ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-762-13.10.2020-ԱՍ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7621 -13.10.2020-ԱՍ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-7622 -13.10.2020-ԱՍ-011/0) (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթով նախատեսվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքը (այսուհետ նաեւ` Օրենք)  լրացնել թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը՝ գիտական եւ ուսումնական նպատակներով եւ փորձագիտական գործունեության մեջ թույլատրելու վերաբերյալ նոր հոդվածներով, միաժամանակ, «Լիցենզավորման մասին» օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը համալրվում է վերոնշյալ գործունեության տեսակներով:

Ինչպես նաեւ նախատեսվում է համապատասխան լիցենզիաներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից արգելված նյութերի ներմուծման կամ արտահանման  գործընթացի իրականացում` միայն գիտական եւ ուսումնական նպատակներով կամ փորձագիտական գործունեություն իրականացնելու համար:

Նախագծերի փաթեթը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

          ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

20.11.2020թ. 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-762-13.10.2020-ԱՍ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7621 -13.10.2020-ԱՍ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7622 -13.10.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը  եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերնագրում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) կրճատ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը՝ հանելով Օրենքի վերնագրից հետո նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրում օրեքների վերնագրերից հետո նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը՝  հանելով Օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում օրեքների վերնագրերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության»  բառերին:

3. Նախագծի 1-ին հոդվածի մասեր հանդիսացող պարբերությունների համարներն առաջարկոմ ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, հոդվածների մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ է շարադրվում Օրենքի՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների եւ պատրաստուկների շրջանառության սահմանափակումին վերաբերող 11-րդ հոդվածի 1-ին մասը.

«1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է սույն օրենքի 31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, իսկ այդ նպատակով ներմուծումը կամ արտահանումը` նաեւ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացման լիցենզիաների առկայության դեպքում:

Արգելված նյութերի ներմուծուման եւ արտահանման վրա տարածվում են սույն օրենքի 17-րդ հոդվածի նորմերը:»:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով» բառերը փոխարինվում են «սույն  հոդվածի 1-ին մասում նախատեսված նպատակներով» բառերով:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվում են նոր 31.1-ին եւ 31.2-րդ հոդվածներ.

«Հոդված 31.1 Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով

1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով թույլատրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

Հոդված 31.2 Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը փորձագիտական գործունեության մեջ

1. Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում թույլատրվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ` նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի առկայության դեպքում:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության, առողջապահության բնագավառների պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների, Ոստիկանության կողմից թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացվում են առանց նշված գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի:»:

Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

4.1. Օրենքի հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածով սահմանվում են հետեւյալ հասկացությունները.

«(...) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առեւտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում եւ ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

(...)

թմրամոլություն` թմրամիջոցների եւ (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հիվանդությունների դասակարգչին համապատասխան.»:

Հարկ է նկատել, որ Օրենքի հիմնական հասկացություններին վերաբերող 3-րդ հոդվածով չի սահմանվում «օգտագործում» հասկացությունը՝ ինչպես թմրամիջոցների եւ (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, այնպես էլ դրանց պրեկուրսորների դեպքում: Միաժամանակ հարկ է նկատել, որ թմրամոլություն հասկացության սահմանման դեպքում «օգտագործում» հասկացությունը կիրառվում է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածում իմաստով: Օրենքում կիրառվում են «թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործում բժշկական նպատակներով», «թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը տարանցիկ ուղեւորների բուժման համար», «թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը անասնաբուժության մեջ» ձեւակերպումները, ինչպես նաեւ «օգտագործումը» նախատեսվում է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումին վերաբերող 4-րդ գլխում ներառված 33-րդ հոդվածով՝ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների վերահսկվող փոխադրումների եւ ստուգողական գնման իմաստով, ինչը ենթադրում է սույն գործընթացներում այդ նյութերի օգտագործում՝ կիրառում:

Հարկ է նկատել նաեւ, որ Օրենքի 37-րդ հոդվածում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելն արգելվում է: 

Հիմք ընդունելով մեջբերված կարգավորումները եւ կատարված դիտարկումները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Նախագծով Օրենքում լրացվում են արգելված նյութերի օգտագործման թույլատրելի նոր դեպքեր եւ այդ նպատակով դրանց ներմուծման եւ արտահանման թույլատրելիություն՝ կարծում ենք, որ իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսանկյունից նպատակահարմար է Օրենքում լրացնել նաեւ «օգտագործում» հասկացության սահմանումը, ինչպես նաեւ հստակեցնել այդ եզրույթը կիրառող կարգավորումները:

4.2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արգելված նյութերի դեպքում Օրենքը նախատեսում է միայն այդ նյութերի օգտագործման թույլատրելի դեպքերը հղում կատարելով միայն Օրենքի գործող 33-րդ հոդվածին: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով կատարվող փոփոխության արդյունքում նախատեսվում են նաեւ թույլատրելի դեպքերում արգելված նյութերի օգտագործման նպատակով դրանց ներմուծման եւ արտահանման թույլատրելիության դեպքերը:

Միաժամանակ՝ 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ, ինչպես նաեւ սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով: Այսինքն՝ նախատեսվում են թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության՝ (մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առեւտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում եւ ոչնչացում) թույլատրելի նպատակները՝ միայն բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների վերահսկվող փոխադրումների եւ ստուգողական գնման նպատակով: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 31.1-ին եւ 31.2-րդ հոդվածների նախատեսման դեպքում այդպիսի նպատակներ կարող են դիտարկվել նաեւ    թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործումը եւ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակը:

Հարկ է նկատել, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով կատարվող փոփոխության արդյունքում Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում հղում է կատարվում ոչ թե քննարկվող նպատակներին, այսինքն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերին, այլ Օրենքի նույն հոդվածի 1-ին մասին, որտեղ քննարկվում են արգելված նյութերի օգտագործման, ներմուծման եւ արտահանման թույլատրելի դեպքերը: Արդյունքում՝ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով կատարվող փոփոխությամբ նախատեսվող կարգավորումը ոչ միայն ունի հստակեցման եւ որոշակիացման կարիք, այլ նաեւ լրացուցիչ հիմնավորման, թե թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության թույլատրելի դեպքերը որքանով կարող են առնչվել արգելված նյութերի օգտագործման «նպատակներին»:

4.3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 11-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում «31.1, 31.2 եւ 33-րդ հոդվածով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «31.1-ին, 31.2-րդ եւ 33-րդ հոդվածներով» ձեւակերպումով:

4.4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 31.1-ին եւ 31.2-րդ հոդվածների համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 31.1-ին հոդվածի մեկ համարակալված մասի համարն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝  օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի մեկ համարակալված մասին:

4.5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 31.1-ին հոդվածով նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորություն, այդ թվում՝ արգելված նյութերի օգտագործման: Օրենքի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների դասակարգմանը վերաբերող 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ կախված հսկողության ձեւերից եւ միջոցներից՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմում առանձնացվում են ցուցակներ, որոնցից են թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը (ցուցակ 1), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է (այսուհետ՝ արգելված նյութեր):

Նշված նպատակով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման վերաբերյալ նախատեսված կարգավորումը, որ դրանց օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով թույլատրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում, այն պարագայում, որ այդ նյութերի «օգտագործում» հասկացությունը եւս սահմանված չէ Օրենքում, կարծում ենք, չի նախատեսում գործընթացի բավարար չափով կարգավորվածություն, ինչը հնարավոր կդարձնի նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, այդ թվում արգելված նյութերի շրջանառության նկատմամբ ապահովել պետության կողմից իրականացվող հսկողությունը եւ վերահսկողությունը: Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք հստակեցնել նշված կարգավորումը:

Եզրակացության 4-րդ կետի սույն ենթակետի դիտարկումները վերաբերում են նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 31.2-րդ հոդվածի՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, այդ թվում՝ արգելված նյութերի, փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու հնարավորությունը նախատեսող կարգավորմանը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝   օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: 

6. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո փակագծերում նշելով կրճատ տարբերակը, եւ այն, որ «Լիցենզավորման մասին» օրենքին ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում այլեւս հղում չի արվում:

7. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ բաժինը լրացնել 2.12-րդ եւ 2.13-րդ կետերով» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Ինչպես նաեւ անհրաժեշտ է լրացվող կետերի բովանդակությունը ներառել չակերտներում:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով 2.12-րդ եւ 2.13-րդ կետերը լրացվում են «Պետական տուրքի մասին» օրենքի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող 19-րդ հոդվածի  2-րդ բաժնում, որը վերաբերում է առողջապահության բնագավառին, մինչդեռ «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածում թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերին վերաբերելի կարգավորումները նածատեսված են գործունեության այլ բնագավառներին վերաբերող 18-րդ բաժնում:

Բացի այդ, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ բաժնում լրացվող նոր կետերի տեքստում «թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» ձեւակերպումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածով «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացվող նոր՝ 31.1-ին եւ 31.2-րդ հոդվածները վերաբերում են թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործելուն եւ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փորձագիտական գործունեության մեջ օգտագործելուն, ինչպես նաեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում լրացվող նոր կետերում նշվում է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործելու եւ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու գործունեության տեսակների մասին: Միաժամանակ առաջարկում ենք ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ բաժնում լրացվող նոր կետերի տեքստում գործունեության տեսակից հետո նշել «համար» բառերը՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածում առկա կարգավորումները:

8. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ բաժնում լրացվող նոր կետերում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը նախատեսելիս թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործելու համար դրույքաչափ նախատեսվում է բազային տուրքի 20-ապատիկի չափով, իսկ  թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու համար դրույքաչափ նախատեսվում է բազային տուրքի 20-ապատիկի չափով տարեկան: 

Հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ կարգավորումների տարբերակված նախատեսման վերաբերյալ դիտարկումները բացակայում են, հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ բաժնում լրացվող նոր կետերով լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը նախատեսող կարգավորումները:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով նախատեսված կարգավորումները խնդրահարույց են որոշակիության սահմանադրական սկզբունքի տեսանկյունից:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումների համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248)

19.11.2020թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248) 

19.11.2020թ.




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-762-13.10.2020-ԱՍ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7621 -13.10.2020-ԱՍ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7622 -13.10.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում թույլատրվում է փորձաքննության, ինչպես նաեւ գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը:

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-518-Ն oրենքի 31-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել 2010 թվականի դեկտեմբերի 8-ին, որով սահմանված էր գիտահետազոտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթը: Գործող իրավակարգավորումների համաձայն` թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառությունը կարող է իրականացվել միայն բժշկական եւ օպերատիվ-հետախուզական նպատակներով, իսկ նախկինում գործած եւ ուժը կորցրած ճանաչված դրույթի վերականգնման անհրաժեշտությունը, ըստ Կառավարության, կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության, դեղագործության եւ բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում 2013 թվականից Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետությունում սկսվել է արտադրական եւ գիտահետազոտական գործունեություն: Ընկերությունները գիտահետազոտական նպատակներով երբեմն անհրաժեշտություն է ունենում օգտագործել Հայաստանի Հանրապետությունում արգելված նյութեր:

Նախագծերի փաթեթի ընդունումը ոչ միայն կարող է խթանել հայրենական դեղագործության զարգացումը եւ նպաստել այս ոլորտում հայկական գիտության համբավի մեծացմանը, այլեւ չի նվազեցնի պետական բյուջեի եկամուտները եւ չի ավելացնի պետական բյուջեի ծախսերը:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

2. Նախագծերի փաթեթն ընդհանուր առմամբ ունի մշակվածության բավարար մակարդակ, սակայն հստակեցման նպատակով կցանկանայինք ներկայացնել մեկ դիտողություն՝ կապված Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ:

Մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ բաժինը լրացնել նոր՝ 2.12-րդ կետով.   
  
«2.12.թմրամիջոցների կամ հոգեմետ                                բազային տուրքի  
նյութերի գիտական եւ ուսումնական                                 20-ապատիկի   չափով:»:  
նպատակներով օգտագործում՝

Այսինքն՝ առաջարկվում է սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի 20-ապատիկի (20 հազ. դրամի) չափով, սակայն չի նշվում այս տուրքի գանձման պարբերականությունը կամ դեպքերը՝ ի տարբերություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման դեպքի, որի համար հստակ սահմանվում է, որ այդ տուրքը գանձվում է տարեկան պարբերականությամբ: Մասնավորապես, առաջարկվող ձեւակերպումից չի հասկացվում, թե թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործման համար պետական տուրքը պետք է վճարվի տարեկա՞ն կտրվածքով, թե այլ պարբերականությամբ:

Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկվող 2.12-րդ կետի «օգտագործում» բառից հետո ավելացնել «՝ տարեկան» կետադրական նշանը եւ բառը, քանի որ այլ տարբերակների դեպքում կարող է առաջանալ բարդ վարչարարության իրականացման անհրաժեշտություն, ինչն էլ կապված է ոչ քիչ ֆինանսական հատկացումների կատարման հետ: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում: Միաժամանակ անհրաժեշտություն կա հստակեցնելու թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գիտական եւ ուսումնական նպատակներով օգտագործման լիցենզիա տալու համար պետական տուրքի գանձման պարբերականությունը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 
 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

21.10.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-762-13.10.2020-ԱՍ-011/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7621 -13.10.2020-ԱՍ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-7622 -13.10.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթում ներառված ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 31.1-ին եւ 31.2-րդ հոդվածներով, որոնցով իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին թույլատրվելու է թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական եւ ուսումնական նպատակներով, ինչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացումը: 

Նախագծով առաջարկվող լրացումների հետ կապված նշենք, որ մինչեւ 2010 թվականը Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված էր թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորություն գիտական եւ ուսումնական նպատակներով, իսկ 32-րդ հոդվածով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացում՝ նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում: Օրենքի 31-րդ եւ 32-րդ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվել ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մաuին» 2010 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-233-Ն օրենքով: 

Նշենք նաեւ, որ  օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվել, թե ինչով է պայմանավորված եղել Օրենքի վերը նշված հոդվածների՝ ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը:

Նախագծերի փաթեթին կից հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաuտանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության, դեղագործության եւ բիոտեխնոլոգիական գործողությունների ծրագրի շրջանակներում 2013 թվականից Հայաuտանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաuտանի Հանրապետությունում սկսվել է արտադրական եւ գիտահետազոտական գործունեություն: Գիտահետազոտական նպատակներով երբեմն անհրաժեշտություն է առաջանում օգտագործել Հայաuտանի Հանրապետությունում արգելված նյութեր, որոնք ընդգրկված են  Կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն)  նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում` (թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է), ուստի հնարավոր չէ ներմուծել ու օգտագործել գիտական, ուսումնական կամ փորձագիտական նպատակներով:

Ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, հետազոտությունների արդյունքները կարող են խթանել հայրենական եւ համաշխարհային դեղագործությանը, ինչպես նաեւ բարձրացնել հայկական գիտության համաշխարհային համբավը: 

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2021 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը հաստատելու մասին» N 1607-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2021 թվականի միջոցառումների ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) առկա վերլուծության համաձայն  2019 թվականի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 1088 դեպք, նախորդ տարվա 877-ի դիմաց: Գրանցվել է աճ 211 դեպքով կամ 24 տոկոսով: 

Հայտաբերված 1088 դեպքերից 508-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2018 թվականի համեմատ գրանցվել է աճ 81 իրացման դեպքով կամ 18,9 տոկոսով (2018 թվական՝ 427):

Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարչական իրավախախտումների 299 դեպք (նախորդ տարի` 263): Աճը կազմել է 36 դեպք կամ 13,6 տոկոս:

Ծրագրի  հիմնական նպատակներ են`

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

2) թմրամոլության, թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների եւ ծնող պատճառների վերացումը.

3) թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավապահ մարմինների եւ այլ կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.

4) անչափահասների եւ երիտասարդության շրջանում թմրամիջոցների գործածումը նվազեցնելը եւ արդյունքում բացառելը:

Հաշվի առնելով Ծրագրի վերլուծության արդյունքները եւ նպատակները, միաժամանակ կարեւորելով հայրենական դեղագործության եւ նոր դեղատեսակների արտադրությունը հանրապետությունում, ինչպես նաեւ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպումը, որը միտված է ազգաբնակչությանը թմրամիջոցների բացասական ազդեցությունից եւ դրա վնասակար հետեւանքներից զերծ պահելուն՝ կարծում ենք, թր որոշ հարցեր քննարկման կարիք ունեն: Մասնավորապես՝

ա) արդյո՞ք բավարար մեխանիզմներ կան ներմուծված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի միայն գիտական, ուսումնական կամ փորձագիտական նպատակներով օգտագործումը ապահովելու եւ գործընթացը վերահսկելու համար,

բ) հնարավո՞ր է արդյոք գիտական, ուսումնական կամ փորձագիտական նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ներմուծուման հետեւանքով մեծանա վերջիններիս ապօրինի շրջանառության ծավալը՝ առաջացնելով լուրջ սպառնալիքի վտանգ մարդկանց կյանքին եւ առողջությանը,

գ) ինչպե՞ս եւ ի՞նչ եղանակներով են օգտագործվելու թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը ուսումնական նպատակով,

դ) հնարավո՞ր է արդյոք Նախագծի ընդունման դեպքում գիտական, ուսումնական կամ փորձագիտական նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ներմուծման արդյունքում հանրապետությունում գրանցվի թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թվի աճ՝ նախորդող տարիների համեմատ:

Կարծում ենք,  որ վերոնշյալ հարցադրումներով մատնանշված խնդիրները  կարեւոր են, եւ այդ խնդիրների եւ ռիսկերի բացառման համար բավարար հիմքերի առկայությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ գիտական, ուսումնական կամ փորձագիտական նպատակներով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորություն նախատեսելու հետ միաժամանակ անհրաժեշտ է նաեւ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, որպեսզի կանխվի դրանց՝ հատկապես արգելված նյութերի, ապօրինի շրջանառությունը: 

Բացի  այդ, կարծում ենք, Նախագծերի փաթեթը մանրամասն հիմնավորման կարիք ունի կապված՝ այն հանգամանքի հետ, թե ինչպիսի բացասական հետեւանքներ են ի հայտ եկել գիտական, ուսումնական կամ փորձագիտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման հնարավորությունը նախատեսող դրույթներն ուժը կորցրած ճանաչելուց հետո, եւ ինչ դրական ազդեցություն կունենա վերոնշյալ նյութերի այդ նպատակներով օգտագործման հնարավորությունը օրենքով կրկին ամրագրելը, բացի Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված պնդումներից:

2. Գիտական, ուսումնական եւ փորձագիտական նպատակներով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման առնչությամբ նաեւ կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացնում ենք ստորեւ.

Ռուսաստանի Դաշնությունում1 թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների օգտագործումը գիտական եւ կրթական նպատակներով, ինչպես նաեւ  փորձագիտական գործունեության մեջ թույլատրվում է իրավաբանական անձանց՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ նախատեսված գործունեության նշված տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

Էստոնիայի Հանրապետությունում2 հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ներմուծումն ու արտահանումը բժշկական, գիտական եւ կրթական նպատակներով թույլատրվում է: Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը հետազոտական կամ այլ գիտական նպատակներով պետք է հաստատվի Դեղերի պետական գործակալության կողմից: Գիտական եւ կրթական նպատակներով պահեստավորման, տեղափոխման եւ նյութի ոչնչացման կարգը սահմանվում է այդ ոլորտի պատասխանատու նախարարի որոշմամբ: 

Բելառուսի Հանրապետությունում3 թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական եւ կրթական նպատակներով իրականացվում է հատուկ թույլտվություն (լիցենզիա) ունեցող իրավաբանական անձանց կողմից: Թմրամիջոցների օգտագործումը գիտական եւ կրթական նպատակներով թույլատրվում է Բելառուսի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից Բելառուսի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցված թույլտվության հիման վրա` Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:

Լատվիայի Հանրապետությունում4 թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատում է Կառավարությունը՝ առողջապահության նախարարի առաջարկության հիման վրա:  Ցանկ 2-ում ներառվում են վտանգավոր թմրամիջոցները, հոգեմետ նյութերը եւ դրանց պրեկուրսորները, բժշկական ապրանքները, որոնք թույլատրվում են օգտագործել բժշկական եւ գիտական նպատակներով:

Պետական գործակալության կողմից տրված թույլտվության հիման վրա ցանկ 2-ում ներառված թմրամիջոցները, հոգեմետ նյութերը եւ դրանց պրեկուրսորները կարող են օգտագործվել բժշկական եւ գիտական հետազոտությունների, ֆիզիկական եւ քիմիական հատկությունների որոշման կամ կրթական նպատակներով:

Թույլտվություն տալու, կասեցնելու եւ մերժելու, ինչպես նաեւ 2-րդ ցանկում ներառված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների գնման,  պահեստավորման, գրանցման եւ ոչնչացման կարգը սահմանվում է Նախարարների կաբինետի կողմից:

Եզրահանգում

Նախագիծը, մեր կարծիքով, լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք ունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ.՝ 011-513-360)

28.10.2020թ.

--------------------------------------------------------------------------------
1 Տե՛ս http://docs.cntd.ru/document/9056021:
2 Տե՛ս https://www.riigiteataja.ee/akt/12947070?leiaKehtiv:
3 Տե՛ս https://www.pravo.by/document/?guid=12551&p0=H11200408&p1=1:
4 Տե՛ս https://likumi.lv/ta/en/en/id/40283-on-procedures-for-the-legal-trade-of-narcotic-and-psychotropic-substances-and-medicinal-products: