ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -651-12.06.2020- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակը կադաստրային արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հարկման համակարգին անցումն է: Նախագծի ընդունումը, համաձայն կից ներկայացված հիմնավորման, կնպաստի տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար ավելի արդարացի հարկային բեռի սահմանմանը ` ապահովելով պետության վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը : Բացի նշվածից, դա թույլ կտա նաեւ բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը :


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է.

գ կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին,

գ սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ , իսկ որոշ գույքային միավորների համար ` նաեւ նոր դրույքաչափեր ,

գ վերացնել բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը ` բնակարանների մասով մինչեւ 10 մլն դրամ , բնակելի տների մասով մինչեւ 7 մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0.05 տոկոս հարկման դրույքաչափ ,

գ հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում :


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. ՀՀ հարկային օրենսգրքի 11- րդ բաժնի 228- րդ հոդվածի 7- րդ մասով սահմանվում է , որ շենքերի , շինությունների եւ հողամասերի գործող կադաստրային արժեքներն ու հաշվարկային զուտ եկամուտները համարվում են անշարժ գույքի հարկով հարկման բազա մինչեւ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը, որի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում անշարժ գույքի հարկման օբյեկտի շուկայական արժեքը : 2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, ինչի արդյունքում դրա ուժի մեջ մտնելու օրվանից (այն է՝ 2021 թվականի հունվարի 1-ից) Հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածն (որով սահմանվում էր անշարժ գույքի կադաստրային գնահատման կարգը) ուժը կորցրած է ճանաչվել: Այսինքն, անշարժ գույքի հարկով հարկման ենթակա անշարժ գույքի հարկման բազայի գնահատման եւհաշվարկման կարգն արդեն իսկ սահմանված է օրենքով, իսկ Նախագծով նախատեսվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համակարգից անցում կատարել շուկայական արժեքներին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգին: Հետեւաբար, անշարժ գույքի հարկի գծով հարկային բեռի հնարավոր ավելացումը պայմանավորված է լինելու ոչ միայն սույն Նախագծի ընդունմամբ, այլեւ արդեն իսկ ընդունված եւ 2021 թվականից ուժի մեջ մտնող « Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով, քանի որ հարկային պարտավորությունների չափի վրա առանցքային նշանակություն ունի ոչ միայն հարկային դրույքաչափը, այլ նաեւ հարկման բազան:

2. Նախագծի ընդունումը, մեր կարծիքով, կհանգեցնի անշարժ գույքի հարկի գծով հարկային բեռի ավելացման, քանի որ հաշվարկման համար հիմք է ընդունվելու հարկման նոր բազա, որը հիմնված է լինելու ոչ թե նախկինում գործող կադաստրային արժեքի, այլ շուկայական արժեքին մոտարկված արժեքի վրա : Բացի այդ, Նախագծով առաջարկվում է սահմանել անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակներ , իսկ որոշ գույքային միավորների համար ` նաեւ նոր դրույքաչափեր: Նման պնդում կա նաեւ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ, ըստ որի` ենթադրվում է անշարժ գույքի հարկի գծով հարկային բեռի կտրուկ աճ, ինչը կանխելու համար նախատեսվում է հարկման նոր համակարգին անցում կատարել չորս տարիների ընթացքում: Բացի նշվածներից, հարկային բեռի ավելացմանը կարող է նպաստել նաեւ չհարկվող շեմի վերացումը, որը ներկայումս գործում է:

3. Անշարժ գույքի հարկով հարկման բազայի նոր սանդղակների , իսկ որոշ գույքային միավորների համար ` նաեւ նոր դրույքաչափերի սահմանումն, անշուշտ, կհանգեցնի տվյալ հարկատեսակի գծով բյուջետային մուտքերի ավելացմանը: Դա, համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման, թույլ կտա նաեւ բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը : Կարեւորելով տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական հնարավորությունների ավելացումը, միաժամանակ, կարծում ենք, որ Նախագծի ընդունումը մասնակիորեն կնպաստի տվյալ խնդրի լուծմանը: Նման տեսակետը հիմնված է այն իրողության վրա, որ ներկայումս հանրապետությունում բավականաչափ բարձր է գույքային բեւեռացման աստիճանը: Այլ կերպ ասած, բարձր արժողությամբ անշարժ գույքը հիմնականում տեղաբաշխված է մայրաքաղաքում եւ մի քանի այլ համայնքներում, որոնք ներկայումս, ի համեմատություն այլ համայնքների, հարաբերականորեն առավել նպաստավոր պայմաններում են գտնվում տեղական ֆինանսների ապահովվածության տեսանկյունից:

4. Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բերվող այն տեսակետը, որ դրա ընդունումը կապահովի պետության վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումը, կարծում ենք, վիճահարույց է, քանի որ անշարժ գույքի հարկը տեղական հարկ է եւ հանդիսանում է տեղական բյուջեի եկամուտ : Այլ հարց է, որ Նախագծի ընդունումը, հանգեցնելով տվյալ հարկատեսակի գծով բյուջետային եկամուտների ավելացմանը՝ կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների ծախսային հնարավորությունների ընդլայնմանը եւ մատուցվող ծառայությունների ավելացմանը:

5. Հ արկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին նախատեսվում է անցում կատարել չորս տարիների ընթացքում : Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «2021 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների եւ Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի հաշվետու տարվա համար` 50 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար` 75 տոկոսի չափով, իսկ 2024 թվականի եւ հետագա հաշվետու տարիների համար` 100 տոկոսի չափով:»: Անշուշտ, նման աստիճանական քայլը հնարավորություն կտա զսպել նոր համակարգին անցմամբ եւ հարկային պարտավորությունների ավելացմամբ պայմանավորված բնակչության ֆինանսական դժվարությունները: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ այս առումով անհրաժեշտ է իրականացնել խորը վերլուծություններ ըստ առանձին համայնքների, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ, օրինակ, կոնկրետ որեւէ համայնքի 2021 թվականին անշարժ գույքի հարկի 25 տոկոսը լինի ավելի փոքր մեծություն, քան 2020 թվականի նույն հարկատեսակի գծով մուտքերը, ինչը կհանգեցնի 2021 թվականի համար տվյալ համայնքի բյուջեի եկամուտների կրճատմանը:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի հարկ վճարողների հարկային պարտավորությունների ավելացմանը, տվյալ հարկատեսակի գծով տեղական բյուջեների մուտքերի ավելացմանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական հնարավորությունների ընդլայնմանը : Միաժամանակ, այն կարող է որոշակի ֆինանսական դժվարություններ ստեղծել անշարժ գույքի հարկ վճարողների համար, որոնց հաղթահարման համար առաջիկա տարիներին անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ գործիքներ կիրառել:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

17 .0 6 .2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ՝ Կ -651-12.06.2020- ՏՀ -011/0) օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է կադաստրային արժեքների հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անցում կատարել անշարժ գույքի շուկայական արժեքների մոտարկված արժեքների հիման վրա հաշվարկվող անշարժ գույքի հարկի համակարգին:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը պարունակում է սոցիալական հիմնախնդիրներ:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Մինչեւ անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր համակարգի կիրառումը, առաջարկում ենք առավել խոցելի որոշ սոցիալական խմբերի (միայնակ կենսաթոշակառուներ, բազմազավակ ընտանիքներ եւ այլն) հարկային բեռը թեթեւացնելու նպատակով դիտարկել հարկային արտոնության իրատեսական տարբերակներ, որոնք հետագայում կարող են ներառվել անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր համակարգում:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ օրենսդրորեն կսահմանվի անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր համակարգի ներդնումը, ինչը հնարավորություն կընձեռնի անշարժ գույքի հարկը իրական շուկայական արժեքից հաշվարկել:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

17.06.2020թ