ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-703-04.08.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանի, Արտակ Մանուկյանի, Տիգրան Ուլիխանյանի, Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի, Երջանիկ Հակոբյանի կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագ ծ ի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծ ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ընդլայնել «ֆինանսատնտեսական գործունեություն» հասկացությունը, ինչի արդյունքում Հաշվեքննիչ պալատի գործառույթների մեջ նախատեսվում է ներառել նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրման, այն է՝ հարկային մուտքերի, օրինակության եւ արդյունավետության նկատմամբ հաշվեքննությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 198-րդ հովածի 1-ին մասի համաձայն՝ «Հաշվեքննիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում հաշվեքննություն է իրականացնում պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ »: Այսինքն՝ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանված է Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող ֆինանասատնտեսկան գործունեության շրջանակը,որի օգտագործման օրնակության եւ արդյունավետության նկատմամբ վերջինս կարող է իրականացնել հաշվեքննություն: Արդյունքում, ստացվում է, որ Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության շրջանակը սահմանափակ է, եւ Սահմանադրությամբ սահմանված շրջանակներից դուրս որեւէ այլ գործողություն չի կարող հանդիսանալ ֆինանսատնտեսական գործունեություն: Դրա մասին է վկայում նաեւ, օրինակ, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածով սահմանված Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը՝ «Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակը հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության վերաբերյալ Ազգային ժողովին եւ հանրությանը ժամանակին, մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնելն է» կամ Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված Հաշվեքննիչ պալատի գործառույթները, որով եւս հստակ ուրվագծված է Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող ֆինանսատնտեսական գործունեության շրջանակը, ինչը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության198-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

Այսպիսով, կարող ենք եզրահանգել, որ Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության առարկա կարող է լինել ոչ թե հաշվեքննության օբյեկտի կողմից իրականացված ցանկացած ֆինանսատնտեսական գործունեություն, այլ միայն Սահմանադրությամբ սահմանված հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման շրջանակներում իրականացվող ֆինանսատնտեսական գործունեությունը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ` պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող այն անձը , ով ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժկամ հաշվեքննիչ պալատում ղեկավար պաշտոններում նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում»:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ՝ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, բարձրագույն կրթություն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ստացած այն քաղաքացին, որն ունի աուդիտորի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավար պաշտոնների առնվազն 3-րդ ենթախմբի նվազագույնը հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավարի պաշտոնում»:

Հիմնավորման մեջ նշված է, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության նպատակը պայմանավորված է հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները հստակ ձեւակերպելու անհրաժեշտությամբ, քանի որգործող օրենսդրությամբ տրված ձեւակերպումները առաջացնում են տարընթերցումներ:

Մինչդեռ վերոգրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել հետեւյալը.

1) Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով Հաշվեքննիչ պալատի անդամի, ներառյալ՝ պալատի նախագահի համար, իբրեւ պարտադիր պահանջ, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը:

Այս մասին է վկայում նաեւ Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 5-րդ կետը, համաձայն որի. «Հաշվեքննիչ պալատի անդամի լիազորությունները դադարում են՝ հաշվեքննիչ պալատի անդամի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում»:

Հետեւաբար Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելիս «քաղաքացի» բառը «անձը» բառով փոխարինելու անհրաժեշտությունը բավարար չափով հիմնավորված չէ, ինչպես նաեւ չի բխում օրենքի տրամաբանությունից:

2) Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ» ձեւակերպումը Նախագծի 2-րդ հոդվածով փոխարինվում է «ֆինանսական ոլորտում նվազագույնը տասը տարվա աշխատանքային ստաժ» ձեւակերպմամբ: Մինչդեռ Հաշվեքննիչ պալատի գործառույթներից բխում է, որ Հաշվեքննիչ պալատն իր գործունեությունն իրակացնում է հանրային ֆինանսների ոլորտում: Հետեւաբար զուտ «ֆինանսական ոլորտում տասը տարվա ստաժ» ձեւակերպումը, կարծում ենք, անհամաչափ լայն է: Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հաշվեքննիչ պալատի անդամի (նխագահի) գործունեությունը վերաբերում է միայն հանրայինֆինանսաների եւ սեփականության ոլորտին , կարծում ենք, հանրային ֆինանսների ոլորտում աշխատանքային ստաժի առկայության պահանջն ինքնանպատակ չէ եւ բխում է Օրենքի տրամաբանությունից:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված է. «Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել»: Վերը նշված փոփոխության կապակցությամբ նշենք հետյալը.

Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորված է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ հաշվեքննիչ պալատի նախագահի` այդ մասին Ազգային ժողովին տեղեկացնելու պարտականությունը: Բացի այդ, Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում, եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից ավելի ժամանակահատված, հաշվեքննիչ պալատի նախագահի` այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում Ազգային ժողովին տեղեկացնելու պարտականությունը, որի պարագայումհաշվեքննիչ պալատի նոր անդամն ընտրվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով: Սույն հոդվածով կարգավորված է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այն չհամալրվելու հա րցը , եթե պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից պակաս ժամանակահատված:

Հիմնավորման մեջ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության կատարման անհրաժեշտությունը մեկնաբանվում է հետեւյալ կերպ. «Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պաշտանավորման ժամկետները եւ ընտրության կարգը հակասում է Սահմանադրությանը եւ ԱԺ կանոնակարգ օրենքին, ընդ որում հոդվածի 3-րդ մասում արդեն նշված է, որ Հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգավորումները հիմնականում վերաբերում ենՀաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքին:

Տվյալ հարցը կարգավորված չէ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, ուստի հիմնավորման մեջ պաշտոնավարման ժամկետների հակասության վերաբերյալ կատարված դիտարկումը, կարծում ենք, հիմնավոր չէ: Այսպես՝ Սահմանադրության 199-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով նախատեսված է Հաշվեքննիչ պալատի նախագահի եւ մյուսանդամների ընտրության կարգը. սույն հարցը 17-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորվող հարցերի շրջանակից դուրս է: Ուստի հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, համաձայն որի` Օրենքի 3-րդ մասով արդեն իսկ նախատեսված է, որ հաշվեքննիչ պալատի նախագահը եւ մյուս անդամները ընտրվում են Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, չի հիմնավորում Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը, քանի որ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով կարգավորված հարցերը, ինչպես վերը նշել ենք, այլ են եւ չեն հակասում նույն հոդվածի 3-րդ մասին:

Անհրաժեշտ ենք համարում նաեւ շեշտել, որ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչելու պարագայում այլեւս կարգավորում չեն ստանա մի շարք հարցեր, մասնավորապես՝ ո՞վ պետք է Ազգային ժողովին տեղեկացնի Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալու պարագայում, ի՞նչ ժամկետներում, եւ այլն:Քննարկվող կարգավորումների բացակայությունը, կարծում ենք, էական խնդիրներ կառաջացնի Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրության գործընթացում:

3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ Նախագծով կատարվում է միայն մեկ լրացում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտրի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրելիս նշել մասը, այն է՝ «1.»:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

6. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան հաջորդող» բառերը փոխարինել «հրապարակմանը հաջորդող» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հաշվեքննիչ պալատի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),(118),

Գ. Մամյան (հեռ.` 011-513-361), (108)

24.08.2020թ.

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծ ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),(118),

Գ. Մամյան (հեռ.` 011-513-361), (108)

24.08.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հաշվեքննիչ պալատի մասին » օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Պ -703-04.08.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ե. Սողոմոնյանի, Ա. Մանուկյանի , Տ. Ուլիխանյանի , Վ. Աթաբեկյանի , Հ. Դանիելյանի եւ Ե. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ֆինանսատնտեսական գործունեությունը սահմանել որպես հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում պետական եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների եւ վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործում, ինչպես նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրում : Այլ կերպ ասած, առաջարկվում է հաշվեքննության օբյեկտի կողմից իրականացվող եւ հաշվեքննության առարկա հանդիսացող ֆինանսատնտեսական գործունեության շրջանակներն ընդլայնել՝ դրանում ընդգրկելով նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը: Դա, ըստ Նախագծի հեղինակների, հնարավորություն կտա պետական եկամուտների հավաքագրման մասով եւս ստեղծել հաշվեքննություն իրականացնելու հնարավորություն: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Պետական եկամուտների հավաքագրումը ներկայումս էլ ենթարկվում է հաշվեքննության եւ դրա համար առանձին նշելու կարիք չկա: Այդ հաշվեքննությունն իրականացվում է ՊԵԿ-ի նկատմամբ` որպես պետական կառավարման մարմին: Նույն տրամաբանությամբ նշված չէ նաեւ համայնքային բյուջեների միջոցների հավաքագրման գործընթացը եւ նմանատիպ բազմաթիվ գործընթացներ (իրականում դրանց նշումը անիմաստ է եւ ավելորդ): Ինչ վերաբերում է եկամուտների հավաքագրման գործընթացը հաշվեքննության ենթարկելուն, ապա դա բավականաչափ բարդ ու աշխատատար գործընթաց է՝ հաշվի առնելով նաեւ Հաշվեքննիչ պալատի ռեսուրսային եւ կադրային ներուժը։ Նման իրավիճակում եկամուտների հավաքագրման գործընթացի հաշվեքննության արդյունավետությունը գործնականում կարող է չապահովվել։

բ) «Պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրում» արտահայտությունը տնտեսագիտական տեսանկյունից բավականաչափ մեկնաբանելի է: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական եւ համայնքի բյուջեները` պետությանը եւ տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձեւավորման եւ ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են: Այսինքն, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում խոսքը գնում է պետությանը եւ տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված լիազորությունների, այլ ոչ թե պետական գործառույթների մասին:

գ) «Պետական գործառույթների իրականացման համար միջոցներ» արատահայտության տակ, ըստ էության, նկատի են առնվում բյուջետային եկամուտները (չնայածՆախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ խոսվում է միայն հարկային մուտքերի մասին): «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով դրանք սահմանվում են որպես օրենսդրությանը համապատասխան պետական եւ համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական մարմնի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցներ: Նույն օրենքով նախատեսված են նաեւ բյուջետային մուտքերը, որոնք սահմանվում են որպես պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցներ եւ ներառում են տվյալ բյուջեին օրենքով ամրագրված բյուջետային եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների գումարների վերադարձից, ոչ դրամային տեսքով այլ ֆինանսական ակտիվների եւ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող, ինչպես նաեւ ներգրավված փոխառու եւ այլ դրամական միջոցները: Հետեւաբար, Նախագծում պետք է հստակ ամրագրել, թե պետական գործառույթների իրականացման համար հավաքագրվող միջոցները որոնք են: Ի դեպ, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ պետական գործառույթների իրականացման համար միջոցների տակ նկատի են առնվում միայն հարկային մուտքերը, ինչը ոչ միայն տրամաբանական չէ, այլեւ չի բխում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից: Բացի այդ, համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի հարկերը սահմանվում են որպես պետական եւ (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր եւ անհատույց գումարներ: Այսինքն, հարկերի պարագայում խոսքը գնում է պետական եւ հասարակական կարիքների բավարարման, այլ ոչ թե պետական գործառույթների իրականացման ֆինանսական ապահովվածության մասին:

դ) Նախագծի բովանդակությունից հասկանալի չէ, թե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական բյուջեների հաշվին իրականացվող գործառույթները պետական գործառույթ հանդիսանում են, թե ոչ ։ Այսինքն, Նախագծից պարզ չի դառնում, թե տե ղ ական բյուջեներին ամրագրված եկամուտների հավաքագրման գործընթացը հաշվեքննության առարկա դառնալու է, թե ոչ:

2. Ընդհանուր առամբ, պետական ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից պետական եկամուտների հավաքագրման գործընթացի հաշվեքննությունը կարեւոր նշանակություն ունի հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման եւ օգտագործման տեսանկյւունից: Այդ կարեւորությունն ամրագրված է նաեւ Աուդիտի առաջնորդող սկզբունքների Լիմայի հռչակագրում, որի 20-րդ (այլ ոչ թե 28-րդ, ինչպես նշված է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ) բաժնում նշված է, որ աուդիտի բարձրագույն ինստիտուտները պետք է լիազորված լինեն հնարավորինս լայնորեն աուդիտի ենթարկել հարկերի հավաքագրման գործընթացը, եւ դրա շրջանակներում ուսումնասիրել հարկային փաստաթղթեր: Կարծում ենք, առավել տրամաբանական կարող է ներկայանալ այն մոտեցումը, երբ հաշվեքննության է ենթակա բյուջեի կատարումը, որը, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների` համապատասխանաբար պետական եւ համայնքների բյուջեների մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է: Այս պարագայում հաշվեքննության առարկա կդառնա պետական եկամուտների ձեւավորման եւ օգտագործման ողջ գործընթացը եւ կապահովվի նաեւ Նախագծով հետապնդվող խնդրի լուծումը:


Եզրա
հանգում

Նախագծով հետապնդվող նպատակի կարեւորությամբ հանդերձ, հարկ ենք համարում նշել, որ եկամուտների հավաքագրման գործընթացի հաշվեքննությունը Հաշվեքննիչ պալատի ռեսուրսային ապահովվածության ներկա պայմաններում բավականաչափ բարդ խնդիր է, որի լուծումը ենթադրում է այդ մարմնի կարողությունների եւ գործիքակազմի ընդլայնում, ինչպես նաեւ անհրաժեշտ մեխանիզմների սահմանում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

21 .0 8 .2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-703-04.08.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝  Եղիշե Սողոմոնյանի, 
Արտակ Մանուկյանի , Տիգրան Ուլիխանյանի ,  Վարդան Աթաբեկյանի, Համազասպ Դանիելյանի եւ Երջանիկ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է հաշվեքննության առարկա համարել նաեւ պետական գործառույթների իրականացման համար միջոցների հավաքագրումը՝ հարկային մուտքերը, հաշվեքննության առաջադրանքում նշված օբյեկտում զննման եւ դիտարկման ընթացակարգերի ժամկետի սահմանումը վերապահել Հաշվեքննիչ պալատին եւ հստակեցնել հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության համար ներկայացվող պահանջները:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հնարավորություն ընձեռել Հաշվեքննիչ պալատին առավել արդյունավետ իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

13.08.2020թ