Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել են «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (փաստաթղթային կոդեր՝ Կ-738-16.09.2020-ՊԻ-011/0, Կ-7381 -16.09.2020-ՊԻ-011/0, Կ-7382 -16.09.2020-ՊԻ-011/0) (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը համապատասխանեցնելն այն գործիքակազմին, որը ներդրվել եւ կիրառվում է արդեն 2014 թվականին, սահմանել ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը եւ տեղաշարժի հետ կապված ծախսերը, համակարգային փոփոխության արդյունքում ձեւավորել երկաստիճան` քաղաքացիների սպասարկման եւ որոշումների կայացման տարանջատված մարմինների համակարգ, նվազեցնել ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, լուծել տեխնիկական խնդիրներ, որոնք չեն համապատասխանում ՔԿԱԳ էլեկտրոնային գործիքակազմին: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում պարզվել են իրավական, սոցիալական բնույթի որոշ խնդիրներ: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
09.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-738-16.09.2020-ՊԻ-011/0), «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7381
-16.09.2020-ՊԻ-011/0), ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7382-
16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին բաժնի եւ 1-ին գլխի վերանգրերը նույնական են, ինչը ենթադրում է, որ 1-ին բաժնի մյուս գլուխները դուրս են մնում տվյալ բաժնի կարգավորման առարկայից: 2. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի վերնագրից առաջարկում ենք հանել «սույն» բառը` վերնագիրը ձեւակերպելուվ այսպես` «Օրենքի կարգավորման առարկան»: 3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված է հետեւյալը. «Էլեկտրոնային կառավարման համակարգ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Արդարադատության նախարարություն) համակարգում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որի միջոցով պատրաստվում են սույն օրենքով նախատեսված բոլոր քաղաքացիական կացության ակտային գրանցումները, դրանց հիման վրա տրամադրվող փաստաթղթերը»: Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Վկայականի, վկայականի կրկնօրինակի եւ տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով ամրագրված համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով»: Վերոգրյալի կապակցությամբ հարկ է մեջբերել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը»: Հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության» արտահայտության կրճատ տարբերակը` «Արդարադատության նախարարություն», արդեն իսկ սահմանված է, ուստի Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասում պետք է կիրառել միեւնույն բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: Առաջարկում ենք Նախագծի մյուս հոդվածներում եւս «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերը տարբեր հոլովաձեւերով կիրառելիս համապատասխանեցնել առաջին իսկ կիրառումից հետո նախատեսված կրճատ տարբերակին: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Նախագծի 6-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» արտահայտության առաջին իսկ կիրառումից հետո կրճատ տարբերակ նախատեսված չէ, սակայն նախագծի մյուս հոդվածներում կիրառված է նաեւ «Արդարադատության նախարարը» արտահայտությունը: Ուստի առաջարկում ենք վերոգրյալի հաշվառմամբ ապահովել համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին: 4. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագրի վերջում նշված միջակետը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որեւէ կետադրական նշան չի դրվում: ( ): Սույն առաջարկը նույն հիմնավորմամբ վերաբերելի է նաեւ Նախագծի 6-րդ, 7-րդ 9-րդ հսդվածների վերնագրերի վերջում նշված միջակետին: 5. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասում ուղղել վրիպակը, այն է՝ «աշտաղոի» բառը փոխարինել «աշխատողի» բառով: 6. Նախագծի 6-րդ հոդվածի 9-րդ մասում առաջարկում ենք «սույն Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով «ամրագրված համարանիշը» ձեւակերպումը փոխարինել «Հատուկ համարանիշ» ձեւակերպմամբ՝ հաշվի առնելով, որ համապատասխան հղումը հենց վերաբերում է «Հատուկ համարանիշի եւ արագ արձագանքման ծածկագրի» հասկացության սահմանմանը: 7. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «Օրենքով» բառը փոխարինել «սույն օրենքով» ձեւակերպմամբ՝ հաշվի առնելով, որ հղումը վերաբերում է Նախագծին, իսկ Նախագծում մեծատառով նշված «Օրենք» բառը սահմանված չէ որպես առաջին իսկ կիրառումից հետո կրճատ տարբերակ: 8. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «ռեգիստրի» բառից առաջ լրացնել «պետական» բառը՝ հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով: 9. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայությանը» բառերը փոխարինել «Վիճակագրական կոմիտեին» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, իսկ «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությանը» բառերը փոխարինել «Սոցիալական ապահովության ծառայությունը» բառերով՝ հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետը: Միաժամանակ հաշվի առնելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասն՝ առաջարկում ենք «արտաքին գործերի նախարարության» եւ «առողջապահության նախարարության» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել: 10. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Կառավարությունը» բառով` հիմք ընդունելով 2015 թվականի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կիրառվող ձեւակերպումը: Նշված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի մյուս հոդվածներում տարբեր հոլովաձեւերով կիրառվող «Հայաստանի Հանրապետության Կառավարություն» բառերին: 11. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում նշված «առաջակում է» բառում ուղղել վրիպակը: Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «10 օրյա» գրելաձեւն առաջարկում ենք փոխարինել «10-օրյա» գրելաձեւով, ինչպես նաեւ շտկել Նախագծի 11-րդ հոդվածի մասերի համարակալումը: 12. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «թերությունները չշտկելը» բառերից հետո առաջարկում ենք լրացնել նաեւ «եւ փաստաթղթերի ցանկը չհամալրելը» ձեւակերպումը՝ հաշվի առնելով, որ հղումը կատարվում է նույն հոդվածի 1-ին մասին, որտեղ խոսքը վերաբերում է եւ՛ համապատասխան դիմումը թերի լրացնելուն, եւ փաստաթղթերը ոչ ամբողջական ներկայացնելուն: 13. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրենքով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների եւ դրանցից բխող այլ գործառույթների իրականացման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով»: «Պետական տուրքի մասին» օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք պահպաանել «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»: Ուստի Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը: Նշված դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի մյուս հոդվածներում «Պետական տուրքի մասին» օրենքի, ինչպես նաեւ «Նոտարիատի մասին» օրենքի կրճատ անվանումների հիշատակմանը: 14. Նախագծի 3-րդ գլխի վերտառությունը հետեւյալն է` «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների համակարգը»: Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է. «Գործակալության, ինչպես նաեւ սպասարկման կենտրոնների աշխատակիցները պատասխանատվություն են կրում քաղաքացիական կացության ակտերի դիմումները չընդունելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներն անհիմն մերժելու, դրանց կատարումից խուսափելու կամ գրանցումն անհիմն կամ անօրինական կատարելու համար` օրենքով սահմանված կարգով»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»: Առաջարկում ենք համապատասխան պատասխանատվություն նախատեսել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ինչպես, օրինակ, օրենսգրքի 1705-րդ հոդվածով նախատեսված է պետական լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից անհատ ձեռնարկատերերին սահմանված ժամկետներում չհաշվառելու կամ իրավաբանական անձանց սահմանված ժամկետներում չգրանցելու (չվերագրանցելը) կամ գրանցումը (վերագրանցումը) անհիմն մերժելու համար: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում»: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը»: Ուստի, կարծում ենք, որ Նախագծի 19-րդ հոդվածով կարգավորվող հարաբերությունները դուրս են Նախագծի 3-րդ գլխի կարգավորման առարկայի շրջանակից: 15. 1) Նախագծի 22-րդ հոդվածի 5-րդ մասի վերջին նախադասությունը, այն է՝. «Սահմանել ՏԻՄում պարտականությունը համայնքի ղեկավարի» տեխնիկական վրիպակ է, որն անհրաժեշտ է շտկել: Նման տեխնիկական վրիպակ է նաեւ Նախագծի 22-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին նախադասությունը: 2) Նախագծի 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենքով նախատեսված պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում երեխայի ծնունդը գրանցելու համար դիմում չներկայացնելը առաջացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն:»: Առաջարկում ենք համայնքի ղեկավարի համար համապատասխան պատասխանատվությունը սահմանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: «ՀՀ օրենսդրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: 16. Նախագծի 22-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված դրույթներն իրենց բովանդակությամբ սահմանում են օրենքում օգտագործվող «ընկեցիկ» եւ «լքված» երեխայի հասկացությունները, հետեւաբար առաջարկում ենք դրանք նախատեսել Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված հասկացությունների շարքում: 17. Նախագծի 26-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկում ենք ուղղել վրիպակը, նշված մասից հանելով կրկնակի նշված «հասցեներին» բառերից մեկը: 18. Նախագծի 36-րդ հոդվածում եւ մյուս տեղերում առաջարկում ենք հայրության ճանաչման պետական վկայականի համար կիրառել միասնական եզրույթ: 19. Նախագծի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը նախատեսում է ամուսնության մասին դիմումի մեջ ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր պայմաններում կատարման ցանկության մասին տեղեկատվության նշման հնարավորություն: Առաջարկում ենք հստակեցնել ամուսնությունը հանդիսավոր պայմաններում կատարելու ընթացակարգը, արդյոք այն ներառում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու հնարավորությունը: 20. Նախագծի 52-րդ հոդվածի 3-րդ մասում հղում է կատարված Նախագծի 50-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին, մինչդեռ Նախագծի 50-րդ հոդվածում 3-րդ մաս առկա չէ: 21. Նախագծի 53-րդ հոդվածում առաջարկում ենք կետերի համարները նշել հերթական համարներով՝ սկսելով 1-ին կետից: Միաժամանակ առաջարկում ենք թվով նշված 6-րդ կետում «ամուսնալուծվող» բառից հետո լրացնել «անձանցից» բառը: 22. Նախագծի 63-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի համարներն առաջարկում ենք նշել արաբական հերթական թվանշաններով՝ տեքստից բաժանելով փակագծերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: 23. «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» գործող օրենքում սահմանված է «Մահվան մասին հայտարարությունը» վերտառությամբ 66-րդ հոդված, ըստ որի մի շարք սուբյեկտերի նկատմամբ սահմանված են մահվան մասին հայտարարություն ներկայացնելու պարտականություններ եւ ժամկետներ, մինչդեռ Նախագծում նման կարգավորումներ նախատեսված չեն, ինչը կարծում ենք խնդրահարույց է: Միաժամանակ հարկ է նկատել, որ համապատասխան կարգավորումներ նախատեսված չեն նաեւ անձին մահացած ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահվան պետական գրանցման վերաբերյալ: 24. Նախագծի 90-րդ հոդվածով սահմանված են անցումային եւ եզրափակիչ դրույթները, մինչդեռ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքն ուժը կորցնելու վերաբերյալ նշում նախատեսված չէ: Միաժամանակ նշենք, որ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ ակտի ընդունման ժամկետի վերաբերյալ եւս անցումային դրույթ նախատեսված չէ: 25. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել երկրորդ «ՀԱՍԱՅՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին: Միաժամանակ առաջարկում ենք «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հանրապետության ընտանեկան օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը(…)»: 26. «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերը համարակալելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով (…)»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ նշված նախագծի մյուս հոդվածների մասերի համարակալմանը: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.? 011-513-675), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 07.10.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Եզրակացության շրջանակներում ներկայացված առաջարկություններն ընդունելու դեպքում պաշտոնատար անձանց պատասխանատվության մասով անհրաժեշտություն կառաջանա լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.? 011-513-675), Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248) 07.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-738-16.09.2020-ՊԻ-011/0), «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7381 -16.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7382 -16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների առումով հարկ ենք համարում նշել հետեւյալը. Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված է, որ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրումը գրանցելու համար գանձվելու է 200.000 դրամի չափով պետական տուրք, նախկին 30.000 դրամի փոխարեն, սակայն «Պետական տուրքի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, որը վերաբերում է վերը նշվածին, նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել: Տվյալ դեպքում, կարծում ենք, վրիպակ, որն առաջարկում ենք շտկել: Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով համակարգային փոփոխության արդյունքում ակնկալվում է բարելավել ՔԿԱԳ ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում, թեեւ վերը նշված հղման մասով հստակեցման անհրաժեշտություն է առաջանում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343) 05.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-738-16.09.2020-ՊԻ-011/0), «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7381
-16.09.2020-ՊԻ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7382
-16.09.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) հանվել է քաղաքացիական կացության որոշ ակտերի գրացման համար պետական տուրքի գանձումը, եւ պետական տուրքի գծով արտոնություն են ստացել կենսաթոշակառուները, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք, ինչը դրական ազդեցություն կարող է ունենալ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում: Այդուհանդերձ, Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները. Նախագծով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիական կացության ակտերի գրացման համար պետական տուրքի եւ այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը, մասնավորապես՝ ազգանվան, անվան եւ հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը, հայրություն (մայրություն) ճանաչելու համար, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու համար, քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալը եւ այլն: Մինչդեռ, Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ որեւէ պարզաբանում չի տրվում, թե ինչով է պայմանավորված պետական տուրքի դրույքաչափերի բարձրացման անհրաժեշտությունը: Բացի այդ, ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, բարձրացվել է օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար պետական տուրքի չափը` 200.000 դրամի չափով, նախկին 30.000 դրամի փոխարեն, մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետով առաջարկվում է այդ դրույթը ուժը կորցրած ճանաչել: Կարծում ենք, Նախագծերի փաթեթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի կապված վերոգրյալի հետ, քանի որ վերը թվարկված քաղաքացիական կացության ակտերի գրացման համար պետական տուրքի եւ այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը կարող է հանգեցնել սոցիալական որոշ բացասական հետեւանքների, մասնավորապես՝ սոցիալապես խոցելի խավի համար: Նախագծերի փաթեթում ներառված «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» եւ «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծի ընդունման դեպքում կբարձրանա քաղաքացիական կացության որոշ ակտերի գրացման համար պետական տուրքի եւ այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը, ինչը, մեր կարծիքով, մանրամասն հիմնավորման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ս. Համբարձումյան (հեռ.? 011-513-360) 02.10.2020թ.
|