայն ծառայությունների առեւտրին առնչվող բոլոր միջոցների համար յուրաքանչյուր անդամ պետություն մյուս անդամ պետության ծառայությունների, ծառայությունների մատակարարների եւ ստացողների համար պետք է ապահովի այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ սեփական նույն (նմանատիպ) ծառայությունների, ծառայությունների մատակարարների եւ ստացողների համար նույն (նմանատիպ) հանգամանքներում ապահովվող ռեժիմից:

Ըստ այդմ, վերոգրյալ հակասությունները վերացնելու եւ բոլոր տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը` վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը:

Բացի այդ, ս/թ հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին Կարգադրություն, որի 1-ին կետով` ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք ուղղված կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը:

Հարկ է նշել, որ նշված ցանկում ընդգրկված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման մասին» թիվ 85 որոշումը: Համաձայն Որոշման 1-ին կետի` Հայաստանի Հանրապետությունը ծանուցվում է 2019 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին կետի իրականացման մասին, այն է` էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներում տեղական արտադրության կոնյակի գովազդի տեղակայման ժամանակ մրցակցության ընդհանուր սկզբունքների պահպանումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բոլոր տնտեսավարողների համար ապահովել բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմաններ եւ կատարել միջազգային պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի ընդունումը, թեեւ որոշ չափով կնվազեցնի հայկական կոնյակի մրցունակության մակարդակը, այդուհանդերձ, ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում այն այլընտրանք չունի:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

16. 0 6 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-629-01.06.2020-ՏՀ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայումս, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի համաձայն, արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչեւ 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների՝ բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը:

Նախագծով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչեւ 22:30-ը արգելել ցուցադրել նաեւ տեղական արտադրության կոնյակի գովազդը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ կապահովվի էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներում տեղական արտադրության կոնյակի գովազդի ցուցադրման ժամանակ մրցակցության ընդհանուր սկզբունքների պահպանումը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

17.06.2020թ