ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Զինվորակիան ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-730-11.09.2020-ՊԱ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ): Նախագծով առաջարկվում է գերության մեջ գտնվելու հիմքով զինվորական պաշտոնից ազատված եւ պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնված զինծառայողների համար պահպանել պաշտոնային դրույքաչափը` մինչեւ ազատվելը: Նախագծով սահմանվում են նաեւ այն հանգամանքները, որոնք բացառում են գերի ընկնելու դեպքում պաշտոնային դրույքաչափը պահպանելու իրավունքը:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

02.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորակիան ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-730-11.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորակիան ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերեւի աջ անկյունում «Նախագիծ» բառն առաջարկում ենք գրել գլխատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը՝ իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

2. Նախագծի վերնագրում «Զինվորակիան ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, այն է՝  Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը՝ հանելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանման մեջ ներառված «Հայաստանի Հանրապետության» բառերին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, այն է՝  օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:

3. Նախագծի 1-ին հոդվածի մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: 

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում լրացվում է նոր նախադասություն.

«Սույն մասի համաձայն գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է եւ դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք չէ:»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում լրացվող նոր նախադասության վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում լրացվող նախադասությամբ նշում է կատարվում գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափի վճարումն պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով իրականացնելու վերաբերյալ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նախատեսել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

4.2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում լրացվող նախադասության «զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննությունը» ձեւակերպումն առաջարկում ենք խմբագրել՝ հանելով «կողմից» բառը: Միաժամանակ առաջարկում ենք կարգավորման տեքստից հանել «ակնհայտ հիմնավորվում է» ձեւակերպումը՝ հիմք ընդունելով այն, որ համապատասխան քննության արդյունքում հաստատվում է կարգապահական խախտման կամ հանցագործության առկայությունը կամ բացակայությունը, ուստի՝ փաստի հաստատման մասին կարգավորման տեքստում անհրաժեշտ է հստակ նշում կատարել:

4.3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում լրացվող նախադասության կարգավորմամբ նշվում է, որ պաշտոնային դրույքաչափը պահպանվում է միայն այն դեպքում, երբ զինծառայողի գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու եւ (կամ) կամովին գերի հանձնվելու հետեւանք չէ:

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, իսկ սպաների կատարած կարգապահական խախտման պարագայում` պարտադիր կարգով, ինչպես նաեւ հրամանատարի (պետի) կողմից որոշված այլ դեպքերում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է ծառայողական քննություն` կարգապահական խախտման բնույթը, դրա կատարման հանգամանքները եւ հետեւանքները պարզելու, կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու, զինծառայողի մեղքի աստիճանը եւ կարգապահական տույժի տեսակը որոշելու համար:»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հստակեցնել «գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննություն» ձեւակերպումը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի կարգապահական իրավախախտումների տեսակներին վերաբերող 5-րդ գլխում ներառված իրավախախտումների շարքում՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացման արդյունքում Օրենքում նախատեսվող կարգավորման տեքստում թվարկված արարքների շարքից առկա է միայն զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 380-րդ եւ 381-րդ հոդվածներով նախատեսվում են մարտադաշտն ինքնակամ լքելու, կամովին գերի հանձնվելու հանցագործությունները: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում լրացվող նոր նախադասության կարգավորման տեքստում նշում կատարել համապատասխան քննության արդյունքում զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրը թողնելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու  կամ կամովին գերի հանձնվելու փաստը հաստատելու մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություներ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում


Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ՝ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարող` Մ. ՄՆացականյան (հեռ.` 011-513-248)
 
02.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Մ. ՄՆացականյան (հեռ.` 011-513-248)
 
02.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-730-11.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ


 Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 



Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

Եզրահանգում

Նախագծի ընդունման դեպքում ոչ կամովին գերի ընկած զինծառայողների համար կպահպանվի հաշվարկվող պաշտոնային դրույքաչափը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝   Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513- 273)

22.09.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-730-11.09.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ


Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծով կարող են լուծվել այն անձանց ընտանիքների սոցիալ-ֆինանսական խնդիրները, ովքեր ոչ իրենց կամքով հայտվել են գերության մեջ: 

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 

Եզրահանգում

Նախագծի ընդունումը կլրացնի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, մասնավորապես, կկարգավորվի գերի  ընկած զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի պահպանման խնդիրը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 
 
 

Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339)
 
25.09.2020թ.