ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Խ-782-11.11.2020-ՊԻ-012/0): Նախագծով նախատեսվում է քննարկում ծավալել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ուղղությամբ՝ ապահովելով  Ազգային ժողվի մասնակցությունը պատերազմական իրավիճակով պայմանավորված ռազմաքաղաքական եւ իրավաքաղաքական գործընթացներին:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

           ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

20.11.2020թ.
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգայի ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ՝  Խ-782-11.11.2020-ՊԻ-012/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ»: Սահմանադրորեն հստակ նախատեսվում են Ազգային ժողովի կողմից որոշումներ ընդունելու դեպքերը, օրինակ՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը որոշելու (Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մաս), վարչապետին անվստահություն հայտնելու (Սահմանադրության 115-րդ հոդվածի 1-ին մաս), պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու (Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մաս), Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու (Սահմանադրության 141-րդ հոդվածի 3-րդ մաս) կապակցությամբ ընդունվում է Ազգային ժողովի որոշում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Աշխատակարգը, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում եւ կարգով»: Մասնավորապես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով հստակ սահմանված են Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով որոշումներ ընդունելու դեպքերը, օրինակ՝ հարցի քննարկման հատուկ ընթացակարգի (64-րդ հոդված), Ազգային ժողովի նախագահին կամ նրա տեղակալին հետ կանչելու (149-րդ հոդված), Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնլու (53-րդ հոդվածի 2-րդ մաս), հարցի քննարկումը մինչեւ մեկ ժամով ընդմիջելու մասին (63-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ այլն:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից բխում է, որ օրենսդրությամբ, այն է՝ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով միայն, այսինքն՝ հստակ սահմանված դեպքերում Ազգային ժողովը կարող է ընդունել որոշումներ: Հետեւաբար ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափության քննարկումը չեն կարող ձեւակերպվել Ազգային ժողովի որոշման նախագծի շրջանակներում:

  Բացի այդ, նշենք, որ Նախագծում բացակայում է Նախագծի բուն տեքստը, եւ Նախագծի բովանդակությունը նույնությամբ կրկնում է Նախագծի վերնագիրը, ինչը տվյալ պարագայում անհնար է դարձնում Նախագծի քննարկման ընթացակարգը: Այսպես՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա Ազգային ժողովի նիստում հարցերը քննարկվում են հետեւյալ ընթացակարգով՝

1) հիմնական զեկուցում.

2) հարցեր զեկուցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները.

3) հարակից զեկուցումներ.

4) հարցեր յուրաքանչյուր հարակից զեկուցողին, նրանց պատասխանները, հարց տվողի եւ զեկուցողի արձագանքները.

5) մտքերի փոխանակություն.

6) քվեարկություն»: 

Տվյալ պարագայում  հասկանալի չէ, թե Նախագծով սահմանված հարցի քննարկման արդյունքում ինչն է զեկուցվելու, որն է լինելու հարակից զեկուցումը եւ արդյունքում Նախագիծը, որը փաստացի բացակայում է եւ իրենից ներկայացնում է իրավաչափության քննարկում, ինչպես է քվեարկության դրվելու: Այսինքն՝ տվյալ դեպքում ստացվում է Նախագծով սահմանված համապատասխան իրավաչափության քննարկման ավարտից հետո քվեարկության է դրվելու՝ քննարկե՞լ հարցի իրավաչափությունը (ինչը հանդիսանում է Նախագծի բովանդակությունը) թե ոչ, ինչը չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված հարցի քննարկման ընթացակարգի տրամաբանական հաջորդականությանը: 

Միաժամանակ նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումն է»: Հիմք ընդունելով վերը նշված հիմնավորումներն առ այն, որ Նախագծով սահմանված հարցի քննարկումը չի կարող սահմանվել Ազգային ժողովի որոշման շրջանակներում, կարծում  ենք, որ նախագիծը կարող էր շարադրվել ուղերձի կամ հայտարարության տեսքով՝ միաժամանակ սահմանելով բովանդակություն, ինչը հնարավորություն կտար ապահովել հարցի քննարկման՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը (զեկուցում, հարակից զեկուցում, քվեարկություն):

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին: Միաժամանակ, կարծում ենք, որ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա սահմանել Նախագծի բովանդակությունը՝ ինչը հնարավորություն կտա ապահովել հարցի քննարկման՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ   ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

20.11.2020թ.
 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ   ՊԵՏ                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

20.11.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթայինկոդ` Խ-782-11.11.2020-ՊԻ-012/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է քննարկել պատերազմական գործողությունների արդյուքնում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ   
  

(հեռ.` 011 513-668)

14.11.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Խ-782-11.11.2020-ՊԻ-012/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Որոշման նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` որպես խորհրդարանական պետության առաջնային մանդատով օժտված միակ մարմին, ելնելով ներկայիս իրավաքաղաքական եւ ռազմաքաղաքական գործընթացներից, առաջարկում է քննարկում ծավալել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու ուղղությամբ: 

2. Ներկայացված Որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Որոշման նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

18.11.2020թ.