ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-721-02.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ), որով առաջարկվում է հստակեցնել Հանրային խորհրդի քարտուղարության կարգավիճակը՝ հիմքում դնելով այն դիտարկումը, որ քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները: Արդյունքում Նախագծով առաջարկվում է Հանրային խորհրդի քարտուղարությանը վերապահել Վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական հիմնախնդիրներ չեն բացահայտվել, մինչդեռ պարզվել են իրավական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

23.09.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-721-02.09.2020-ՊԻ-011/0)  վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
 
 

Փորձաքննության արդյունքները


Նախագծի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Նախագիծը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների  պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով «Հանրային խորհրդի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ. «1. Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:»:

Նախագծով կատարվող փոփոխության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 161-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, Հանրային խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի 1-ին հոդվածով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «1. Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է:

2. Հանրային խորհրդի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա»:

Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, քարտուղարության կանոնադրությունը եւ աշխատողների քանակը հաստատում է վարչապետը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ Նախագծի 1-ին հոդվածով կատարվող փոփոխությունը հիմնավորվում է հետեւյալով. ««Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է:

Սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաեւ Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները: Միաժամանակ, հարկ է նշել, որ Քարտուղարությունը կողմից իրականացվող գործառույթները առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին եւ իրավասություններին: 

(...)

Նախագծի ընդունման արդյունքում Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաեւ կհամապատասխանեցվեն իրականացվելիք գործառույթները Սահմանադրությամբ եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին:»:

Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 159-րդ հոդվածին համապատասխան` սույն օրենքը սահմանում է պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը, կազմավորման կարգը, ինչպես նաեւ կարգավորում է այդ մարմինների հետ կապված այլ հարաբերություններ: Սահմանադրության եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ Հանրային խորհուրդը չի հանդիսանում պետական կառավարման համակարգի մարմին: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորման առարկային վերաբերող 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենքով կարգավորվում են պետական մարմնում, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնում կառավարչական իրավահարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմնի, ինչպես նաեւ ենթակա պետական մարմնի մասնակցության հիմնական պայմանները:»:

Այսպիսով՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի կարգավորումները վերաբերելի չեն Հանրային խորհրդին: Մասնավորապես՝ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի ինչպես գրասենյակի կառուցվածքին եւ կանոնադրության վերաբերող 8-րդ հոդվածի դրույթները վերաբերելի չեն Հանրային խորհրդի քարտուղարությանը, այնպես էլ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին վերաբերող 7-րդ հոդվածի կարգավորումները: 

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն, որ «Հանրային խորհրդի մասին» օրենքին Նախագծում այլեւս հղում չի կատարվում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ առաջարկում ենք վերոգրյալ դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին, ինչպես նաեւ «Հանրային խորհրդի մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներին:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

23.09.2020թ. 
 



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

23.09.2020թ.
 
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-721-02.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ


Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
 
 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում կփոխվի Հանրային խորհրդի քարտուղարության կարգավիճակը, ինչի արդյունքում այն կդառնա վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում եւ կունենա այդ կարգավիճակից բխող լիազորություններ: 
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ. Սաֆարյան (հեռ.՝ 011-513-273)

16.09.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
  

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-721-02.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



            Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 
 
 

Սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության արդյունքները

 

Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում


Նախագծի ընդունմամբ Հանրային խորհրդի գործունեությունն ապահովող քարտուղարության կարգավիճակը կհստակեցվի՝ նպատակ հետապնդելով ապահովելու վերջինիս կարգավիճակի համապատասխանությունը «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով ամրագրված դրույթներին: 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող՝ Ա. Գալստյան (հեռ՝ 011-513-235)

16.09.2020թ.