ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-637-04.06.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը (այսուհետ նաեւ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծի (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի մասերին, դրանց համարակալմանը եւ վերնագրերին վերաբերող 14-րդ հոդվածի համաձայն՝
«1. Օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր եւ հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր եւ հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները: Ընդհանուր եւ հատուկ մասերը չեն համարակալվում: Ընդհանուր եւ հատուկ մասերի վերնագրերն են համապատասխանաբար` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ» եւ «ՀԱՏՈՒԿ ՄԱՍ»: Վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում:
( )
4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ :
( )
10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: ( )»:
Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը կազմված է հինգ համարակալված մասերից, դրանք են՝ «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ մաս առաջինը, «Նախնական վարույթներ» վերտառությամբ մաս երկրորդը, «Դատական վարույթներ» վերտառությամբ մաս երրորդը, «Առանձին վարույթներ» վերտառությամբ մաս չորրորդը, «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» վերտառությամբ մաս հինգերրորդը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումները՝ առաջարկում ենք օրենսգիրքը մասերի բաժանելու դեպքում առաջնորդվել ընդհանուր եւ հատուկ մասերի սկզբունքով, իսկ համարակալված եւ վերնագրված հինգ մասերը եւ դրանցում բաժինները նախատեսելիս կիրառել գլուխները բաժիններում եւ ենթաբաժիններում միավորելու կանոնը:
Միաժամանակ հարկ է նկատել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին վերաբերող 13-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը եւ անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձեւով ` սույն օրենքով սահմանված կարգով»: Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումը՝ առաջարկում ենք Նախագծի եզրափակիչ մասը եւ անցումային դրույթներն առանձին մասի կամ բաժնի ձեւով չշարադրել, այլ կիրառել առանձին գլխի կամ հոդվածների ձեւը:
2. Նախագծի բաժինների եւ գլուխների համարներից հետո դրված «.» կետադրական նշաններն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումները.
«( )7.Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով , իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:
( )
10. Նորմատիվ իրավական ակտի բաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: Գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով, եւ վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում»: Այսինքն, անհրաժեշտ է հաշվի առնել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը պահանջ է նախատեսում՝ միայն հոդվածների համարները տեքստից (վերնագրից) միջակետերով բաժանելու համար, իսկ բաժինների եւ գլուխների համարակալման եւ վերնագրման դեպքում նման պահանջ չի ներկայացվում, ինչպես նաեւ անհրաժեշտ է հաշվի առնել գործող օրենսգրքերում բաժինների եւ գլուխների համարակալման եւ վերնագրման ձեւը:
3. Նախագծի մի շարք հոդվածներ (օրինակ՝ 1-ին, 2-րդ, 5-րդ, 30-րդ, 72-րդ, 78-րդ, 87-92-րդ, 101-րդ եւ այլ հոդվածներ) կազմված են մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասերի համարակալումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների »:
4. Նախագծի 6-րդ հոդվածի մասերի եւ կետերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներին.
«( ) 3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների : Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի , կետերը` միայն համարակալված ենթակետերի:
( )
7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով : Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք 6-րդ հոդվածի համարակալված մեկ մասի կետերը համարակալել որպես մասեր հանդիսացող պարբերություններ:
Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ, 13-րդ, 14-րդ, 37-րդ, 41-րդ, 48-րդ, 82-րդ, 107-րդ, 136-րդ, 159-րդ, 188-րդ, 204-րդ, 248-րդ, 291-րդ, 294-րդ, 306-րդ, 311-րդ, 386-րդ, 389-րդ, 394-րդ, 396-րդ, 421-րդ, 432-րդ, 439-րդ, 440-րդ եւ 456-րդ հոդվածներին:
Վերոնշյալ առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ Նախագծի 252-րդ հոդվածի 3-րդ մասում Նախագծի 107-րդ հոդվածի մեկ համարակալված մասի կետերին հղում կատարելիս ամիջապես հղում է կատարվում 1-ին մասի կետերին. «Վկայի եւ տուժողի նկատմամբ փորձաքննություն կատարվում է միայն նրանց, իսկ անչափահասի դեպքում՝ նրանց օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` բացառությամբ սույն օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերի»:
Այսպիսով՝ առաջարկում ենք հստակեցնել հղումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում, 307-րդ հոդվածի 3-րդ մասում, 308-րդ հոդվածի 3-րդ մասում, 309-րդ հոդվածի 3-րդ մասում Նախագծի 306-րդ հոդվածի համարակալված պարբերություններին արված հղումներին, Նախագծի 321-րդ հոդվածի 1-ին մասում եւ 454-րդ հոդվածի 2-րդ մասում Նախագծի 311-րդ հոդվածի համարակալված պարբերություններին արված հղումներին:
5. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը՝ առաջարկում ենք Նախագծի 208-րդ, 241-րդ, 354-րդ եւ 427-րդ հոդվածների պարբերությունները համարակալել որպես մասեր: Բացի այդ, վերոնշյալ առաջարկը հիմնավորվում է նաեւ նրանով, որ Նախագծի 243-րդ եւ 292-րդ հոդվածների մի շարք մասերում Նախագծի 241-րդ հոդվածի համարակալված պարբերություններին հղում կատարելիս ամիջապես հղում է կատարվում հոդվածի կետերին, օրինակ՝ «Անկախ կարգավիճակից` նույն անձի նկատմամբ սույն օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված որեւէ գաղտնի քննչական գործողության կատարման ընդհանուր ժամկետը նույն վարույթով չի կարող գերազանցել տասներկու ամիսը» :
6. Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 188-րդ հոդվածի մասերը համարակալելիս պահպանել համարների հաջորդականությունը:
7. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեականվարույթը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով եւ սույն օրենսգրքով» : Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով.«Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «սահմանադրական օրենք» բառերը: Սահմանադրական օրենք հանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը »: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 66-րդ հոդվածի 1-ին մասում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելու ձեւին:
8. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ եւ 41-րդ կետերում, 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 9-րդ կետերում, 3-րդ մասի 8-րդ կետում, 173-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 175-րդ հոդվածի 4-րդ մասում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»» օրենքին հղում կատարելիս առաջարկում ենք ձեւակերպումներից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը. «Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը »: Նույն աառաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 133-րդ հոդվածի 5-րդ մասում, 146-րդ հոդվածի 4-րդ մասում, 158-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 457-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքին կատարված հղումների ձեւակերպմանը:
9. Նախագծի 173-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվում է հետեւյալը. «Եթե հաղորդումով փաստվող գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա( )»: Նախագծի 173-րդ հոդվածի 3-րդ մասում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 21-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ »:
10. Նախագծի 402-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով.«Սահմանադրական օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, «սահմանադրական օրենք» բառերը»:
11. Նախագծի 211-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ժամը 22.00-ից մինչեւ 7.00-ն քննչական գործողության կատարումն արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա հետաձգումը ողջամտորեն կարող է հանգեցնել տվյալ քննչական գործողության արդյունքում ակնկալվող ապացույցի կորստի կամ վնասման»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Ժամերը գրվում են թվերով` քսանչորսժամյա ռեժիմով: Ժամերը նշելիս ժամը եւ րոպեն արտահայտող թվերի միջեւ դրվում է երկու կետ, իսկ դրանցից առաջ նշվում է « ժամը» բառը»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 211-րդ հոդվածի 1-ին մասում ժամերը գրելիս առաջնորդվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով:
12. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «( ) 2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով : Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:
( )
7. Օրենսդրական ակտի հոդվածները , մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:
( )
11. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով : ( )»:
Նախագծում 251-րդ հոդվածից հետո նախատեսվում է «Վերահսկելի մատակարարումը եւ գնումը» վերտառությամբ 2511 -րդ հոդված, որին հաջորդում է Նախագծի 32-րդ գլխի առաջին հոդված հանդիսացող 252-րդ հոդվածը: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում չեն կարող կիրառվել լրացուցիչ համարներ , քանի որ օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ուղղել Նախագծի 251-րդ հոդվածից հետո նախատեսված հոդվածների համարակալումը՝ նախատեսելով հերթական համարաներ: Միաժամանակ հարկ է նկատել, որ համարակալման ուղղումը կառաջացնի նաեւ մի շարք հոդվածներում օրենսգրքի այլ հոդվածներին կատարված հղումների խմբագրման կարիք:
13. Նախագծում հովածներին, հոդվածների մասերին եւ կետերին հղում կատարելիս առաջարկում ենք պահպանել դրանց գրելաձեւի միասնական տեսքը: Միմյանցից տարբեր գրելաձեւեր են առկա, օրինակ, Նախագծի 97-րդ հոդվածի 10-րդ մասում, 181-րդ հոդվածի 1-4-րդ7-րդ եւ 8-րդ մասերում, 207-րդ հոդվածում, 251-րդ հոդվածի 3-րդ մասում եւ այլ հոդվածներում:
14. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում հղումները կատարվում են ուղղակի եւ հստակ:
Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 57-րդ կետում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Բանկային կամ հարակից գաղտնիք` օրենքով սահմանված իմաստով բանկային գաղտնիքը, ապահովագրական գաղտնիքը, արժեթղթերի շուկայի ոլորտի ծառայողական գաղտնիքը, կենսաթոշակային գաղտնիքը, ինչպես նաեւ վարկային տեղեկատվությունը եւ վարկային պատմությունը.» : Առաջարկում ենք հստակեցնել կատարվող հղումը, մասնավորապես՝ հստակ հղում կատարել համապատասխան օրենքին կամ նշում կատարել «Հայաստանի Հարապետության օրենսդրության» մասին:
15. Նախագծի 181-րդ հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերում հղում է կատարվում նույն հոդվածի 6.1-ին մասին: Հարկ է նկատել, որ Նախագծի 181-րդ հոդվածում բացակայում է 6.1-ին մասը: Բացի այդ, լրացուցիչ համարներ կարող են կիրառվել միայն նորմատիվ իրավական ակտի մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն լրացնելիս: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 181-րդ հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերում կատարվող հղումները:
16. Նախագծի 235-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Եթե 234-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք ներկա չեն խուզարկությանը, ապա այն կատարվում է համատիրության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի ներկայությամբ»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը , ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 235-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող հղումը:
Հաշվի առնելով Նախագծի ծավալը, կատարվող փոփոխությունների արդյունքում նոր ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների առկայությունը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նախագծի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, եւ հետագա դիտարկումները կներկայացվեն՝ ի լրումն սույն եզրակացության:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)
25.06.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)
25 .0 6 .2020թ.