ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ



««Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-704-05.08.2020-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7041 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0),  «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7042 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7043 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
 
 

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերն (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 
 

Փորձաքննության արդյունքները


Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերը)՝ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.         ««Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է բնապահպանության ոլորտի տեսչական մարմնին վերապահել դիտարկումներ իրականացնելու լիազորություն, ըստ որի «դիտարկում է համարվում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման, բացահայտման եւ նախազգուշացման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջությունը»: Նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն՝ «բնապահպանական վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ սույն օրենքով սահմանված կարգով բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (տեսուչի) կողմից իրականացվող ստուգում է (...)»: Նույն հոդվածով սահմանված «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին» եւ «բնապահպանական պետական տեսուչ» հասկացությունների մեջ սահմանված է վերջիններիս կողմից միայն ստուգում իրականացնելու իրավասությունը: Այսինքն` Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հասկացությունների բովանդակությունից բխում է, որ բնապահպանական վերահսկողությունը դիտարկվում է որպես ստուգում, իսկ, որպես տեսչական մարմնի կողմից իրականացվող իրավասություն, սահմանված է միայն ստուգման իրականացումը:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ Նախագծով սահմանված կարգավորումներով, մասնավորապես՝  Նախագծի մի շարք հոդվածներում «ստուգումներ» կամ «ստուգվող սուբյեկտներ» հասկացություններից հետո լրացնելով համապատասխանաբար «դիտարկումներ» կամ «դիտարկվող սուբյեկտներ» հասկացությունները, դիտարկման գործընթացը նույնացվում է ստուգման գործընթացի հետ: Ուստի, կարծում ենք, անհրաժեշտ է առանձին հոդվածներով սահմանել դիտարկման՝ ստուգման ընթացակարգից տարբերվող ընթացակարգը, գործողությունների շրջանակը, դիտարկման ընթացքում տեսչական մարմնի իրավասությունների շրջանակը, դիտարկվող սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները, միեւնույն անձի նկատմամբ մեկ տարվա ընթացքում հնարավոր դիտարկումների պարբերականությունը եւ այլն: Դիտարկման ընթացակարգի ոչ ամբողջական կարգավորման արդյունքում Նախագծով սահմանված մի շարք դրույթներ միատեսակ եւ հստակ չեն ընկալվում. օրինակ՝ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքում լրացնել նոր 26.1-ին կետ, որի 8-րդ մասով սահմանված է՝ «Դիտարկման արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում»: Տվյալ պարագայում հասկանալի չէ՝ դիտարկման արդյունքն ինչ է իրենից ներկայացնում, եւ կարող է արդյոք պարունակել այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակման համար անհրաժեշտ լինի դիտարկվող սուբյեկտի համաձայնությունը:

2.                        Նախագծի 1-ի հոդվածով լրացվում է «գործունեության կասեցում» հասկացությունը, մինչդեռ Օրենքի 29-րդ հոդվածը եւ նոր լրացվող 29.1-ին հոդվածը վերաբերում են նաեւ գործաղության կասեցմանը : Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը՝ առաջարկում ենք կիրառել նույնական հասկացություններ:

3.                        Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված է՝ «դիտարկման ընթացքում իրականացվում են՝ ելնելով իրավախախտման բնույթից՝ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով դիտարկվող սուբյեկտի գործողությունների կասեցում (…)»: Նշված ձեւակերպումից բխում է, որ օրենքով սահմանված դեպքերում դիտարկման արդյունքում, կարող է միայն կասեցվել դիտարկվող սուբյեյտի գործողությունները: Մինչդեռ Նախագծի 7-րդ հոդվածով սահմանված լրացման արդյունքում ստացվում է ինչպես ստուգվող սուբյեկտի, այնպես էլ դիտարկվող սուբյեկտի գործողությունները, կարող են ոչ միայն կասեցվել, այեւ դադարեցվել եւ արգելվել , որին վերաբերելի կարգավորում Նախագծում բացակայում է:

4.                        Նախագծերի փաթեթի ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի առաջին նախադասության «համապատասխան փաստաթղթով» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ արտանետման թույլտվություն)» բառերով՝ համապատասխանաբար «(այսուհետ՝ արտանետման թույլտվություն)» բառերը հանելով 2-րդ նախադասությունից՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»:

 Միաժամանակ Նախագծերի փաթեթի ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 14-րդ հոդվածի 3-րդ նախադասության «արտանետումների փաստաթուղթը» բառերը առաջարկում ենք փոխարինել «արտանետման թույլտվությունը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

5.                        Նախագծերի փաթեթի ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առկա վրիպակն անհրաժեշտ է շտկել` «ազտոտող» բառը փոխարինելով «աղտոտող» բառով:

6.                        Նախագծերի փաթեթի ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածով սահմանված է.

 « Հոդված 16. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը

1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումը, ընդհուպ մինչեւ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեության դադարեցումը, իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ կասեցնել առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեությունը, եթե գործունեությունը ծավալվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու, ինչպես նաեւ սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար»:

 Հարկ է արձանագրել, որ նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածը բավականաչափ հստակությամբ ձեւակերպված չէ: Մասնավորապես հասկանալի չէ՝ ինչ է նշանակում « (…) սահմանափակել կամ արգելել, (…), ընդհուպ մինչեւ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեության դադարեցումը»:

Նախեւառաջ անհրաժեշտ է նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել վերնագրին՝ հստակորեն տարանջատելով «սահմանափակումը», «կասեցումը», «արգելումը» հասկացությունները, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 12-րդ հոդվածի 1-ին մասը:

Բացի այդ, նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը: (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Օլսսոն ընդդեմ Շվեդիայի թիվ 10465/83 գործով 24.03.1988 թվականին կայացված վճռի 61-րդ կետը):
 
 

7.                        «Հայաստանի Հանրապ»տության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածում լրացնել նոր 6.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից լիազոր մարմնին ներկայացված միջնորդագրի հիման վրա: Բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն  մասով նախատեսված միջնորդագիրը կարող է ներկայացվել ընդերքօգտագործողի կողմից տեսչական մարմնի տված հանձնարարականը չկատարելու դեպքում՝ հանձնարարականը պարունակող վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաեւ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում»: Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով սահմաված է՝ «ընդերքօգտագործման իրավունքը դադարում  է,  եթե բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված իրավախախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր»: Այսինքն Ընդերքի մասին օրենսգրքով արդեն իսկ սահմանված է տեսչական մարմնի կողմից միջնորդագրի հիման վրա ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվելու հնարավորության մասին, եւ սույն նախագծի նոր լրացվող 6.1-ին մասի 1-ին նախադասությամբ նույնաբովանդակ դրույթի սահմանման անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է:  
  
 



Եզրահանգում


Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ Նախագծերի փաթեթով սահմանված որոշ փոփոխություններ լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունեն: Անհրաժեշտ է նաեւ ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաեւ «Բնապահպանական վերահսկողության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:  
  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  
  
  
  
  

Կատարողներ՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)  
  
 
26.08.2020թ.
 
 








ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
 


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:  
  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  
  
  
 

Կատարողներ՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248), (118)  
  
26.08.2020թ.
 
 










ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-704-05.08.2020-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7041 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0), «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7042 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7043 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 
 

            Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
 
 

Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթն ուղղված է բնապահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացմանը եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի կանխմանը: Այդ նպատակով առաջարկվում է նախատեսել բնապահպանական բնույթի իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման, ինչպես նաեւ իրավասու պաշտոնատար անձանց կողմից դիտարկումներ իրականացնելու լիազորություն:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել բնապահպանական իրավախախտումների կանխարգելման հիմքերը եւ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմանը:
 
 

Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է սահմանել բնապահպանական որոշ իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչի կողմից իրավախախտում թույլ տված անձանց գործունեությունը կասեցնելու լիազորություն, բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման բացահայտման եւ կանխարգելման նպատակով բնապահպանական պետական տեսուչի կողմից դիտարկումներ իրականացնելու լիազորություն, ինչպես նաեւ հստակեցնել մթնոլորտային օդի պահպանության ոլորտում տեսչական մարմնի լիազորությունները, այդ թվում՝ լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագրի ներկայացնելու հիմքերն ու կարգը?

3. Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
 
 

Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կնպաստի բնապահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացմանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգի կանխման մեխանիզմների կատարելագործմանը եւ շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովմանը:  
  
  
 
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ  
  


Կատարող՝    Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

18.08.2020թ.
 
 









ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ



«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-704-05.08.2020-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-7041 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0), «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-7042 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Կ-7043 -05.08.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի  փաթեթի վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:  
  



Փորձաքննության արդյունքներ



1.         Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ  28-րդ կետ??ի պահանջներին:

2.         Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

3.                   «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
 
 

3.1.             Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի նոր «ժգ.1)» կետի «29.1-րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «29.1-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով, նկատի ունենալով, որ 29.1-րդ հոդվածի 1-ին մասով է ստուգվող սուբյեկտի  գործունեության կասեցման դեպքերը նախատեսված:

3.2.              Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի նոր 26.1-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ նախազգուշացումից հետո սահմանված ժամկետում դիտարկվող սուբյեկտի կողմից խախտման հետեւանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ չտեղեկացնելը հիմք են տվյալ դիտարկվող սուբյեկտում ստուգում իրականացնելու եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

                   Օրենքի 27-րդ հոդվածը վերաբերում է բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի ընթացքում քննություն իրականացնելու եւ որոշումներ կայացնելու կարգին, որի 4-րդ մասի համաձայն. «Գործերի քննությունն իրականացվում է ստուգումների ընթացքում արձանագրված փաստերի եւ ուսումնասիրությունների արդյունքների համադրմամբ,....»: Կարծում ենք գործի քննություն իրականացնելիս անհրաժեշտ է նաեւ համադրել դիտարկումների արդյունքները, ուստի առաջարկում ենք քննարկել Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «դիտարկումների» բառը  լրացնելու հարցը:

4.                   Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:  
  
 

Եզրակացություն


Նախագծերի փաթեթի ընդունմամբ որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում կնախատեսվի բնապահպանական տեսուչի կողմից իրավախախտում թույլ տված անձանց գործունեությունը կասեցնելու լիազորություն, մթնոլորտային օդի պահպանության ոլորտում կհստակեցվեն տեսչական մարմնի լիազորությունները, տեսչական մարմնին կվերապահվի լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու լիազորություն:

Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդրի լուծումը, որի արդյունքնում կկանխվի շրջակա միջավայրին եւ բնական ռեսուրսներին սպառնացող վնասը, կապահովի շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, ինչպես նաեւ կնպաստի տնտեսական գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը:  
  
  

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ  
  
  

Կատարող՝   Ս. Համբարձումյան   (հեռ. 011-513-360)

18.08.2020թ.