ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-672-23.06.2020-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6721 -23.06.2020- ՏՀ -011/0), «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6722 -23.06.2020-ՏՀ-011/0), ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6723 -23.06.2020-ՏՀ-011/0) եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6724 -23.06.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմիժ փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը ) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածում նախատեսել աշխատակիցներին տրամադրվող բաժնետոմսերի վերաբերյալ նոր կարգավորումներ, որոնց շարքում նախատեսվում է նաեւ բաժնետիրական ընկերության իրավունքը՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում թողարկելու եւ տեղաբաշխելու աշխատակցի՝ հասարակ (սովորական) կամ արտոնյալ բաժնետոմսեր, եթե կանոնադրությամբ դա արգելված չէ ։

Միաժամանակ Նախագծով նախատեսվում է բաժնետիրացման ծրագրի հասկացությունը, այն է՝ «Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրն Ընկերության ներքին իրավական ակտ է , որի համաձայն Ընկերությունն իր մեկ կամ ավելի վարձու աշխատողներին (այդ թվում ՝ խորհրդի անդամներին) տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել հատուցումներ ՝ Ընկերության կամ նրա մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսերով, օպցիոններով կամ սեփական կապիտալի այլ գործիքներով)» ։

Նախագծով նախատեսվում է նաեւ Ընկերության բաժնետիրացման ծրագրով մի շարք հարցերի կարգավորում, օրինակ՝ աշխատակիցների բաժնետոմսերի շրջանառության սահմանափակման ժամկետ նախատեսելու հնարավորություն, աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների ընթացքում եւ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում Ընկերության կողմից աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը ձեռք բերելու գնի կամ այդ գինը որոշելու կարգի սահմանում: Միաժամանակ հարկ է նկատել, որ գործող կարգավորումներով նշված հարցերի մի մասի կարգավորումը վերապահված է Ընկերության կանոնադրությանը:

Վերոշարադրյալի հիման վրա՝ հարկ ենք համարում նշել, որ Նախագծով նախատեսված չէ, թե Ընկերության որ մարմնի կողմից պետք է հաստատվի բաժնետիրացման ծրագիրը: Եթե նման իրավասություն պետք է վերապահել Ընդհանուր ժողովին, ապա անհրաժեշտ է այդ իրավասության մասին նշում կատարել Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում: Հարկ է հավելել, որ Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ժողովն իրավունք չունի քննարկել եւ որոշումներ ընդունել այն հարցերի շուրջ, որոնք սույն օրենքով չեն սահմանվել որպես նրա իրավասություն»:

2. Նախագծով Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

«3. (…) Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների ընթացքում Ընկերությունը կարող է ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը ՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով ։

4. Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի կենսաթոշակի անցնելու դեպքերից, Ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս կամ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով »:

Այսպիսով, Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով Ընկերությանն իրավունք է տրվում առանց որոշակի նախապայմանների սահմանման աշխատանքային հարաբերությունների ընթացքում ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը ՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանված կամ դրանով որոշվող գնով ։ Առաջարկում ենք հստակեցնել նշված իրավադրույթը: Մասնավորապես՝ պարզ չէ, թե արդյոք Ընկերության կողմից աշխատակցի բաժնետոմսը ձեռք բերելու կամահայտնությանը պետք է համապատասխանի աշխատակցի պարտականությունը՝ վաճառելու այն: Միաժամանակ կարծում ենք, հասկանալի չէ բաժնետիրացման ծրագրով հետգնման գնի սահմանման հնարավորության տրամադրումը առանց գնային որեւէ սահմանափակման: Օրինակ, կարող էր նախատեսվել, որ Ընկերությունն աշխատանքային հարաբերությունների ընթացքում կարող է ձեռք բերել աշխատակցի բաժնետոմսն առնվազն շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից:

Միաժամանակ առաջարկում ենք 41-րդ հոդվածի 4-րդ մասով եւս նախատեսել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով սահմանվելիք հետգնման գնի նվազագույն սահմանաչափ, այն է՝անվանական արժեքից ոչ պակաս չափ, որը կարող է որոշակի երաշխիք լինել աշխատակիցների համար բաժնետիրացման ծրագրով նախատեսվելիք կարգավորումների համատեքստում:

3. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության մեջ կիրառված է «մայր կազմակերպություն» հասկացությունը, որը, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել: Հիմք ընդունելով Օրենքի 7-րդ հոդվածի կարգավորումները՝ առաջարկում ենք մայր կազմակերպություն» հասկացության փոխարեն կիրառել «հիմնական ընկերություն» հասկացությունը:

4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետի համաձայն՝խորհրդի անդամների աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը վերապահված է Ընդհանուր ժողովին : Բացի այդ, Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ժողովի որոշմամբ խորհրդի անդամների համար կարող է սահմանվել պարգեւավճար եւ (կամ) փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգեւավճարի եւ (կամ) փոխհատուցման չափը եւ վճարման կարգը սահմանվում են ժողովի որոշմամբ »: Մինչդեռ Նախագծով նախատեսված փոփոխության արդյունքում խորհրդի անդամներին տրվող հատուցումները՝ լրավճարը, պարգեւատրումը կամ այլ տեսակի խրախուսանքը, (հիմք՝ Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդված), որոնք հանդիսանում են լրացուցիչ աշխատավարձ (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդված), կարող են տրամադրվել ընկերության կապիտալի գործիքներով՝ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրով: Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք վկայակոչված իրավադրույթներում կատարել նշում բաժնետիրացման ծրագրով նախատեսված դեպքերի համար:

5. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «4-ին» թիվը փոխարինել «4-րդ» թվով:

6. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ նշելով նաեւ օրենսգրքի հերթական համարը, այն է՝ ՀՕ-124-Ն: Միաժամանակ առաջարկում ենք «սեպտեմբերի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով՝ օրենսգրքի ընդուման ամիսը ճիշտ նշելու նպատակով:

7. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «բառից»բառն առաջարկում ենք փոխարինել «բառերից» բառով, իսկ «բառերը» բառից առաջ լրացնել «կետադրական նշանը եւ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

8. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ նշելով նաեւ օրենսգրքի հերթական համարը, այն է՝ ՀՕ-165-Ն:

9. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրեսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 69-րդ կետ, մինչդեռ օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասն ավարտվում է 71-րդ կետով: Հետեւաբար կետերի տրամաբանական հաջորդականությունն ապահովելու նպատակով ՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հ ո դվածում նշված «69» թվերը փոխարինել «72» թվերով:

10. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «բառերը» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «կետադրական նշանը եւ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

11. ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի 1-ին հոդվածում լրացնել նոր ՝ 4-րդ մաս՝ «4. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում աշխատակիցն ե րի բաժնետիրացման ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումների վրա»: Նշվածի կապակցությամբ նշենք, որ համապատասխան օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորման առարկայի շրջանակի բովանդակությունից արդեն իսկ բխում է, որ նշված օրենքի դրույթները չեն տարածվում աշխատակիցնրի բաժնետիրացման ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումների վրա, ուստի դրա մասին լրացուցիչ նշելու անհրաժեշտությունը , կարծում ենք, բացակայում է: Փոխարենը տվյալ նախագծով կարող է սահմանվել որ սույն օրենքի շրջանակներում կիրառված «աշխատավարձ» հասկացության մեջ աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումները չեն ներառվում:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումներիհամապատասխանությունը միմյանց, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

15.07.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

15.07.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -672-23.06.2020-ՏՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -6721 -23.06.2020-ՏՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -6722 -23.06.2020-ՏՀ-011/0), « Կուտակային կենսաթոշակների մասին » օրենքում լրացում կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Պ -6723 -23.06.2020-ՏՀ-011/0) եւ « Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -6723 -23.06.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Կարապետյանի, Բ. Թունյանի եւ Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» , « Կուտակային կենսաթոշակների մասին » օրենքում լրացում կատարելու մասին » եւ « Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթի հիմնական նպատակը բաժնետիրական ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի խթանման համար անհրաժեշտ օրենսդրաիրավական հիմքերի եւ պայմանների ձեւավորումն է : Փաթեթի ընդունումը, համաձայն դրան կից ներկայացված հիմնավորման, կնպաստի տնտեսական ժողովրդավարության եւ սոցիալական համերաշխության ամրապնդմանը , ինչպես նաեւ երկրում ստեղծվող ավելացված արժեքի արդարացի վերաբաշխմանը : Փաթեթով առաջարկվում է սահմանել «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացությունը, այդ ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումը (լրավճարը, պարգեւատրումը կամ այլ տեսակի խրախուսանքը) կատարել նաեւ արժեթղթերով, աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ստացվող հատուցումը, որպես արժեթղթերից ստացվող եկամտի տեսակ, դասել եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների շարքին՝ որոշակի սահմանափակումների զուգակցմամբ, ինչպես նաեւ շահութահարկի հարկման բազան որոշելու նպատակով հաշվարկվող համախառն եկամուտներից չնվազեցնել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում կատարվող հատուցումների այն մասը, որը գերազանցում է այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված տվյալ աշխատակցի աշխատավարձի հանրագումարի հարյուր տոկոսը :


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Բաժնետիրական ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման հիմնական նպատակը կայանում է աշխատանքի վարձատրության եւ ընկերության գործունեության արդյունավետության միջեւ փոխկապակցվածություն ապահովելու մեջ: Ընկերությունն իր աշխատակիցներին, որպես կանոն, ղեկավարներին եւ կառավարիչներին, իրավունք է տալիս կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով արտոնյալ գնով ձեռք բերել որոշակի քանակությամբ բաժնետոմսեր: Եթե նախատեսված ժամկետի ավարտից հետո բաժնետոմսի գինն աճում է, ապա տվյալ աշխատակիցը տարբերության չափով ստանում է եկամուտ : Հետեւաբար, բաժնետիրացման ծրագրերը հանդիսանում են երկարաժամկետ հատվածում աշխատակիցների խրախուսման միջոց: Աշխատանքի խթանման այս մեթոդը, կարծում ենք, արդարացված է հետեւյալ հիմնական պատճառներով. ֆիքսված չափով աշխատավարձ ստացող ընկերության աշխատակիցը կամ կառավարիչը, որպես կանոն, շահագրգռված չէ ընկերության բաժնետմսերի գնի բարձրացման հարցում, սակայն դառնալով բաժնետիրացման ծրագրի մասնակից, նա արդեն շահագրգռված կլինի եւ լրացուցիչ ջանքեր կգործադրի բաժնետիրական կապիտալի ավելացման համար: Բացի լրացուցիչ եկամուտ ստանալու հեռանկարից, բաժնետիրացման որոշ սխեմաների դեպքում աշխատակիցը դառնում է ընկերության բաժնետեր եւ հնարավորություն է ստանում մասնակցել ընկերությունում որոշումների կայացման գործընթացին: Միեւնույն ժամանակ, բաժնետոմսերի իրացվելիության հետ կապված խնդիր ունեցողընկերությունների համար աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերի շրջանակներում լրացուցիչ միջոցների ներգրավումը դառնում է այդ հիմնախնդրի լուծման ուղիներից մեկը:

Ընդհանուր առմամբ, միջազգային պրակտիկայում ընդունված է այն մոտեցումը, որ աշխատավարձի բազային մեծությունը պետք է բավարար լինի որակյալ կադրերի ներգրավման համար, իսկ լրացուցիչ տրվող հավելավճարները, բոնուսները եւ նմանատիպ այլ եկամուտները պետք է մոտիվացնեն աշխատակիցներին առավել բարձր արդյունավետություն ցուցաբերելու իրենց աշխատանքային գործունեության ընթացքում: Ըստ էության, այդ խնդրի լուծման միջոցներից մեկն է հանդիսանում ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը: Բաժնետոմսի շուկայական արժեքի բարձրացման դեպքում դրա ձեռքբերման եւ վաճառքիգների տարբերության չափով աշխատակիցը ստանում է եկամուտ: Քանի որ նման ծրագրերը հիմնականում երկարաժամկետ են (որպես կանոն՝ 3-5 տարի), ապա դա խթանում է աշխատակիցներին ընկերության շուկայական արժեքի, հետեւաբար` նաեւ բաժնոտոմսերի գնի բարձրացման նպատակով արդյունավետ գործունեություն իրականացնելու համար: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս ուղղակիորեն փոխկապակցել աշխատակիցների աշխատանքի արդյունքները ընկերության գործունեության արդյունքների հետ:

Կարելի է ասել, որ բաժնետիրացման ծրագրերը ձեռնտու են ինչպես գործատուներին, այնպես էլ վարձու աշխատողներին: Ընկերությունն, այդպիսով, կանխում է որակյալ կադրերի արտահոսքը, քանի որ բաժնետիրացման ծրագրերը նախատեսված են 3-5 տարիների համար: Աշխատակիցներն, իրենց հերթին, բաժնետոմսերի գնի աճի հաշվին լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություն են ձեռք բերում: Միաժամանակ, եթե բաժնոտոմսի գինընվազում է, ապա նրանք նման հնարավորությունից զրկվում են: Իսկ եթե աշխատակիցն ազատվում է աշխատանքից մինչեւ ետգնման ժամկետը, ապա նա զրկվում է բաժնետոմսի նկատմամբ իր ունեցած իրավունքներից: Հետեւաբար, աշխատակիցների տեսանկյունից նման սխեմաներն իրենց մեջ պարունակում են որոշակի ռիսկայնություն: Ըստ էության, այս դեպքում աշխատակիցները կիսում են ռիսկերն ընկերության հետ:

Ընդհանրացնելով, կարող ենք նշել, որ բաժնետիրացման ծրագրերի հիմնական նպատակն ընկերության կապիտալիզացիայի աճն է եւ դրան համարժեք ընկերության աշխատակիցներին լրացուցիչ եկամուտների տրամադրումն է: Նման ծրագրերի հիմնական խնդիրներն են ընկերության բաժնետոմսերի արժեքից աշխատակիցների եկամուտների կախվածության սահմանումը, ընկերության երկարաժամկետ եւ կայուն զարգացման հարցում աշխատակիցների նյութական շահագրգռվածության ապահովումը, բարձր որակավորում ունեցող եւ արդյունավետ աշխատող աշխատակիցների արտահոսքի կանխումը:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

1. Փաթեթում ընդգրկված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանվում է, որ. «Աշխատակցի բաժնետոմսը կարող է տրամադրվել անվճար կամ դրա դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել»: Առավել հստակություն ապահովելու համար առաջարկում ենք տվյալ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Աշխատակցի բաժնետոմսը տրամադրվում է անվճար կամ դրա անվանական արժեքից ցածր գումարով»:

2. Փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով տրվում է «ա շխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացության մեկնաբանությունը, ըստ որի` այն բաժնետիրական ընկերության ներքին իրավական ակտ է, որի համաձայն բաժնետիրական ընկերությունը իր մեկ կամ ավելի վարձու աշխատողներին (այդ թվում՝ խորհրդի անդամներին) տրամադրում կամ պարտավորվում է տրամադրել հատուցումներ՝ բաժնետիրական ընկերության կամ նրա մայր կազմակերպության սեփական կապիտալի գործիքներով (բաժնետոմսերով, օպցիոններով կամ սեփական կապիտալի այլ գործիքներով): Նույն ձեւակերպումն առկա է նաեւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում: Քանի որ « ա շխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացությունն օգտագործվում է նաեւ Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում, ապա կարծում ենք, առավել տրամաբանական կլինի, եթե դրա սահմանումը տրվի «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, իսկ արդեն Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերով հղումը տրվի այդ հասկացության վրա: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը վերաբերում է միայն բաժնետիրական ընկերություններին: Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածում, որով նախատեսվում է տալ «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացության մեկնաբանությունը, սահմանվում է, որ տվյալ հոդվածի հասկացությունները միայն հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով ունեն նշված իմաստն ու նշանակությունը: Մինչդեռ, Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացությունն օգտագործվում է առանց դրա սահմանման:


Եզրակացություն

Փաթեթը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, իսկ դրա ընդունումը կնպաստի կորպորատիվ կառավարման համակարգի եւ աշխատակիցների բաժնետիրացման մեխանիզմների զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի զարգացմանն, ինչը չափազանց կարեւոր է: Միաժամանակ, կարծում ենք, որ բաժնետիրական ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերից բացի կարեւոր նշանակություն ունեն նաեւ մի շարք այլ պայմաններ եւ, առաջին հերթին, արժեթղթերի շուկայի կայացվածության աստիճանը: Հետեւաբար, Փաթեթով հետապնդվող խնդրի լուծումը, կարծում ենք, պետք է դիտարկել այդ համատեքստում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

07.07.2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -672-23.06.2020-ՏՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -6721 -23.06.2020-ՏՀ-011/0), « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -6722 -23.06.2020-ՏՀ-011/0), « Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -6723 -23.06.2020-ՏՀ-011/0) եւ « Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -6723 -23.06.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Կարապետյանի, Բ. Թունյանի եւ Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» , « Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» , « Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ « Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթի հիմնական նպատակը բաժնետիրական ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման գործընթացի խթանման համար անհրաժեշտ օրենսդրաիրավական հիմքերի եւ պայմանների ձեւավորումն է: Վերջինիս ընդունումը, համաձայն հիմնավորման, ամենայն հավանականությամբ կնպաստի տնտեսական ժողովրդավարության եւ սոցիալական համերաշխության ամրապնդմանը , ինչպես նաեւ երկրում ստեղծվող ավելացված արժեքի արդարացի վերաբաշխմանը: Նախագծերի փաթեթով հեղինակներն առաջարկում են սահմանել «աշխատակիցների բաժնետիրացման ծրագիր» հասկացությունը, այդ ծրագրի շրջանակներում տրամադրվող հատուցումը (լրավճարը, պարգեւատրումը կամ այլ տեսակի խրախուսանքը) կատարել նաեւ արժեթղթերով, աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում ստացվող հատուցումը, որպես արժեթղթերից ստացվող եկամտի տեսակ, դասել եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտների շարքին՝ որոշակի սահմանափակումների զուգակցմամբ, ինչպես նաեւ շահութահարկի հարկման բազան որոշելու նպատակով հաշվարկվող համախառն եկամուտներից չնվազեցնել աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի շրջանակներում կատարվող հատուցումների այն մասը, որը գերազանցում է այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված տվյալ աշխատակցի աշխատավարձի հանրագումարի հարյուր տոկոսը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական տեսանկյունից հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրակացություն

Ներկայացված Նախագծերի փաթեթն, անշուշտ, կլուծի դրանով հետապնդվող խնդիրները, իսկ վերջինիս ընդունումը կնպաստի կորպորատիվ կառավարման համակարգի եւ աշխատակիցների բաժնետիրացման մեխանիզմների զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի զարգացմանը:

Ընդհանուր առմամբ, բաժնետիրական ընկերությունների աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերի արդյունավետ իրականացման համար կարեւոր նշանակություն ունի արժեթղթերի շուկայի կայացվածության աստիճանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

9.07.2020 թ .