ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-736-16.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ` Նախագիծ): Օրենսդրական նախաձեռնության նպատակն է օրենքի շրջանակներում միասնական կարգավորել Հայաստանի Հանրապետությունում կազմված եւ տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Նախագծի հիմնավորումներում նշվել է, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող եւ ընթացակարգեր սահմանող նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության առաջացմամբ, որոնցով կսահմանվեն էլեկտրոնային ձեւաչափով ծառայությունների մատուցման կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ դրանից բխող այլ գործընթացներ, կամրագրվի ներդրված եւ գործող «էլեկտրոնային ապոստիլ» էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառությունը: Նախագծով առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործառույթը վերապահել մեկ պետական մարմնի՝ գործընթացը համախմբելու, քաղաքացիների սպասարկումը դյուրացնելու նպատակով, ինչն ապահովելու է Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործընթացի միասնականության սկզբունքը եւ ապոստիլի միասնական ձեւանմուշի կիրառությունը:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում բացահայտվել են իրավական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 
 

09.10.2020թ.
 
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-736-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագիրը համընկնում է Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրի հետ, ինչի արդյունքում Նախագծի մյուս հոդվածները դուրս են մնում կարգավորման առարկայի շրջանակներից: Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը խմբագրել:

2. Նախագծի տեքստում պաշտոնական փաստաթղթերի համար կիրառվում են «կազմված եւ տրված» բառերը: Կարծում ենք, որ կազմված բառի կիրառումը նպատակային նշանակություն չունի: Կոնվենցիայի իմաստով կարեւորվում է փաստաթղթի «տրված» լինելու հանգամանքը: Ուստի, առաջարկում ենք «կազմված» բառը չկիրառել:

3. Նախագծի 1-ին հոդվածը կազմված է մեկ համարակալված մասից: Առաջարկում ենք այդ մասի համարակալումը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների»: 

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանվում է պաշտոնական փաստաթղթի հասկացությունը, այն է` «Հայաստանի Հանրապետության դատարանների, վարչական եւ այլ մարմինների, այդ մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ նոտարների կողմից իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում թղթային կրիչի կամ էլեկտրոնային ձեւաչափով կազմված եւ տրամադրված փաստաթղթեր»:

Վերոնշյալ իրավակարգավորման մեջ նշված «այլ մարմինների» ձեւակերպումը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսանկյունից հետեւյալ հիմնավորմամբ.

Նախ՝ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության այլ մարմինների եւ այդ մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում տրամադրված փաստաթղթերը համարվում են պաշտոնական փաստաթղթեր:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են Կոնվենցիային անդամակցող պետությունների տարածքում»:

Նշված իրավադրույթների վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած մարմնի եւ նրա պաշտոնատար անձի կողմից տրված պաշտոնական փաստաթուղթն ենթակա է ապոստիլով վավերացման, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «այլ մարմիններ» ձեւակերպումը ընդգրկում է մարմինների անորոշ շրջանակ:

Միաժամանակ հարկ ենք համարում նկատել, որ պաշտոնական փաստաթղթերի տեսակներն առավել հստակ կանոնակարգված են «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի 1-ին հոդվածով (այսուհետ՝ Կոնվենցիա): Ուստի, առաջարկում ենք ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Կոնվենցիային:

5. Տերմինների միանման կիրառությունն ապահովելու նպատակով` առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով` հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված ձեւակերպումը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» մասին օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերին:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «ապոստիլով հաստատված» բառերն առաջարկում ենք փոխարինել «ապոստիլով վավերացված» բառերով` օրենքի ամբողջ տեքստում տերմինների միանման կիրառությունն ապահովելու նպատակով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հադվածի 2-րդ մասը` «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»:

7. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ուղղել վրիպակը` «փաստաթղթի» բառը փոխարինել «փաստաթուղթը» բառով:

8. Նախագծի 7-րդ հոդվածի վերնագրում «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ» բառերը փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616)

08.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

 

Կատարողներ` Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616)

08.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-736-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունման արդյունքում կգործի Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող նոր իրավական ակտ, որով կսահմանվի էլեկտրոնային ձեւաչափով ծառայությունների մատուցման կարգն ու ժամկետները եւ կիրականացվի դրանից բխող այլ գործառույթներ, ինչպես նաեւ կառանձնացվի փաստաթղթերի միջազգային վավերացումն ապահովող երկու տարբեր մարմիններ՝ ապոստիլը վերապահելով Արդարադատության նախարարությանը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

 Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

 02.10.2020թ.
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-736-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
 
 

Սոցիալական փորձաքննության արդյունքները


Նախագիծը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը օրենքով սահմանված կարգով:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-339)

01.10.2020 թ.