ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ): Նախագծերի փաթեթի ընդունումը հիմնավորվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի եւ սնանկության վարույթի հարաբերակցության կանոնակարգման անհրաժեշտությամբ՝ նպատակ հետապնդելով կանոնակարգելու նշված երկու վարույթների հատման հետեւանքները:  Այսպիսով՝ Նախագծերի փաթեթում ներառված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է կարգավորել ապօրին ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի եւ սնանկության գործերի հարաբերակցությունը:    Միաժամանակ նշենք, որ Նախագծերի փաթեթում ներառված մյուս երկու նախագծերի, այն է՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումն ու նպատակը բացակայում են:

Նախագծերի փաթեթը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

        ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 

30.11.2020թ.
 



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-781-09.11.2020-ՊԻ-011/0),  «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7811 -09.11.2020-ՊԻ-011/0),  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7812 -09.11.2020-ՊԻ-011/0) եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7813 -09.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  օրենքների նախագծերը (այսուհետ միասին նաեւ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.   «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 5-րդ հոդվածում նախատեսված է հետեւյալը. «Օրենքի 27.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել «եռամսյա ժամկետը» բառերը»:

Նշվածի կապակցությամբ հարկ է մեջբերել «Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը, որի համաձայն՝ «Կարգապահական վարույթը կարող է հարուցվել կառավարչի` իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով` ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` մեկ տարվա ժամկետում: Եթե ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է մինչեւ սնանկության գործի ավարտը, ապա սույն կետով նախատեսված եռամսյա ժամկետը հաշվարկվում է սնանկության գործն ավարտվելու պահից (…)»:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում արձանագրել, որ Օրենքի 27.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից «եռամսյա ժամկետ» բառերը հանելու արդյունքում անհասկանալի կդառնա՝ ինչն է հաշվարկվում է սնանկության գործն ավարտվելու պահից:

Ուստի առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 27.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից հանել միայն «եռամսյա» բառը:

2.   Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է. «Օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «գույքն իրացնելու իրավունք» բառերից հետո լրացնել «կամ ապահովված պարտատիրոջ պահանջի քննությունը ենթակա է կասեցման» բառերով»:

Նշվածի կապակցությամբ հարկ է մեջբերել Օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ «Առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին: Վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց եւ պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը: Եթե պահանջի քննության կասեցման հիմքերը վերանալուց հետո կասեցված պահանջը չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա»:

Օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե՝

1)   պարզվում է, որ ապահովված պարտատերը չունի արտադատական կարգով գույքն իրացնելու իրավունք (…)»:

Հարկ ենք համարում արձանագրել՝ Օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից բխում է, որ պահանջի քննության կասեցման պարագայում պահանջի հաստատում դեռեւս կատարված չէ,  մինչդեռ պահանջի հաստատումը եւ գույքի արտադատական կարգով իրացումը փոխկապակցված են միմյանց հետ. պահանջի հաստատված լինելը վերջինիս օրինականության, չափի եւ այլ հանգամանքների հաշվառմամբ, գույքի՝ արտադատական կարգով իրացվելու նախապայման է: Հետեւաբար Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված լրացման արդյունքում ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը մերժելու հիմքերի շարքում ապահովված պարտատիրոջ պահանջի քննության կասեցման ենթակա լինելը ներառելու պարագայում ստացվում է, որ դեռեւս պահանջը հաստատված չլինելու պայմաններում ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը դատարանի կողմից մերժելու հնարավորություն է սահմանվում: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորումից եւս ակնհայտ չէ՝ ինչով է պայմանավորված քննարկվող  լրացման անհրաժեշտությունը: 

Ուստի, վերոգրյալի հաշվառմամբ, առաջարկում ենք լրացուցիչ հիմնավորել Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով Օրենքի 39.2-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված լրացման անհրաժեշտությունը:

3.  Նախագծի 6-րդ հոդվածի մասերի համարները առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն. «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի մասերի տեքստից բաժանմանը:

Միաժամանակ Նախագծի 9-րդ հոդվածում «ը.1» գրելաձեւը առաջարկում ենք փոխարինել «ը.1-ին» գրելաձեւով:

4.  Նախագծի 7-րդ հոդվածում նշված «նշանակում է» բառն առաջարկում ենք փոխարինել «հրավիրում է» բառով՝ հիմք ընդունելով Օրենքում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

5.  Նախագծի 7-րդ հոդվածում նշված «նշանակում է» բառն առաջարկում ենք փոխարինել «հրավիրում է» բառով՝ հիմք ընդունելով Օրենքում կիրառված հասկացությունները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

6.  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված  փոփոխության արդյունքում ուժը կորցրած է  ճանաչվում անձին պատկանող գույքի առնչությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում ֆինանսական տվյալների մատչելիության ապահովման եւ ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկման օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելը: Մինչդեռ Նախագծերի փաթեթից եւ փաթեթին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ նշված փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը, ուստի, կարծում ենք՝ այն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:

7.  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 4-րդ հոդվածում «գույքն արգելանքից ազատելն անհրաժեշտ է» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «բառերով» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով (…)»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Սնանկության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին, ինչպես նաեւ ապահովել նախագծերի վերը քննարկված կարգավորումների համապատասխանությունը իրավական որոշակիության սկզբունքին: Միաժամանակ կարծում ենք, որ  անհրաժեշտ է հիմնավորել Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունն ու նպատակը: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարողներ՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.`  011-513-616)

30.11.2020թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարողներ՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248),

Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Մ. Վասիլյան (հեռ.`  011-513-616)

30.11.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-781-09.11.2020-ՊԻ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7811 -09.11.2020-ՊԻ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7812 -09.11.2020-ՊԻ-011/0) եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-7813 -09.11.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի եւ սնանկության վարույթի հարաբերակցության կանոնակարգման, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված` հարակից մի քանի օրենքներում այս կանոնակարգումներից բխող փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտությամբ:

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

(հեռ.` 011 513-668)

12.11.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-781-09.11.2020-ՊԻ-011/0), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7811 -09.11.2020-ՊԻ-011/0), «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7812 -09.11.2020-ՊԻ-011/0), «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-7813 -09.11.2020-ՊԻ-011/0) օրենքների նախագծերի վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի եւ սնանկության գործերի հարաբերակցությունը եւ հարակից օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-339)

24.11.2020թ.