ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Հայաստանի Հանրապեության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-788-30.11.2020-ՏՀ-011/0): «Հայաստանի  Հանրապեության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) նախատեսվում է.

  • հստակեցնել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը, 
  • հստակեցնել հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման հասկացությունը՝ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով իրազեկումը փոխարինելով հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, 
  • կանոնակարգել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը նշված էջում տեղադրելու անհնարինության կամ հարկ վճարողի կողմից իր անձնական էջ մուտք չգործելու դ?պքում վերջիններիս ծանուցման հետ կապված հարաբերությունները,
  • կարգավորել նաեւ, համապատասխան փոփոխությունների հիման վրա, հարկ վճարողի հաշվառման համար չունեցող հարկ վճորողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցելու հետ կապված հարաբերությունները:

Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ համապատասխան փոփոխությունները նպատակ են հետապնդում սահմանել հնարավորինս իրավաչափ լուծումներ, որոնք կապահովեն հարկ վճարողի ծանուցված լինելու, հետեւաբար լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացումը: 

Միաժամանակ նկատենք, որ Սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի մայիսի 12-ի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ Հարկային օրենսգրքի՝  հարկ վճարողների պատշաճ իրազեկումը սոսկ նրա էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելուն վերաբերող համապատասխան դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Ուստի Նախագծով նախատեսված փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը բխում է «Սահմանադրական դատարանի մասին» սահամանադրական օրենքի  66-րդ հոդվածի պահանջներից եւ կոչված է ապահովել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը:

Նախագիծը մասնագիտական  փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ  ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

            ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

22.12.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապեության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-788-30.11.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապեության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ՝ Կ-788-30.11.2020-ՏՀ-011/0) (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում նախատեսվում է հարկ վճարողի պատշաճ ծանուցումն իրականացնել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով,  իսկ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողի անձնական էջում տեղադրելը եւ հարկ վճարողի կողմից համապատասխան անձնական էջ մուտք գործելը բավարար են անձին պատշաճ ծանուցված համարելու համար: Ընդ որում տվյալ կարգավորմամբ հավաստվում է ոչ թե անձի՝ ծանուցվելու հանգամանքը, այլ վերջինիս՝ անձնական էջ մուտք գործելու հանգամանքը:

Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք (…)»:  Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում են մարդու եւ քաղաքացու պատշաճ վարչարարության իրավունքի մաս կազմող` վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, տվյալ անձի՝ իրեն վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, ինչպես նաեւ անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելուց առաջ անձի լսված լինելու իրավունքը: 

Սահմանադրական դատարանը 2020 թվականի մայիսի 12-ի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ հոդվածի 2-րդ նախադասությունն այն մասով, որով հնարավոր է դարձնում հարկ վճարողների պատշաճ իրազեկումը սահմանափակել սոսկ նրա էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելով՝ դրանով պայմանավորելով նաեւ հիշյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելը՝ առանց այն ստանալու մասին հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված` պատշաճ վարչարարության, հատկապես` անձի լսված լինելու իրավունքին հակասող: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ նշել է. «Անձի կողմից պատշաճ ծանուցված լինելու փաստը պետք է հաստատվի հասցեատիրոջ կողմից ցանկացած եղանակով ակտը ստանալու հավաստման միջոցով: Հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ուղարկելը՝ առանց այդ փաստաթղթի մուտքագրումը հավաստող ծանուցագրի ստացման, չի կարող դիտարկվել բավարար պայման, որպեսզի հարկ վճարողը համարվի պատշաճ ծանուցված: Նման եզրահանգման համար հիմք կարող է լինել, մասնավորապես, բազմաթիվ տեխնիկական խնդիրների հետեւանքով հարկ վճարողի կողմից նման ծանուցում չստանալու հավանականությունը»: Սույն դրույթների վերլուծությունից կարող ենք հանգել, որ Սահմանադրական դատարանն անձի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքն ուղղակիորեն կապում է փաստաթղթերի, ակտի ստացման, ստացման մասին հետադարձ հավաստման, կարդալու հետ, եւ էլեկտրոնային ծանուցման համակարգի կիրառման դեպքում՝ առանց համապատասխան ակտերի ստացման մասին հավաստման, զուտ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով ծանուցումը եւ անձնական էջ մուտք գործելու մասին հավաստումը չեն կարող գնահատվել որպես արդյունավետ հարկային վարչարարություն: Այսպիսով, Սահամադրական դատարանն անձի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքի հիմքում դնում է փաստաթղթերը ստանալու եւ դրանց ստացման մասին հավաստման հավանականությունը, ինչը բացակայում է նաեւ Նախագծով նախատեսված կարգավորումներում: Մասնավորապես՝ Նախագծով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական  էջ  զուտ մուտք գործելը եւ տվյալ մուտքի վերաբերյալ հավաստումը չի երաշխավորում հարկ վճարողի  կողմից այդ փաստաթղթի ստացման, հետեւաբար նաեւ ծանոցված լինելու հանգամանքը, ուստիեւ  տվյալ կարգավորմամբ եւս ողջամտորեն չի ապահովվում հարկ վճարողի ծանուցված լինելու, հետեւաբար լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացումը:  Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսված պատշաճ ծանուցմանը վերաբերղ կարգավորումներն ամբողջությամբ չեն արտացոլում Սահմանադրական դատարանի պահանջը, կարծում ենք, օրենսդրական ամրագրում պետք է ստանա ծանուցումը կարդալու, ստանալու կամ հետադարձ կապի մասին նվազագույն հավաստիացման հնարավորությունը: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխությամբ «հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցում» հասկացությունը սահմանվում է որպես «ծանուցում»՝ օգտագործելով հասկացության մեջ սահմանված նույն բառը: Տվյալ դեպքում սահմանման ենթակա հասկացության մեջ նույն հասկացությունը կամ դրանից կազմված բառերը կիրառելը, կարծում ենք, չի բխում հասկացության միանշանակ ընկալումն ապահովելու նպատակից: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության մեջ նշված երկրորդ «ծանուցում» բառը փոխարինել «տեղեկացում», «իրազեկում» կամ «հաղորդում» բառով:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության մեջ «5 աշխատանքային օրյա ժամկետում» բառերն առաջարկում ենք փոխարինել «աշխատանքային հնգօրյա ժամկետում» կամ «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով՝ ապահովել փոփոխվող դրույթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասով նախատեսված նույն հասկացությանը:

Եզրահանգում

Նախագծի՝ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Սահմանադրության 50-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

21.12.2020թ.
 


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ 
 

Կատարող՝  Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248)

21.12.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-788-30.11.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: 

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է հստակեցնել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը, սահմանել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման եղանակը, ինչպես նաեւ դրա հետ կապված հարաբերությունների իրավակարգավորումները: 

2.Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

 ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

16.12.2020թ.


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-788-30.11.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում: 

Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Ներկայացված Նախագծով` ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 64-66 կետերի համաձայն`  պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի կողմից ընդունվում են ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով (մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր):

Էլեկտրոնային համակարգի միջոցով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ընդունումը եւ հաստատումը էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ: Նմանատիպ ծանուցումը`  պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի`  հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումն է, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:

Ներկայացված Նախագծով հստակեցվել են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը «...պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված`  չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ`  էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող` Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթերն են (մասնավորապես`  արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր)», ինչպես նաեւ պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման եղանակը «...հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցումը պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի`  հարկ վճարողների էլեկտրոնային եղանակով ծանուցումն է, որն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով»:

2. Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Եզրահանգում

Ներկայացված Նախագծով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների արդյունքում կհստակեցվեն պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ ծանուցման հետ կապված հարաբերությունները:

Նախագիծը սոցիալ, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.՝ 011-513-235)

09.12.2020թ.