ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-789-30.11.2020-ՏՀ-011/0) (այսուհետ նաեւ` Նախագիծ): 

Նախագծով նախատեսվում է ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային համակարգում վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների իրականացման մեխանիզմ ներդնելու, այն առանց մարկային գործոնի ազդեցության իրականացնելու, վարույթի իրականացման գործընթացում հարկ վճարողների հետ շփումների կրճատման արդյունքում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, առկա աշխատանքային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակներով:

Նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության:

Ստորեւ ներկայացվում են մասնագիտական փորձաքննության եզրակացությունները, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

         ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 
 

23.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-789-30.11.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2442-րդ հոդվածում, այն է՝ ««16918» թվերը փոխարինել «169.18» թվերով (…) »:

Մեջբերվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենսգրքի 16918 -րդ հոդվածում նախատեսված է անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով եւ ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը, իսկ 169.18-րդ հոդվածում՝ հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ է դառնում, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածում նախատեսված վարույթի շրջանակներում քննության ենթակա է հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը: Նշենք, որ 16918 –րդ եւ 169.18-րդ հոդվածներում նախատեսված են տարբեր իրավախախտումներ եւ Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքի 2442-րդ հոդվածում նախատեսված փոփոխությունը միայն հոդվածի համարի գրելաձեւի փոփոխություն չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ լրացուցիչ հիմնավորման կարիք ունի Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում Օրենսգրքի 16918 -րդ հոդվածով նախատեսված իրավախախտման վերաբերյալ գործերը հարկային մարմնի կողմից քննության ենթակա գործերի շրջանակից հանելը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող «Հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական վարույթի առանձնահատկությունները» վերտառությամբ 246.1-ին հոդվածը, կարծում ենք, Օրենսգրքի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է: Ուստի առաջարկում ենք քննարկվող լրացումը կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:

3. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսված է հետեւյալը. «Սույն հոդվածի շրջանակներում վարչական իրավախախտման սուբյեկտը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձն է»: Նշենք, որ Օրենսգրքով սահմանված յուրաքանչյուր իրավախախտման պարագայում տվյալ հոդվածում նշում է կատարված իրավախախտման սուբյեկտի մասին, ուստի նշված հարցը Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի կարգավորման առարկայի շրջանակից դուրս է: Միաժամանակ հարկ է նկատել, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 1-ին մասում թվարկված իրավախախտումների շարքում ներառված են նաեւ հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը, հարկերը, տուրքերը եւ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելը, որոնց պարագայում իրավախախտման սուբյեկտը իրավաբանական անձն է: Ստացվում է, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 1-ին մասում թվարկված իրավախախտումների մի մասի պարագայում իրավախախտման սուբյեկտը հարկ վճարողի պաշտոնատար անձն է, իսկ մյուս մասի պարագայում` իրավաբանական անձը: Նշվածով պայմանավորված` առաջարկում ենք վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսված իրավախախտումների ցանկը: 

4. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 4-րդ մասում նախատեսված է հետեւյալը. «Ծանուցմամբ իրավախախտման սուբյեկտին իրազեկվում է վարչական իրավախախտման կատարման  ժամանակը եւ էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, գործի քննության իրականացման վայրը եւ ժամը, խախտողի կողմից բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու ժամկետները եւ կարգը»:

Հարկ է նկատել, որ խախտողի կողմից բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնելու կարգը Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածում սահմանված իրավակարգավորումներում բացակայում է: Մասնավորապես՝ առաջարկում ենք հստակեցնել, թե արդյոք իրավախախտման սուբյեկտի կողմից բացատրությունները, առարկությունները, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, թե? ոչ:

5. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 5-րդ մասում նախատեսված է հետեւյալը. «Իրավախախտման վարույթի վերաբերյալ իրավախախտման սուբյեկտը ծանուցումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում իրավունք ունի  ներկայացնելու բացատրություններ, առարկություններ, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ»:

Նշենք, որ Օրենսգրքում կիրառվում են «ծանուցվել», «պատշաճ ծանուցված» հասկացությունները, բացի այդ, ծանուցումն ուժի մեջ մտնելու հատուկ գործընթաց առկա չէ: Ուստի,նշվածով պայմանավորված, առաջարկում ենք հստակեցնել «ծանուցումն ուժի մեջ մտնելուց հետո» հասկացությունը՝ հիմք ընդունելով նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»:

Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 15-րդ մասին:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերի համաձայն` «9. Վարույթ իրականացնող պաշտոնատար անձը գործի քննության արդյունքներով ընդունում է սույն օրենսգրքով սահմանված վարչական ակտ:

10. Սույն հոդվածով նախատեսված վարույթի շրջանակներում վարչական ակտն ընդունվում է էլեկտրոնային եղանակով, իսկ այդ ընդունված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձեւի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ»:

Վերոնշյալ իրավակարգավորումների վերաբերյալ նշենք հետեւյալը.

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 54-րդ հոդվածում սահմնաված են վարչական ակտի ձեւերը, որի համաձայն`«1. Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձեւով:

Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր:

Բանավոր վարչական ակտը, ակտի հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով, ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման ինչպես օրենքով նախատեսված դեպքերում, այնպես էլ այն դեպքում, երբ ակտի հասցեատերն ունի արդարացված շահ:

Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին` սույն օրենքով ներկայացվող պահանջները:

3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձեւով (այսուհետ` այլ ձեւի վարչական ակտեր)»:

Նշված իրավադրույթից բխում է, որ ըստ ձեւի տարբերակվում են գրավոր, բանավոր եւ այլ ձեւի վարչական ակտեր:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 246.1-ին հոդվածի 10-րդ մասում նշված էլեկտրոնային եղանակով ընդունվող վարչական ակտը չի կարող համարվել գրավոր վարչական ակտ, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները վերտառությամբ 55-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի համաձայն` «1.Գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետեւյալ պահանջները. 

(…)

բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձեւի եւ նմուշի թղթի վրա »:

Էլեկտրոնային եղանակով ընդունվող վարչական ակտը չի կարող համարվել բանավոր վարչական ակտ, քանի որ վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր միայն օրենքով նախատեսված դեպքերում:

Բացի այդ, էլեկտրոնային եղանակով ընդունվող վարչական ակտը չի կարող համարվել նաեւ այլ ձեւի վարչական ակտ, քանի որ Օրենսգրքով սահմանված է այլ ձեւի վարչական ակտերի ընդունման այլ ընթացակարգ, քան Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 246.1-ին հոդվածով սահմանված ընթացակարգը: Մասնավորապես` 

«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Բանավոր եւ այլ ձեւի վարչական ակտերն ընդունված են համարվում այդ ակտերը հրապարակվելու պահից»:

«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածում սահմանված է «էլեկտրոնային փաստաթուղթ» հասկացությունը, որի համաձայն` «Էլեկտրոնային փաստաթուղթ` տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում եւ պահպանվում է տեղեկատվական համակարգերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.»:

Այսպես` էլեկտորնային եղանակով ընդունվող վարչական ակտը էլեկտրոնային փաստաթուղթ է, որը տեղեկություն է՝ գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտորնային փաստաթուղթ համարվող էլեկտրոնային եղանակով ընդունված վարչական ակտը չի ներառվում այլ ձեւի վարչական ակտերի շարքում, քանի որ այլ ձեւի վարչական ակտերը ընդունված են համարվում այդ ակտերը հրապարակելու պահից, այսինքն` չեն ենթադրում ստորագրություն:

Բացի այդ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի համաձայն` «1. Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին եւ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

2. Լսումներ կարող են չանցկացվել, եթե`

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն.

բ) դիմումն ակնհայտ անհիմն է.

գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ:

3. Լսումներ չեն անցկացվում, եթե`

ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որեւէ վտանգի առաջացման.

բ) ընդունվում է այլ ձեւի վարչական ակտ:

4. Լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում»:

Նշված իրավակարգավորման համաձայն` վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի պարտականությունն է վարույթի մասնակիցներին եւ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքը հստակ նախատեսում է այն դեպքերը, երբ լսումներ չեն անցկացվում: Մասնավորապես՝ այլ ձեւի վարչական ակտի ընդունման դեպքում լսումներ չեն անցկացվում: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 246.1-ին հոդվածում սահմանված իրավակարգավորումները սահմանում են վարչական վարույթի մասնակիցների լսումներին մասնակցելու կանոններ: Հետեւաբար էլեկտրոնային եղանակով ընդունվող վարչական ակտերը չեն կարող համարվել այլ ձեւի վարչական ակտ:

Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծության հիման վրա հարկ ենք համարում նշել, որ էլեկտրոնային եղանակով ընդունվող վարչական ակտը փաստացի չի համարվում գրավոր, բանավոր կամ այլ ձեւի վարչական ակտ եւ էլեկտրոնային եղանակով ընդունվող վարչական ակտին վերաբերելի կանոնները բացակայում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում եւ ոլորտային օրենսդրությունում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք սահմանել քննարկվող կարգավորումները:

Բացի այդ, կարծում ենք հստակեցման կարիք ունի Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր` 246.1-ին հոդվածի 10-րդ մասի` «իսկ այդ ընդունված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձեւի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ» ձեւակերպումը:

6. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 13-րդ մասում նախատեսված է հետեւյալը. «Փաստաթղթերին, ծանուցագրերին եւ վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ»: Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 14-րդ մասի համաձայն. «Փաստաթղթերը, ծանուցագրերը եւ վարչական ակտերը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո 5-րդ օրը»:

Վերոգրյալով նախատեսվում է հարկ վճարողի պատշաճ ծանուցումն իրականացնել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով,  իսկ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ: Նշված դրույթների բովանդակությունից բխում է, որ հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողի անձնական էջում տեղադրելը եւ հարկ վճարողի կողմից համապատասխան անձնական էջ մուտք գործելը բավարար են անձին պատշաճ ծանուցված համարելու համար: Ընդ որում, տվյալ կարգավորմամբ հավաստվում է ոչ թե անձի ծանուցվելու հանգամանքը, այլ` վերջինիս՝ անձնական էջ մուտք գործելու հանգամանքը:

Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք (…)»:  Սահմանադրության «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանվում են մարդու եւ քաղաքացու պատշաճ վարչարարության իրավունքի մաս կազմող` վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, տվյալ անձի՝ իրեն վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, ինչպես նաեւ անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելուց առաջ անձի լսված լինելու իրավունքը: 

Սահմանադրական դատարանը 2020 թվականի մայիսի 12-ի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 66-րդ հոդվածի 2-րդ նախադասությունն այն մասով, որով հնարավոր է դարձնում հարկ վճարողների պատշաճ իրազեկումը սահմանափակել սոսկ նրա էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելով՝ դրանով պայմանավորելով նաեւ հիշյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելը՝ առանց այն ստանալու մասին հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրված` պատշաճ վարչարարության, հատկապես` անձի լսված լինելու իրավունքին հակասող: Մասնավորապես Սահմանադրական դատարանը նշված որոշմամբ նշել է՝ «անձի կողմից պատշաճ ծանուցված լինելու փաստը պետք է հաստատվի հասցեատիրոջ կողմից ցանկացած եղանակով ակտը ստանալու հավաստման միջոցով: Հարկ վճարողներին հարկային մարմնի կողմից պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ուղարկելը՝ առանց այդ փաստաթղթի մուտքագրումը հավաստող ծանուցագրի ստացման, չի կարող դիտարկվել բավարար պայման, որպեսզի հարկ վճարողը համարվի պատշաճ ծանուցված: Նման եզրահանգման համար հիմք կարող է լինել, մասնավորապես, բազմաթիվ տեխնիկական խնդիրների հետեւանքով հարկ վճարողի կողմից նման ծանուցում չստանալու հավանականությունը»: Սույն դրույթների վերլուծությունից կարող ենք հանգել, որ Սահմանադրական դատարանը անձի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը ուղղակիորեն կապում է փաստաթղթերի, ակտի ստացման, ստացման մասին հետադարձ հավաստման, կարդալու հետ, եւ էլեկտրոնային ծանուցման համակարգի կիրառման դեպքում՝ առանց համապատասխան ակտերի ստացման մասին հավաստման, զուտ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով ծանուցումը եւ անձնական էջ մուտք գործելու մասին հավաստումը չեն կարող գնահատվել որպես արդյունավետ հարկային վարչարարություն: Այսպիսով, Սահամադրական դատարանն անձի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքի հիմքում դնում է փաստաթղթերը ստանալու եւ դրանց ստացման մասին հավաստման հավանականությունը, ինչը բացակայում է նաեւ Նախագծով նախատեսված կարգավորումներում: Մասնավորապես Նախագծով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական  էջ  զուտ մուտք գործելը եւ տվյալ մուտքի վերաբերյալ հավաստումը, չի երաշխավորում հարկ վճարողի  կողմից այդ փաստաթղթի ստացման, հետեւաբար նաեւ ծանուցված լինելու հանգամանքը, ուստիեւ  տվյալ կարգավորմամբ եւս ողջամտորեն չի ապահովվում հարկ վճարողի ծանուցված լինելու, հետեւաբար լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացումը:  Հետեւաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսված պատշաճ ծանուցմանը վերաբերղ կարգավորումներն ամբողջությամբ չեն արտացոլում Սահմանադրական դատարանի պահանջը, կարծում ենք, օրենսդրական ամրագրում պետք է ստանա ծանուցումը կարդալու, ստանալու կամ հետադարձ կապի մասին նվազագույն հավաստիացման հնարավորությունը: 

7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքում նոր լրացվող 246.1-ին հոդվածի 16-րդ մասում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի կրճատ անվանումը  հիշատակելիս առաջարկում ենք պահպանել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը»:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծի՝ Սահմանադրությանը եւ օրենքների պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը Սահմանադրության 50-րդ հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

22.12.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
 

Կատարողներ` Կ. Մանուկյան (հեռ.` 011-513-248),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248)

22.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-789-30.11.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է մինչեւ 2023 թվականը ստեղծել վարչական իրավախտումների վերաբերյալ գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ, որը ներայումս իրականացվում է թղթային տարբերակով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների շրջանակներում փաստաթղթերը պետք է ընդունվեն եւ իրավախախտման սուբյեկտին ծանուցվեն էլեկտրոնային եղանակով, որն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրյա ժամկետում հարկ վճարողի կողմից նշված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին:

Նախագծով նախատեսվել է, որ փաստաթղթերին, ծանուցագրերին եւ վարչական ակտերին հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, ինչը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ուղարկվող հաղորդագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու դեպքում՝ հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելուց հետո 5-րդ օրը:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վարչական իրավախախտումների վարույթների իրականացման վարչական ծախսերի կրճատում, վարույթների իրականացում առանց մարդկային գործոնի ազդեցության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում` վարույթի իրականացման գործընթացում հարկ վճարողների հետ շփումների կրճատման արդյունքում:

Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 
 

Կատարող՝   Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343)

08.12.2020թ.



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-789-30.11.2020-ՏՀ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Սոցիալական փորձաքննության արդյունքները

Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1830-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչեւ 2023 թվականը ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ:

Ներկայումս հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթները հարուցվում եւ իրականացվում են  թղթային եղանակով:

Նախագծով նախատեսվում է վերը նշված գործերով վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հիմք ընդունելով Ծրագրի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետի պահանջը:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային  համակարգում ներդնել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների իրականացման մեխանիզմ, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը՝ հարկ վճարողների հետ շփումների կրճատման արդյունքում, կրճատել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներիիրականացման վարչական ծախսերը:

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չի զգում:
 
 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ,ԿՐԹԱԿԱՆ, 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
 

Կատարող`  Ս. Համբարձումյան (հեռ.? 011-513-360)

11.12.2020թ.