ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-753-02.10.2020-ՏՀ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով կատարվող փոփոխության նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի գործող կարգավորմամբ նշված ժամկետը սահմանված է մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը:

 Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Կատարված փորձաքննությունների արդյունքում կատարվել են որոշ առաջարկություններ, ինչպես նաեւ պարզվել են իրավական բնույթի տեխնիկական խնդիրներ: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

05.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-753-02.10.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի լրիվ անվանումը հշատակալիս անհրաժեշտ է նշել նաեւ ?րենսգրքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: (…):»:

2.    Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «բառերը» եւ «բառերով» բառերից առաջ համապատասխանաբար լրացնել «թվերը եւ» եւ «թվերով եւ» ձեւակերպումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

05.10.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

05.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-753-02.10.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված եւ մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչեւ դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված եւ նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի եւ (կամ) տուգանքների գումարները:

Այսինքն, առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

2. Նախագծի ընդունման արդյունքում, թեեւ ընթացիկ տարվա պետական բյուջեի եկամուտների գծով կարող է տեղի ունենալ հարկային եկամուտների որոշ թերհավաքագրում, սակայն ընդհանուր առմամբ տրվող հարկային արտոնությունը վերջնարդյունքում կնպաստի բանկային համակարգում կուտակված անհուսալի վարկերի դուրս գրման գործընթացի ավարտին եւ բանկային համակարգի առողջացմանը: 

Այս տեսանկյունից, հաշվի առնելով նաեւ նոր կորոնավիրուսի տարածման եւ պատերազմական գործողությունների արդյունքում տնտեսավարման պայմանների կտրուկ վատթարացման, աշխատատեղերի կրճատման եւ ֆիզիկական անձանց եկամուտների էական նվազման հանգամանքները, ինչպես նաեւ եկամուտների նվազման եւ վարկերի անհուսալի ճանաչվելու միջեւ ժամանակային որոշակի լագի առկայությունը (կամ այլ կերպ ասած՝ այս գործընթացի իներցիոն բնույթը), կարծում ենք, ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի ծավալը ընթացիկ տարում նույնպես կունենա աճի միտում, ուստի առաջարկում ենք ներկայացված հարկային արտոնությունը տարածել ոչ թե մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը, այլ մինչեւ տարեվերջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի վրա:

Եզրահանգում

Նախագիծը, չնայած պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ կորուստների հնարավոր առաջացմանը, կնպաստի բանկային համակարգում կուտակված անհուսալի վարկային բեռի դուրս գրմանը եւ վերջնարդյունքում դրական ազդեցություն կունենա ոչ միայն բանկային համակարգի, այլեւ անհուսալի վարկեր ունեցող ֆիզիկական անձանց համար՝ նրանց վարկային պատմության բարելավման տեսքով:

Ներկայացված առաջարկության ընդունման դեպքում Նախագիծը որոշ լրամշակման կարիք կունենա:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

03.10.2020թ.
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-753-02.10.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները` առանց որեւէ լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու:

Նոր կորոնավիրուսի հետեւանքների եւ պատերազմական գործողությունների պատճառով երկրում տնտեսական անկման, աշխատատեղերի կրճատման եւ բնակչության սոցիալական պայմանների, դրանով պայմանավորված եկամուտների կտրուկ նվազման միտումները, մեր կարծիքով, կնպաստեն ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի ծավալի աճին, ուստի Նախագծով առաջարկվող փոփոխությունը, բնականաբար, դրական ազդեցություն կունենա բնակչության սոցիալական վիճակի վրա:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծով ներկայացված տվյալ հարկային արտոնության գործողության ժամկետը հնարավորինս երկարաձգել` հաշվի առնելով վերը նշված միտումները:

Եզրահանգում

Չնայած այն հանգամանքին, որ հնարավոր են պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստներ, Նախագիծը, մեր կարծիքով, կնպաստի բանկային համակարգում կուտակված անհուսալի վարկային բեռի դուրս գրմանը եւ բնակչության սոցիալական բեռի, անհուսալի վարկեր ունեցող ֆիզիկական անձանց ֆինանսական դրության որոշակի թեթեւացման:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

04.10.2020թ.