ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-754-02.10.2020-ՖՎ-011/0) (այսուհետ նաեւ՝ Նախագիծ): Նախագծով  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ եւ լրացումներ, որոնց նպատակն է հնարավորություն ստեղծել՝ պետական բյուջեի միջոցներն ուղղելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի իրագործմանը:  Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

05.10.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-754-02.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.    Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված է հետեւյալը. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա»: Հարկ ենք համարում նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված չեն Նախագծին հետադարձ ուժ տալու անհրաժեշտության իրավական եւ փաստական հիմքերը: Այս առումով, կարծում ենք, որ Նախագծի 6-րդ հոդվածը լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն ունի:

2.    Նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով՝ նկատի ունենալով, որ Նախագծով կատարվում է երկու լրացում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

3.    Նախագծի 1-ին հոդվածում եւ Նախագծի ամբողջ տեքստում առաջարկում ենք «19.1-րդ» թիվը փոխարինել «19.1-ին» թվով:

4.    Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «բառերը» եւ «բառերով» բառերից առաջ համապատասխանաբար լրացնել «թվերը եւ» եւ «թվերով եւ» ձեւակերպումները՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

5.    Նախագծի 2-րդ հոդվածով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում լրացվող նոր՝ 24-րդ կետում առաջարկում ենք «Սույն» բառը նշել փոքրատառով:

6.    Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի 9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 19.1-ին հոդվածում առաջարկում ենք «ՀՀ կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով: 

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: Բացի այդ, կարծում ենք, առկա է Նախագծի 6-րդ հոդվածով օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի լրացուցիչ հիմնավորման անհրաժեշտություն:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

05.10.2020թ.
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361)

05.10.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-754-02.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Ինչպես հայտնի է, 2020թ.-ին ապրիլ ամսին, հաշվի առնելով նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածումը եւ դրա՝ սպասվող տնտեսական եւ հարկաբյուջետային հետեւանքները, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում» արդեն իսկ իրականացվել են համապատասխան փոփոխություններ: Սակայն այս վիճակին գումարվել է նաեւ ս.թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ակտիվացումը, եւ հայտարարվել է ռազմական դրություն, որը նույնպես կունենա բացասական ազդեցություններ տնտեսական ակտիվության վրա: Մասնավորապես, ըստ Կառավարության կանխատեսումների, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց:

Տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները կնվազեն ավելի արագ տեմպերով, քան ՀՆԱ-ի նվազումը, հետեւաբար տեղի կունենա հարկեր/ՀՆԱ-ի անկում՝ շուրջ 0.3 տոկոսային կետի չափով: Անվանական ՀՆԱ-ի, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ-ի նվազման պայմաններում, սպասվում է հարկային եկամուտների նվազում մոտ 35 մլրդ դրամով:

Ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է հետեւյալը.

- 2020թ.-ին պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով)  փոքր է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:

- Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:

- Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ.-ի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ.-ի սպասվող ցուցանիշից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների ու լրացման նպատակը ՀՀ զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելն է:

2. Հարկաբյուջետային ցուցանիշների (մասնավորապես՝ պակասուրդի) վերոնշյալ փոփոխությունները կհանգեցնեն ՀՀ կառավարության պարտքային բեռի աճին: Մասնավորապես, սպասվում է, որ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կհասնի շուրջ 67%-ի՝ հատելով 60% սահմանային շեմը: Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասին համաձայն՝ «Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի եւ Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է:», իսկ նույն օրենքի 21-րդ հոդվածի 8.2.-րդ եւ 8.4.-րդ մասերի համաձայն՝

«8.2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի`

ա) 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է լինեն դեֆիցիտից (պակասուրդից) ոչ պակաս.

բ) 50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը.

գ) 60 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ «ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ եւ ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը հարկային եկամուտներին սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:

8.4. Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝

ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար.

բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային եւ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար:»

Հարկ ենք համարում նկատել, որ ներկայացված պահանջները պետք է իրենց արտացոլումը գտնեն 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում եւ առաջիկա տարում ներկայացվելիք ՄԺԾԾ-ում:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

(հեռ.` 011 513-668)

04.10.2020թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-754-02.10.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1.   Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացման նպատակը ՀՀ զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելն է:

2.   Համաձայն ՀՀ Կառավարության կանխատեսումների՝ սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաեւ անորոշությունների եւ ռիսկերի աճ, որն անկասկած կթողնի սոցիալական բացասական հետեւանքներ: Արդյունքում, 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Ռազմական գործողություններով պայմանավորված սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծի ընդունումը կունենա սոցիալական որոշ հետեւանքներ, մասնավորապես` անհրաժեշտության դեպքում թերֆինանսավորման տեսքով, ինչն էլ ստեղծված իրավիճակում, ըստ էության, անխուսափելի է:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

04.10.2020թ.