Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
11.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-741-18.09.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծով նախատեսվում է «Տոների եւ հիշատակ օրերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ, փաստացի, Նախագծի 13.1-ին հոդվածը ոչ թե նոր խմբագրությամբ է շարադրվում, այլ գործող հոդվածների միջեւ լրացվում է նոր հոդված, ինչի արդյունքում լրացվող եւ գործող հոդվածների համարների փոփոխություն է կատարվում: «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով»: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նշենք, որ Նախագծով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվան վերաբերող 13.1-ին հոդվածը պետք է լրացվի 13.2-րդ հոդվածի շրջանակներում, իսկ ուսոցիչների օրվան վերաբերող 13.2-րդ հոդվածը լրացնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի օր նույնությամբ կրկնում է Օրենքի 13.1-ին հոդվածի բովանդակությունը: Սույն դիտարկումների հիման վրա անհրաժեշտություն է առաջանում նաեւ համապատասխանաբար փոխել Նախագծի վերնագիրը՝ դրանում նշելով միայն «ԼՐԱՑՈՒՄ» բառը: Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 11.10.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 11.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-741-18.09.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները 1. Նախագծով առաջարկվում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը լրացնել երկու տոնական օրերով, մասնավորապես՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշելով որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր, իսկ հոկտեմբերի 5-ը՝ որպես ուսուցչի օր (երկուսն էլ աշխատանքային օրեր): Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 2. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 30.09.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-741-18.09.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: Սոցիալական փորձաքննության արդյունքները
Հայաստանի Հանրապետության բնակչության ընդհանուր թվի (2.963.000 հոգի՝ 2020 թ. հուլիսի 1) 1.8 տոկոսը (53.334 հոգի) կազմում են ազգային փոքրամասնությունները: Հայաստանի Հանրապետությունում ապրում են 11 ազգային փոքրամասնություն՝ եզդիներ, ռուսներ, ասորիներ, հույներ, գերմանացիներ, վրացիներ, քրդեր, լեհեր, ուկրաինացիներ, բելառուսներ եւ հրեաներ: Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Ազգային փոքրամասնությունների օր: Ուսումնասիրելով միջազգային փորձը, կարելի է ասել, որ աշխարհի տարբեր պետություններում, հիմք ընդունելով ՄԱԿ-ի՝ 1992թ.-ի դեկտեմբերի 18-ին հրապարակած «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» հռչակագիրը, պաշտոնապես ամրագրել են Ազգային փոքրամասնությունների օր: Օրինակ՝ Հնդկաստանում եւ Ռումինիայում հենց ՄԱԿ-ի հռչակագրի օրն է նշվում այդ օրը: Որոշ պետություններում էլ Ազգային փոքրամասնությունների օր նշվում է տվյալ երկրի պատմական կյանքում ունեցած որեւէ վճռորոշ դերակատարման հետ կապված ամսաթիվ: Օրինակ՝ Պակիստանում նշվում է օգոստոսի 11-ին, Էստոնիայում՝ սեպտեմբերի 24-ին: Նախագիծը դրական ազդեցություն կունենա այն առումով, որ կնպաստի Ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Մ. Դալլաքյան (հեռ.՝ 011-513-339) 06.10.2020թ.
|