ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-716-26.08.2020-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7161 -26.08.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը  (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագծերի փաթեթը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝  նաեւ Նախագիծ) վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը, օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքի (այսուհետ՝ նաեւ Օրենք) վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածի մասերի համարները առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:

3. Նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ)»:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը՝ «ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության դրական արդյունքի դեպքում կատարվում է կրկնակի բժշկական հետազոտություն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված գործունեության ընթացակարգերին եւ կլինիկական ուղեցույցերին համապատասխան:»: Մինչդեռ գործող կարգավորմամբ առկա է հետեւյալ ձեւակերպումը՝ «ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից պարտադիր կարգով կատարվում է կրկնակի հետազոտություն»:

Օրենքի ՁԻԱՀ-ի կանխարգելման ծառայություններին վերաբերող 2-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ այլ կազմակերպություններ (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (այսուհետ՝ ՁԻԱՀ-ի ԿՀԿ): (…)»:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով օրենքի 10-րդ հոդվածի առաջին պարբերության «առողջապահական ձեռնարկություններում» բառերը փոխարինվում են «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից» բառերով: Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «առողջապահական կազմակերպությունները» բառերը փոխարինվում են «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները» բառերով: Սակայն, հարկ է նկատել, որ Օրենքի 2-րդ հոդվածում շարունակում է կիրառվել «առողջապահական կազմակերպությունները» ձեւակերպումը, որի հասկացություը սահմանված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացվում են հետեւյալ դիտարկումները. «Վերջին տարիների ընթացքում առողջապահության համակարգում կուտակվել են ոլորտի ներդաշնակ զարգացումը կանխորոշող մի շարք լուրջ հիմնախնդիրներ: Անհրաժեշտություն է առաջացել օպտիմալացնել համակարգը, միաժամանակ ապակենտրոնացնել եւ այդպիսով բնակչության համար առավել հասանելի դարձնել հիվանդությունների ակտիվ հայտնաբերման, վաղ ախտորոշման եւ շարունակական` երկարատեւ բուժման ծառայությունները` զուգակցելով դրանք համակարգի կառավարման եւ բուժօգնության որակի վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմամբ:(…)

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել գործող Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել, իսկ 10-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, որով մասնավորապես իրավական դաշտ է ապահովվում համապատասխան ներուժ ձեւավորելով` վարակի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ մոնիթորինգի միջոցառումները ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից բացի, նաեւ այլ բժշկական կազմակերպությունների կողմից իրականացման համար, ինչն էականորեն կազդի մատուցվող ծառայությունների հասանելիության վրա:

(…)

Օրենքի նախագծում առկա են միեւնույն հասկացությունների տարբեր ձեւակերպումներ: Հետեւաբար հակասություններից խուսափելու նպատակով եւ օրենսդրական ակտին ներկայացվող տեխնիկայի կանոններին համապատասխան` վերջիններս փոխարինվել են միեւնույն ձեւակերպմամբ:»:

Այսպիսով՝ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմից բխում է, որ Նախագծով կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում օրենսդրական դաշտ ստեղծել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից բացի այլ բժշկական կազմակերպությունների կողմից վարակի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ մոնիթորինգի միջոցառումները իրականացնելու համար: Սակայն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին վերաբերելի բոլոր կարգավորումները դուրս են թողնվում Օրենքից: Բացի այդ Օրենքի 10-րդ եւ 12-րդ հոդվածներում կատարվող փոփոխությունների արդյունքում, որպես որոշակի գործողությունների կատարման սուբյեկտ նախատեսվում են բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ բժշկական օգնությունը եւ սպասարկումը բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերումն է, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումը: Ուստի հասկանալի չէ՝ որ մարմնի կողմից պետք է իրականացվի վարակի մոնիթորինգի միջոցառումները:

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 14.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված է. «ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրվում են հետազոտվող անձին, իսկ մինչեւ 14 տարեկան հետազոտվող անչափահասին` օրենքով սահմանված կարգով»:

Մեջբերված կարգավորման վերաբերյալ նշենք հետեւյալը. 

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքի 10-րդ հոդվածի առաջին պարբերության «առողջապահական ձեռնարկություններում» բառերը փոխարինել «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից» բառերով»: Նշված փոփոխության արդյունքում ստացվում է, որ ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված լաբորատոր հետազոտությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից (անկախ սեփականության ձեւից): Սակայն Նախագծի 4-րդ հոդվածի նոր լրացվող 14.1-ին հոդվածի 1-ին մասով կիրառվող «բժշկական կազմակերպության բժշկի կողմից» ձեւակերպումը շփոթի տեղիք է տալիս, քանի որ չի համապատասխանում Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված 10-րդ կետի առաջին մասով կատարվող փոփոխությանը: Ուստի հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, անհրաժեշտ է հիշյալ ձեւակերպումը համապատասխանեցնել Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխությանը: 

5. Հարկ է նկատել, Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին պարբերությունում կիրառվում է «ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտության դրական արդյունքների դեպքում» ձեւակերպումը, ուստի Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 14.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում կիրառվող «ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի հայտնաբերման դեպքում» ձեւակերպումն անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

6. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 14.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն. «ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձն իր կարգավիճակի մասին ցանկանում է հայտնել իր ամուսնուն կամ զուգընկերոջը, ինչի մասին ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի եւ բժշկի միջեւ տեղեկացման ժամկետի եւ բժշկի հետագա քայլերի վերաբերյալ ձեռք է բերվում գրավոր համաձայնություն, սակայն գրավոր համաձայնությամբ որոշված` ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի կողմից իր ամուսնուն կամ զուգընկերոջը տեղեկացնելու ժամկետն ավարտվել է, եւ ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի ամուսինը կամ զուգընկերը չի ներկայացել ՄԻԱՎ-ի կարգավիճակը որոշելու նպատակով բժշկական հետազոտություն անցնելու համար:  Այս դեպքում բժիշկը, ըստ ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի կողմից գրավոր կարգով ներկայացված կոնտակտային տվյալների, ինչպես նաեւ գրավոր համաձայնությամբ իր կարգավիճակի բացահայտումով կամ առանց բացահայտման վերջինիս ամուսնուն կամ զուգընկերոջը հրավիրում է ՄԻԱՎ-ի կարգավիճակը պարզելու նպատակով հետազոտության անցկացման»:

Հարկ է արձանագրել, որ այս ձեւակերպումը, այն է՝ ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձն իր կարգավիճակի մասին ցանկանում է հայտնել իր ամուսնուն կամ զուգընկերոջը, ինչի մասին ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ անձի եւ բժշկի միջեւ տեղեկացման ժամկետի եւ բժշկի հետագա քայլերի վերաբերյալ ձեռք է բերվում գրավոր համաձայնություն, բավարար հստակությամբ ձեւակերպված չէ:

Մասնավորապես, անհասկանալի է՝ արդյո՞ք նշված համաձայնությունը ձեռք է բերվում անձի զուգընկերոջը կամ ամուսնուն անձի կարգավիճակի վերաբերյալ տեղեկացնելու միտումով, թե՝ անձի ամուսնուն կամ զուգընկերոջը բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու համար: Եթե նախատեսված լրացման նպատակը անձի զուգընկերոջը կամ ամուսնուն բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին տեղեկացնելն է, ապա նշված ձեւակերպմանը նախորդող պայմանն անհրաժեշտ է համապատասխանեցնել հետեւանքին՝ ապահովելով պատճառահետեւանքային կապի առկայությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ «հետագա քայլերի մասին» ձեւակերպումը լայն է եւ անորոշ, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին՝ արդյունքում զրկելով անձին իր վարքագիծը նշված կարգավորմանը համապատասխանեցնելու հնարավորությունից: 

Միաժամանակ հարկ է մեջբերել Օրենքի 11-րդ հոդվածը, որտեղ սպառիչ կերպով թվարկված է այն անձանց շրջանակը, ովքեր ենթակա են պարտադիր բժշկական խորհրդատվության եւ հետազոտության, այն է.

ա) արյան, կենսաբանական հեղուկների, հյուսվածքների եւ օրգանների դոնորները,

բ) ՄԻԱՎ-ի վարակ ունեցող մայրերից ծնված երեխաները:

Նշվածի համատեքստում հարկ է ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ բացի օրենքով թվարկված սպառիչ շրջանակից, այլ անձինք չեն կարող ենթարկվել պարդատիր բժշկական հետազոտության եւ բժշկին կարող է վերապահվել միայն նշված անձանց  հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին տեղեկացնելու հնարավորություն:  Ուստի Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող 14.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում նշված «վերջինիս ամուսնուն կամ զուգընկերոջը հրավիրում է ՄԻԱՎ-ի կարգավիճակը պարզելու նպատակով հետազոտության անցկացման» ձեւակերպումը խնդրահարույց է Օրենքի 11-րդ հոդվածի կարգավորման տեսանկյունից:

8. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերնագրում առաջարկում ենք նշել օրենսգրքի համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

9. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի համաձայն այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելը այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին, հանդիսանում է քրեական պատասխանատվության ենթակա արարք: Հարկ է նկատել, որ  անձի կողմից իր մոտ այդ հիվանդության առկայության մասին իմանալու պայմանի վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տվյալ արարքը դիտավորությամբ կամ հանցավոր ինքնավստահությամբ կատարելու համար անձը պետք է պարտադիր տեղյակ լինի իր մոտ հիվանդության առկայության մասին:
 
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սսահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

          ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

          ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

          Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

          Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),  (118)

          16.09.2020թ.
 
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին  առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

      ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

      ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

      ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՊԵՏ                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 
 

      Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

      Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),  (118)

       16.09.2020թ.
 
 


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-716-26.08.2020-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-7161 -26.08.2020-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 


Եզրահանգում

Փաթեթի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը եւ սպասարկումը, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանեցնել ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-343) 

14.09.2020թ.
 
 


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-7161 -26.08.2020-ԱՍ-011/0)  վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում: 

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը եւ սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների առանց խնդիր իրացումը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 

Կատարող՝   Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339), (ներքին համար 339)

11.09.2020թ.