Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-745-23.09.2020-ՏՏԳԲ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի՝ հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերին վերաբերող 102-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն, որով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, որպես չօգտագործվող հողեր, դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվաման կարգը սահմանելու իրավասություն վերապահել Կառավարությանը, մասնավորապես, այն հիմնավորմամբ, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը սահմանված չեն որեւէ իրավական ակտով: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, որպես Նախագծի ընդունման անհրաժեշտություն, սահմանված է հողօգտագործման արդյունավետության բարձրացումը: Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
14.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-745-23.09.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում: Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1.Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում լրացնել նոր պարբերություն, որով նախատեսվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, որպես չօգտագործվող հողեր, դասակարգելու չափանիշները եւ հաշվառման կարգը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը: Մինչդեռ նման լրացումը, կարծում ենք, կարող է խնդրահարույց լինել Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքի, իշխանությունների տարանջատման եւ դատարանների անկախության սկզբունքների տեսանկյունից: Օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված է՝ «Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, հետեւյալ հիմքերով` 3) գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը ( )»: Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի հիմքերով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է դադարել միայն դատարանի վճռի հիման վրա»: Նախագծով նախատեսված լրացումից բխում է, որ Կառավարության որոշմամբ են սահմանվելու գյուղատնտեսական նշանակության հողերի, որպես չօգտագործվող հողերի, դասակարգման չափանիշները: Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում նկատել, որ գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործվող լինելու փաստը հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դատական կարգով հարկադիր դադարման հիմք է, ինչից բխում է, որ հողամասի չօգտագործվելու հանգամանքը՝ որպես սեփականության իրավունքի դադարման պայման, պետք է քննարկման առարկա դառնա եւ ապացուցվի դատական քննության շրջանակներում: Կարծում ենք, որ Կառավարության որոշմամբ սեփականության իրավունքի դադարման հիմքի նախատեսումը կարող է խնդրահարույց լինել սեփականության իրավունքի՝ որպես սահմանադրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից: Այսպես՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն՝ «3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: 4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»: Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքն է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ»: Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ օրենքով պետք է հստակ սահմանվեն այն սահմանափակումները եւ պայմանները, միայն որոնցով դատարանը կարող է առաջնորդվել հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հարցը լուծելիս: Այսինքն, օրենքով պետք է ուղղակիորեն սահմանվեն սահմանադրորեն ամրագրված սեփականության իրավունքի արդյունավետ իրացման համար անհրաժեշտ ընդհանուր կազմակերպական կառուցակարգերը եւ ընթացակարգերը, քանզի դատարանն անձին սեփականության իրավունքից կարող է զրկել՝ առաջնորդվել բացառապես օրենքով՝ գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ քննության արդյունքում, ինչը ենթադրում է նաեւ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտի գնահատում: Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք նշել, որ անձի սեփականության իրավունքը դադարեցնելիս դատարանը պետք է ղեկավարվի միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով, առաջնորդվելով նորմի՝ իր մեկնաբանությամբ եւ իր խղճով, հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտի գնահատման արդյունքում: 2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողերին, մինչդեռ Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողամասերին: Օրենսգրքի 102-րդ հոդվածը վերնագրված է եւ վերաբերում է հողամասերի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերին: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը եւ 15-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք Նախագծում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառել միեւնույն հասկացությունները, իսկ լրացվող պարբերության բովանդակությունը համապատասխանեցնել հոդվածի վերնագրին: Ամփոփելով փորձաքննության արդյունքները, կարծում ենք, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 13.10.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248) 13.10.2020թ.
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-745-23.09.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 1. Նախագծով առաջարկվում է ՀՀ հողային օրենսգրքով ամրագրել, որ «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը:», իսկ այդ որոշումն էլ պետք է ընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: 2. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668) 02.10.2020թ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-745-23.09.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 1. Նախագծով Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կատարել հետեւյալ լրացումը. «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները եւ դրանց հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը»: Նախագծի նպատակը` չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի բացահայտումն ու տվյալների բազայի ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է: 2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական բնույթի հիմնախնդիրներ չի պարունակում: 3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235) 07.10.2020թ.
|